Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերեստրելկան եղավ, 20 հոգով փրկվեցիք, բա չասեցի՞ք, այ հրամանատար, մեր ընկերներն ո՞ւր են: Թողիք փախաք, բա մնացա՞ծը». Զոհվածի հարազատը՝ վկային

Հունվար 18,2023 20:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստն էր։

Այսօր հարցաքննվում էր երկու ամսվա ծառայող, ավագ նշանառու Վլադիմիր Բարսեղյանը։

Հենց սկզբից, երբ դատավոր Ջոն Հայրապետյանը  հարցրեց, թե ում է ճանաչում դահլիճում, վկան նայեց Վահանյանին  եւ ասաց՝ իրան, անունը չեմ ուզում տալ։  Ասաց, որ Խուրհատ սարի մարտական գործողությունների ժամանակ Վահանյանը եղել է շտաբի պետը։ «Վահանյանի հրամանով ենք սար բարձրացել։ Մեղմ ասած՝ զորքին թողել, փախել ա, դրա համար չեմ ուզում անունը տամ»,-ասաց վկան։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 10-ի շրջակայքում ադրբեջանցիները հարձակվեցին իրենց դիրքերի ուղղությամբ․«Ամբողջ երկարությամբ հարձակվեցին։ Վահանյանը հրաման տվեց կրակ բացել։ Մենք  ավտոմատներով էինք, 1-1,5 ժամ մարտ վարեցինք»,-պատմեց նա։ Նշեց, որ իրենց անմիջական վերադասը մարտերի ժամանակ իրենց հետ է եղել, ապա  նահանջել են․«Խառը իջել ենք ներքեւ, հետո ուզել են հելնենք վերեւ, չի ստացվել։  Չգիտեմ՝ հրաման եղել է, թե՝ ոչ, խառը ասում էին՝ հետնահանջ։ Իջել ենք դեպի Հադրութ իջնող ճանապարհով։ Նահանջելու ժամանակ, ըստ վկայի, սպայական կազմից զինվորների հետ են եղել անմիջական հրամանատարներ Ղարիբյանն ու Վազգեն Վարդանյանը։

«Էդ ընթացքում իմացել ենք, որ Վահանյանը փախել է»,-ասաց վկան, սակայն չհստակեցրեց, թե ինչպես կամ կոնկրետ ումից է իմացել։ Ասաց՝  խառը խոսում էին․«  Ասում էին՝ վիրավորներին վերցրել, փախել է։ Ասել էին, որ վիրավորվել է, դրա համար է գնացել։  Բայց էն վիրավորումը չի եղել, որ թողնի գնա։ Ծանր չի եղել։ Տեսել են, որ իր ոտքով է իջնում, իրան չէին իջեցնում»։

Ապա նա պատմեց, որ մեկ այլ սարի վրա հակառակորդը դուրս է եկել նրանց դիմաց ու դիրքավորվել, Վազգեն Վարդանյանը հրաման է տվել դիրքավորվել եւ կրակել։ Հարցին՝ այդ մարտերի ժամանակ զոհեր եղե՞լ են, վկան չկարողացավ հիշել՝ եղե՞լ են զոհեր, թե ոչ։  Ապա հավելեց․«Երեք հոգի մնացել են»։

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը հարցրեց՝ 20 հոգի եք եղել ու 4 սպա, ինչպես կարող էր կանոնավոր նահանջ լիներ ու երեքը մնային, չիմանայիք։ Վկան ասաց՝  չգիտեմ։ Ըստ նրա՝ մարտը տեւել է 6-7 րոպե, հակառակորդն էլ 6-7 հոգով էր։ Հարցին՝ ովքեր էին իր հետ այդ ժամանակ, վկան պատասխանեց․«Էդ պահին շա՞տ ես տեսնում՝ ով որտեղ էր»։

Գրիգորյանը մի փոքր զայրացավ․«20 հոգով 6- 7 թուրքի վրա չկարողացա՞ք, 4 սպան էլ ձեզ հետ»։ Վկան ի պատասխան ասաց՝ զենքերի կեսը աշխատող չի եղել, շատ հին զենքեր էին․ «Իրենց զենքերը շատ լավն էին, դիրքավորված էին, հարմարեցված էին, գռանատ է եղել իրենց մոտ։ Մենք՝ ոչ մի բան»։ Նա ասաց, որ սարը բարձրանալիս  գիտեին, որ զենքը չի աշխատում, սակայն չի զեկուցել, ասաց՝  է, որ զեկուցեինք ինչ օգուտ, մեկ ա՝ չկար․«Մի տասը հատ կրակել է, էլ չի կրակել, քանդել, մաքրել ենք, նորից կրակել»։

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը հարց ուղղեց՝  լսե՞լ եք, որ սպաներ տեղեկություն տան, որ մեր երեք զինվորները մնացել են այսինչ տեղը։ «Չէ, չի եղել»,-պատասխանեց վկան։  Հետո ասաց, որ մեկ-երկու օր հետո խոսակցություններ կային, որ երեք տղաները այնտեղ են մնացել։

Սպաները ասե՞լ են, որ գնում են հետախուզության, այս հարցին էլ ի պատասխան վկան ասաց՝  ես տենց բան չեմ լսել։ Կնկատեի՞ք, եթե այդ չորս սպան թողնեին, գնային, այս հարցին էլ ի պատասխան վկան ասաց՝ կարող է նկատեի, կարող է՝ ոչ։ Ո՞նց է դա հնարավոր, փաստաբանի զարմանքին, վկան ասաց՝ տենց։ Վկայի այս պատասխանը նրան զայրացրեց՝ ձեր թաղում չեք, որ «տենց»-ով պատասխան տաք, ստորագրել եք , որ սուտ ցուցմունք․․․

«Քսան հոգով վեց թուրքի չկարողանայի՞ք սատկացնեիք, ո՞նց»,-վրդովված կրկնեց փաստաբանը։

Դատավորը հստակեցրեց, կան ցուցմունքներ, որ սպաները գնացել են հետախուզություն։ Ընդ որում, միայն վկա Վլադիմիր Բարսեղյանն է այլ ցուցմունք տալիս, մյուսները նույն բանն են ասել։

Զոհվածներից մեկի հարազատը հարց ուղղեց՝  «Պերեստրելկան եղավ, քսան հոգով փրկվեցիք, բա չասեցի՞ք, այ հրամանատար, մեր ընկերներն ո՞ւր են՝, Էդգարը, Սամվելը, Արմանը, ո՞ւր ենք գնում առանց իրանց։ Թողիք փախաք, բա մնացա՞ծը, տղա ջան»։ Վկան չարձագանքեց։

Դատավորն էլ հարցրեց՝ վերջիվերջո, ձեր զորքը, որ ցաքուցրիվ եղավ, ահագին մարդ զոհվեց, գերեվարվեց, ձեր կարծիքով, ո՞ւմ մեղքով դա եղավ:

«Դա սաղիս մեղքն է եղել»,-պատասխանեց վկան։

Հիշեցնենք, Վահանյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի, Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո   հաջողվել է փրկվել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031