Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու Բուլվարային թաղամասում ևս էլիտար շենքեր կկառուցվեն․ բնակարանաշինական բում է սկսվում

Հունվար 18,2023 19:50

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ում բնակվող մի հայ ներդրող ցանկություն է հայտնել բազմաբնակարան շենքեր կառուցել ու Գյումրու Բուլվարային թաղամասում։ Գյումրու քաղաքային իշխանություններն էլ առաջարկել են մասնակցել աճուրդի՝ հողատարածքը ձեռք բերելու նպատակով։

Ըստ քաղաքապետի, Գյումրիում այս ոլորտը սկսել է մեծ հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար․ այս պահին շինարարություն է ընթանում Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Գարեգին Նժդեհի անվան փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց։ Այստեղ էլիտար թաղամասեր են կառուցվում երկու տարբեր շինարարական ընկերությունների կողմից։

Բացի այդ, ըստ քաղաքապետի, Անի թաղամասի հարևանությամբ կառուցվելու է ամերիկյան ծրագրով թաղամաս։

«Այս պահին Գարեգին նժդեհ փողոցի հարևանությամբ մի կազմակերպություն 300-ից ավել բնակարաններով բազմաբնակարան շենք է կառուցում։ Բնակարանները տրամադրվում են եկամտահարկով։ Սա շահագրգռող միջոց է, շատերն են հետաքրքրված բնակարաններ ձեռք բերելու։

Մի նոր բնակարանաշինական ծրագիր էլ սկսվել է Անի թաղամասի հարևանությամբ՝ ամերիկյան նախագծով, երկհարկանի։ Մոտավորապես 60 բնակարանի մասին է խոսքը, սա էլ շինարարական ընթացքի մեջ է», ասում է Վարդգես Սամսոնյանը։

Քաղաքապետը ոգևորված է այս փաստից,ըստ նրա, կառավարությունը ԲԳՎ-ներ՝ բնակարանների գնման վկայագրեր է տրամադրելու անօթևաններին, մինչև 2027 թվականը պիտի լուծվի նրանց բնակարանային խնդիրը, իսկ քաղաքը բնակարանային ֆոնդ չունի։ Եթե այս շենքերը կառուցվեն, մարդիկ ընտրության հնարավորություն կունենան։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ հավելեց, որ Բուլվարային թաղամասից բացի քաղաքի այլ հատվածներում ևս բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն հայտնողներ կան։ Ըստ նրա, բնակարանաշինական բում է սկսվում Գյումրիում, այն մայրաքաղաքից տեղափոխվել է հանրապետության երկրորդ քաղաք։

«Բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն են հայտնել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ Երևանից, Գյումրիից։ Բումը տեղափոխվում է Գյումրի։ Երևանում եկամտահարկով բնակարան ձեռք բերելու առավելությունը հանվում է, իսկ Գյումրիում գործելու է։ Դրանով է պայմանավորված մեծ հետաքրքրությունը։

Շենքեր սարքողները միշտ բարձրահարկանիներին են կողմնակից, բայց Գյումրիում դա խնդիր է, երկրաշարժի գոտի է։ Մեր քաղաքի կառուցապատումը հիմնականում չորս հարկով է սահմանափակվում, հնարավոր է քննարկենք, 5-6-7 հարկերի վրա կանգ առնենք։

18-20 հարկը բացառված է, իսկ մենք նման առաջարկներ ստացել ենք։

Բուլվարային թաղամասը մինչև երկրաշարժը կառուցապատված թաղամաս էր, երկրաշարժից հետո շենքերի կեսը փլվեց, կեսը մնաց, խառնիխուռն պատկեր է ստեղծվել՝ կիսավթարային ու նոր սարքած կառույցներով։ Հիմա մենք ուզում ենք, որ Բուլվարային թաղամասում նոր կառուցապատում մտցնելով՝ այն դարձնենք նորմալ վայր՝ իր ենթակառուցվածքներով։

Մուշ, Անի թաղամասերն արբանյակային են դառնում, նորմալ, գործող թաղամասեր են, իսկ Բուլվարայինը իր սոցիալական վիճակով ու դեմոգրաֆիական կազմով հետ է մնացել, պիտի կարգի բերենք։

Ներդրողը եկել է, բանակցություններ ենք վարում, դեռ հայտնի չէ՝ քանի շենք կուզի կառուցել՝ մեկ, թե տաս շենք, նախագիծ կմշակենք, պարզ կլինի քանի շենք, քանի հարկանի։ Ներդրողը հայ է, բնակարանաշինության ոլորտում է, գործունեություն է ծավալում Ռուսաստանի մի քանի քաղաքներում՝ Մոսկվայում, Կալուգայում, Տուլայում։

Բացի Բուլվարային թաղամասից, շատ ուրիշ տարածքներ կան, որտեղ ներդրումներ անելու ցանկություն ունեցողներ կան՝ և՛ Տեքստիլի տարածքն է, և՛ Շարա-Տալյան փողոցի, և՛ Ղանադիլյան և՛ Օզանյան փողոցների վրա, ինչպես նաև Չուլոշնու տարածքում»,-ասաց ճարտարապետը։

Մեր դիտարկմանը, թե ինչ կտա՞ այս բնակարանաշինությունը շարքային գյումրեցիներին, երբ բնակարանների մեկ քառակուսի մետրը մայրաքաղաքային գներով են վաճառում, բավական թանկ են գործազուրկների քաղաք համարվող Գյումրիում, ճարտարապետն ասաց․ «Թանկ ու էժանը մի քիչ հարաբերական է, ես կասեի՝ այդ բնակարանները հաստատուն եկամուտ ունեցողների համար է»։

Գյումրու Անի թաղամասի հարևանությամբ էլ պատրաստվում են Ամերիկյան թաղամաս կառուցել, որտեղ սեփական տներից բացի նաև երեք հարկանի շենքեր են կառուցելու։

Ճարտարապետը տեղեկացրեց, որ նոր է սկսվելու շինարարությունը, 2-3 հարկանի համակցված շենքեր են լինելու՝ 4-6 բնակարաններով, ոչ թե քոթեջային առանձնատներ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031