Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԱԽ-ն կարևորագույն հարթակ է. Մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք. Արարատ Միրզոյան

Հունվար 18,2023 21:00

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

Հարց (Ծովինար Վարդանյան). Հարցս ուղղում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Պարոն Միրզոյան, վերջերս հայտնի դարձավ, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: Կարող եք նշել, թե ինչ փուլում է գտնվում հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունը, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Բարև Ձեզ, ինչպես իրավացիորեն նշեցիք, հանրահայտ է արդեն, որ վերացվել է երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքը: Ես սա գնահատում եմ որպես բավականին դրական քայլ և էական առաջընթաց մեծ երկխոսության գործընթացում, բայց ինչպես նաև նշեցիք, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն առայժմ ընթանում է:

Եվ մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները, մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում իրականություն կդառնան: Իրականում բավականին երկար ժամանակ է արդեն մեր երկու հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենն արդեն փորձագետների մակարդակում ավելի գործնական քննարկումներ են եղել, հանդիպումներ են եղել: Եվ կրկնում եմ, քայլը դրական է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը, այսպես ձևակերպեմ:

Արձագանք (Ծովինար Վարդանյան). Պարոն Միրզոյան, իսկ մոտակա ժամանակահատվածում նախատեսվում են արդյոք բարձրաստիճան շփումներ երկու երկրների պաշտոնյաների միջև:

Պատասխան (Արարատ Միրզոյան).  Հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին առայժմ նախատեսված չէ, այսինքն պայմանավորվածություն դեռևս չկա: Բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ ես կրկին, ինչպես և անցած տարի, Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Ես կարծում եմ, սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հանգեցնելու համար: Շնորհակալություն:

Հարց (Լիլիթ Մինասյան). Դեկտեմբերի սկզբին հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի իր առաջարկները: Մինչ այս պահը ինչ արձագանք ունենք այս ուղղությամբ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Տիկին Մինասյան, իրավացի եք: Մենք, եթե կհիշեք, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը, ենթադրաբար, պիտի շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Հասկանալի պատճառներով չմասնակցեցինք, բայց, միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին:

Տեղեկացնեմ, որ որպես կանոն այդպես է ընթացել մինչ այժմ գործընթացը՝ նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, ​​ այնուհետև՝ հայկական, այնուհետև՝ ադրբեջանական  առաջարկներ. աշխատանքային պրոցեսն եմ փորձում ներկայացնել: Ենթադրաբար, մինչև այն պահը, որ ամբողջությամբ համաձայնեցված տեքստ հնարավոր կլինի ունենալ:

Եվ, ահա, մենք մեր հերթական առաջարկները և դրանց կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին, և արդեն, կարելի է ասել, մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք: Եվ այստեղ, ըստ այդմ, ես ուզում եմ ընդգծել, որ թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում և, մասնավորապես` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Կրկնում եմ, մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պիտի լինի, որը մինչ այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչ այս պահը, կրկնում եմ, ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում եք սադրիչ գործողությունները և՛ Լաչինի միջանցքում, և՛ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումն Ադրբեջանի կողմից:

Արձագանք (Լիլիթ Մինասյան). Շնորհակալություն տեղեկության համար: Եվ երկրորդ հարցս: Վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԵՄ-ի կողմից Հայաստան է ուղարկվելու նոր երկարաժամկետ առաքելություն: Կխնդրեմ նաև մանրամասներ հայտնել այս ուղղությամբ: Շնորհակալություն:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Նախ ես ուզում եմ կրկին անգամ առիթն օգտագործել և հայկական կողմի գնահատանքը հնչեցնել ԵՄ նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: Ուզում եմ ասել, որ այս առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում:

Կարծում եմ, ավելորդ է նույնիսկ նշել, որ մենք նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող և կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ, մենք դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե ԵՄ կողմից այդպիսի որոշում ընդունվի, և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ:

Հարց (Լիլիթ Ստեփանյան). Պարոն Միրզոյան, հարցս Ձեզ եմ ուղղում: Ինչպես գիտենք, երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ նախաձեռնվեց ՀՀ խնդրանքով, և որի ընթացքում մենք՝ այսինքն հայկական կողմը, ներկայացրեց մեր հիմնական խնդիրները, որոնք վերաբերվում էին Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ինչպես նաև՝  Հայաստան և Ադրբեջան հարաբերություններին: Կխնդրեի մանրամասներ ներկայացնել նիստի քննարկումից, ինչ արձագանքներ գտան Ձեր կողմից բարձրաձայնված դիրքորոշումները:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Այո, երեկ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել Խորհրդի հատուկ նիստ մեր նախաձեռնությամբ, մեր խնդրանքով, և այնտեղ նախ ես եմ հանդես եկել զեկուցմամբ, ելույթով և ապա մյուս անդամ երկրները կամ կազմակերպություններն են դիրքորոշում արտահայտել: Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ:

Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակնհայտ էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում և՛ ում կողմից ինչ է խախտվել, այդ թվում և՛ ում կողմից ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որոնք խախտվել են, ովքեր են խախտել և ինչպիսի պարտավորություններ կան, որոնք պիտի իրականացվեն, բայց չեն իրականացվում: Կրկնում եմ, հստակ գիտակցում կա և ոչ միայն ԵԱՀԿ-ում: Դուք դա կարող եք տեսնել նաև առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներից, և կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու:

Արձագանք (Լիլիթ Ստեփանյան). Շնորհակալություն տեղեկության համար, և շարունակելով միջազգային հարթակներում ՀՀ հիմնախնդիրների բարձրացման թեման՝ կխնդրեի ներկայացնեք, պարոն Միրզոյան, թե ՄԱԿ-ի ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում: Ինչպես բոլորս հիշում ենք, նախորդ տարվա վերջին ՀՀ խնդրանքով ՄԱԿ ԱԽ-ում դարձյալ մեծ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում դարձյալ մեծ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում ծավալվեցին և քննարկվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ինչ ակնկալել այդ հարթակից: Եվ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Դուք վերջերս հեռախոսազրույց եք ունեցել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ և կարևորել և շեշտադրել եք միջազգային առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ: Քանի որ Դուք անձամբ եք ներգրավված այս գործընթացում և ավելի մոտ եք կանգնած միջազգային գործընկերների տրամադրվածություններին և տրամադրություններին, կցանկանայի կիսվեիք մեզ հետ, թե ինչ նախադրյալներ կան, կամ ինչ պայմաններ են ստեղծվել, որպեսզի մենք ակնկալենք ինչ-որ բան կամ սին հույսեր չունենանք:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ: Եթե կհիշեք, դեռևս սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացնելուց հետո ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցան առաջին քննարկումները՝ բավական երկար տարիների ընդմիջումից հետո: Եվ այժմ, ահա, Լաչինի միջանցքի փակումից հետո և Լեռնային Ղարաբաղի բլոկադայից հետո մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ ԱԽ-ում: Եթե ճիշտ եմ հիշում, դեկտեմբերի 20-ին սկսվեցին այդ քննարկումները: Նաև հրապարակային դիրքորոշումներ կրկին ԱԽ անդամ-երկրները հայտնեցին, և յուրաքանչյուր ոք աշխարհում կարող է կոնկրետ երկրների դիրքորոշումների և դրանց նրբությունների մասին տեղեկանալ: Տեսագրությունները կան. դա հեռարձակվել է կենդանի ռեժիմով:

Եվ ուզում եմ տեղեկացնել նաև, որ փաստաթուղթ էր շրջանառվում: Ցավոք, փաստաթուղթն ընդունել հնարավոր չեղավ. դա պետք է լիներ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն: Այն ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով: Բայց աշխատանքները շարունակվում են: ՄԱԿ ԱԽ կարևորագույն հարթակ է: Կարծում եմ յուրաքանչյուր ոք կարող է գիտակցել դրա կարևորությունը: Եվ մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Ըստ սահմանումի, «աշխատանք» կը կոչուի մի բան, որ տարրական արտադրանք մը ունի:

    Զուր ու ապարդիւն շարժումները, կը կոչուին՝ ժամանց: Կամ էլ՝ ժամավաճառութիւն: Իսկ մաքուր հայերէնով, զուտ գրաբարեան ուղղագրութեամբ՝ պօշկէզէնութիւն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031