Օրեր առաջ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հայտարարել էր, որ ցողունային բջիջների փոխպատվաստման խիստ կարիք ունեցող Գերմանացի հիվանդ երեխան, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, կարող է կորցնել համատեղելի դոնորից փոխպատվաստում ստանալու հնարավորությունը։
Չնայած Արցախը դեռ գտնվում է շրջափակման մեջ, և թվում էր, թե արյան նմուշների տեղափոխումը Արցախից Հայաստան անհնար կլինի կազմակերպել։ Ռեեստրի կամավոր դոնորը Արցախում առանց վարանելու հանձնեց արյան նմուշներ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց համընկման դեպքում նվիրաբերել իր ցողունային բջիջները՝ օգնելու փրկել Գերմանիայում ծանր հիվանդությամբ տառապող հիվանդի կյանքը։
Արցախի հանրապետության Առողջապահության նախարարության, Միջազգային Կարմիր Խաչի և մի շարք անհատների ջանքերի շնորհիվ այսօր հաջողվեց դոնորական արյան նմուշները տեղափոխել Երևան, Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն ունեցան և աջակցեցին այս մարդասիրական գործընթացի իրականացմանը։
Կարդացեք նաև
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 33.500 դոնոր, համընկնող ավելի քան 9000 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր