«Ա1+». Երևանում ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանը կրեց առաջին պարտությունը՝ սևերով 106-րդ քայլին զիջելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Այդ պարտիային տեղում անձամբ հետևել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Չնայած սայթաքմանը, Մանուել Պետրոսյանը 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են երեք շախմատիստ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արամ Հակոբյանը, որոնք ունեն 4-ական միավոր:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի փորձառու Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, որը 3 միավոր ունի: Սկզբունքային նշանակություն ունի նաև Սամվել Տեր-Սահակյան – Արամ Հակոբյան մրցամարտը:
Կարդացեք նաև
Կանանց առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանն այսօր սևերով ոչ-ոքի խաղաց Նարինե Գասպարյանի հետ ու վաստակած միավորների քանակը հասցրեց 4,5-ի: Նրանից մեկական միավորով հետ են մնում չորս շախմատիստուհի՝ Սուսաննա Գաբոյանը, Ասյա Եդիգարյանը, Արփինե Գրիգորյանն ու Պոլինա Կոբակը:
Հաջորդ՝ 7-րդ տուրում, Մարիա Գևորգյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի հետնապահներից Վերոնիկա Խաչատրյանի հետ: Կենտրոնական պարտիայում Պոլինա Կոբակը սպիտակներով կմրցի Արփինե Գրիգորյանի հետ: