Արտակարգ իրավիճակների ՔՊ-ական նախարար Արմեն Փամբուխչյանը համերաշխ է Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշման հետ, որ ապրիլ-մայիս ամսից, նախարարությունների միավորման արդյունքում, ինքն այլեւս կորցնելու է նախարարի իր պորտֆելը: Միավորված նախարարությունը ղեկավարելու է ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Փոխնախարարների շարքում էլ Արմեն Փամբուխչյանն ընդգրկված չէ:
Այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Արմեն Փամբուխչյանն ասաց, որ նեղանալը «քաղաքական կատեգորիա» չէ ու հայտարարեց, որ ամեն ինչ որոշվել է քննարկումների ու փոխհամաձայնությունների արդյունքում:
Հարցին՝ իսկ Ձեզ պաշտոն առաջարկելո՞ւ են, նա պատասխանեց, որ առաջնորդվում է ներկայով. դեռ չորս ամիս զբաղեցնելու է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, դրանից հետո՝ պարզ կլինի. «Խոստացել են-չեն խոստացել. ոչինչ ոչ մեկս ոչ մեկին չենք խոստացել: Մենք շարժվում ենք այսօրվա օրով եւ այսօրվա օրով, ես, բացառությամբ Փրկարար ծառայության, շարունակում եմ ղեկավարել ԱԻՆ-ը»:
Արմեն Փամբուխչյանը պնդում է, որ այս միավորումով ԱԻՆ-ը չի փլուզվում-քանդվում, այլ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները անցնելու են ՆԳՆ համակարգ, ինչի համար էլ նախատեսված է անցումային չորս ամիսը: Թե ի՞նչ չափի կրճատումներ կլինեն, Արմեն Փամբուխչյանը դժվարացավ ասել: Միայն ասաց, որ ստորաբաժանումները պետք է չկրկնվեն, որովհետեւ թե ոստիկանությունը, թե ԱԻՆ-ը, թե Փրկարար ծառայությունն ունեն օրինակ կադրային, ֆինանսական վարչություններ, որոնք հաստատ կրճատվելու են:
Կարդացեք նաև
Անկախ ամեն ինչից, Արմեն Փամբուխչյանը չի պատրաստվում քաղաքական գործունեությունը դադարեցնել: Նա շարունակելու է մնալ ՔՊ վարչության անդամ:
Իսկ երեկ երեկոյան տեղի ունեցած ՔՊ վարչության նիստի ժամանակ, ըստ Արմեն Փամբուխչյանի, քննարկվել են միայն ներկուսակցական հարցեր, այլ հարցերի, այդ թվում Բերձորի միջանցքի հետ կապված, քննարկումներ չեն եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ