Օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ փոփոխություններ են իրականացվել ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրություններում: Նոր փոփոխությունների համաձայն՝ Հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլվում է Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ՝ ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Հայկական Փի Ար ասոցիացիան՝ որպես Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն, իր խորին մտահոգությունն է հայտնում վարչապետի սույն որոշման վերաբերյալ: Այս որոշումն, ըստ էության, զրկում է մարզպետարաններին տեղեկատվական քաղաքականության մշակման և իրականացման գործիքակազմից: Հասարակայնության հետ կապերի բաժինն այն միակ ստորաբաժանումն է, որը պետական մակարդակով ապահովում է մարզերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության մշակումն ու հանրային հասանելիությունը:
Փաստացի Հայաստանի դեմ շարունակաբար իրականացվող ռազմական հարձակումների, իրավիճակի սրացումների համատեքստում տեղական ինքնակառավարման մարմիններին խիստ անհրաժեշտ է մասնագիտական ստորաբաժանում, որը կապահովի ԶԼՄ-ների հետ աշխատանքն ու ճշգրիտ տեղեկատվության տարածումը՝ կանխելով ապատեղեկատվությունն ու դրա տարածումից ստացած վնասը:
Իր գործունեության բնույթով Հասարակայնության հետ կապերի բաժինը որևէ ֆունկցիոնալ-կիրառական աղերս չունի Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ, որոնք իրականացնում են կադրային քաղաքականության և փաստաթղթաշրջանառության գործառույթ: Այսպիսով, մեկ ոլորտի մասնագետը չի կարող վարչության պետի պաշտոնում գործառնական առումով իրականացնել միմյանցից խիստ տարբերվող այս երեք բաժինների գործառույթները: Բացի այդ, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը համատեղությամբ նաև մարզպետի մամուլի խոսնակն է, ով նաև ապահովում է ԶԼՄ-ների հետ աշխատանքը։ Այս պարագայում արդեն պարզ չէ, թե ով է լինելու ԶԼՄ-ների հետ կապի ապահովման և տեղեկատվության տրամադրման ուղղակի պատասխանատուն:
Կարդացեք նաև
Հանրային կապերի մասնագետների գործառույթը հասարակության տարբեր շերտերի հետ հաղորդակցություն իրականացնելն է՝ տեղեկատվության մշակման, ուղերձների ձևակերպման, հանրային կարծիքի ուսումնասիրման, ԶԼՄ-ների հետ հարաբերությունների ձևավորման գործիքների կիրառմամբ և հետադարձ կապի ապահովմամբ:
Ամբողջ աշխարհում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց առավել պահանջված և խիստ անհրաժեշտ է դառնում հաղորդակցման մասնագետների աշխատանքը: Սակայն, ՀՀ վարչապետն իր որոշմամբ, ըստ էության, թուլացնում է տարածքային կառավարման մարմինների՝ հասարակության հետ հաղորդակցման, իրազեկման հնարավորությունները:
Հայկական Փի Ար ասոցիացիան առաջարկում է նման որոշումների կայացումը քննարկել մասնագիտական համայնքի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ, որպեսզի պետական մակարդակով մասնագիտական ոլորտին առնչվող որոշումները ծառայեն բացառապես ոլորտի զարգացմանը, այլ ոչ՝ հետընթացին:
Հայկական Փի Ար ասոցիացիան պատրաստ է հանձնառել մասնագիտական քննարկումների գործընթացի կազմակերպումը:
Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։
Հայկական Փի Ար ասոցիացիան միավորում է հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և կազմակերպություններին, նպաստում է նրանց կրթմանն ու վերապատրաստմանը։ Իրականացնում է ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, նպաստում հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը։
Հայկական Փի Ար ասոցիացիայի գրասենյակ