«44-օրյա պատերազմի ընթացքում մենք բազմաթիվ դեպքերի ականատես եղանք, երբ քաղաքացիները, այդ թվում՝ մեդիա մասնագետները, լրագրողները այնպիսի բովանդակություն էին տարածում, որը ոչ միայն վտանգավոր էր քաղաքացիների առողջությանը եւ կյանքին, այլ կարող էր նաեւ պետության, պետական անվտանգության խնդիր առաջացնել: Խոսքը սոցցանցերում եւ մեդիաոլորտում բովանդակության տարածման մասին է»,- այսպիսի ձեւակերպմամբ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց փորձեց ուղղել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» փոփոխությունների նախագծի մասին:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ օրենքը փոփոխության կարիք ուներ. «Նախագիծը պատրաստ է, բայց նաեւ լայն քննարկումներ են տեղի ունենալու, բայց մտահոգությունները, որոնք համացանցում առկա են, հիմնավոր չեն: Շատերը կարծում են, որ կարգավորումներ են դրվում, որով ռազմական դրության պայմաններում միանգամից արգելանքներ են դրվում: Ամենեւին ոչ, ուղղակի գործադիրին հնարավորություն է ընձեռնվում անհրաժեշտության դեպքում արգելափակել կոնկրետ ինտերնետային հավելված, կամ կոնկրետ լոկացիայի հասանելիություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ