Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը».11 մլն եվրո Սյունիքին

Հունվար 18,2023 18:44

Հունվարի 18-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպան Պավել Չեպլակը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Երևանում Ավստրիայի զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրան, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընը հայտարարեցին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

«Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետություններից՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը մեկտեղել են իրենց ջանքերը հանուն Սյունիքում փոխակերպող ազդեցության», – իր խոսքում ընդգծել է դեսպան Վիկտորինը։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համահունչ է ՀՀ Կառավարության կողմից սահմանված՝ Սյունիքի մարզի զարգացման, ինչպես նաև՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես նպաստելով՝
միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը,
քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը,
տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»,-իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

«Մեկ միասնական եվրոպական ձայնով հանդես գալով՝ «Թիմ Եվրոպա» մոտեցումը գործընկերության և միաբանության վերաբերյալ հստակ ուղերձ է ուղարկում՝ աշխատելու միասին կառուցելու կանաչ, արդար, կայուն և ներառական հասարակություններ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային զարգացման կարիքները։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունները, Եվրոպական միության նոր «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և Տնտեսական և ներդրումային պլանի հետ միասին ԵՄ երկարաժամկետ արձագանքն են հարափոխ աշխարհաքաղաքական իրողություններին, երբ նոր մարտահրավերների լուծումները պահանջում են ջանքերի մեկտեղում և համատեղ գործողություններ», – իր ելույթում ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընը։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ավարտին ստորագրվեցին նախաձեռնության շրջանակում իրականացվելիք երկու ծրագրերի պայմանագրեր։
«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման համագործակցության կողմից, ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ 60 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023թ. հունվարին։
«Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում, «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023 թ․ փետրվարին։
«Շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնությանն աջակցող բոլոր երկրներին և կազմակերպություններին, որոնք նախորդ տարվա ընթացքում այցելել են Սյունիք և պատրաստակամություն հայտնել ներդրում կատարելու հանուն Սյունիքի մարզի զարգացման։ Հատկապես դժվարին ու մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում և այն բարդ իրավիճակում, որում հայտնվել է Սյունիքը, նման միջազգային խոշորածավալ ծրագրերն ու ներդրումները լուրջ ազդակ են մեր մարզի բնակչության համար՝ ապագայի հանդեպ հույսի ու լավատեսության համար», – իր խոսքում նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել