Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ընդդիմադիր խմբակցությունները դարձյալ չեն մասնակցում:
ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարցրեց. «Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ միջազգային փորձագետները կանխատեսում են հավանական էսկալացիա: Մեր միջազգային գործընկերներն ու միջազգային կազմակերպություններն ինչպե՞ս են անդրադարձել հատկապես այն հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահն է ասում՝ 2023-ին Սյունիքով միջանցքը կտրելու ենք: Ունե՞ն այնպիսի գործիքակազմ, որ կանխեն հավանական էսկալացիան, կամ աջակցեն այդ հարցով մեզ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ: Նաեւ ԱԳ նախարարն է վերադարձել աշխատանքային այցից, մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը իրավիճակի նկատմամբ ավելանում է, մեծանում է: Այդ հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն եւ այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»:
Ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունը ընկալում է, որ եւ Լաչինի միջանցքի իրավիճակը, ե՛ւ այդ հայտարարությունները խախտում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները. «Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային եւ քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է: Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվություն, նույն կերպ պատրաստ ենք շարունակել: Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չի Ադրբեջանի նպատակը, որ նաեւ այդ կարգի սադրիչ հայտարարություններով ու մեր հնարավոր արձագանքներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը: Մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, այն է՝ ակտիվ միջազգային դիվանագիտությունը եւ երկրի ներսում պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների, խաղաղության օրակարգից չշեղվելն ու չհրաժարվելը: Դա պետք է լինի մեր արձագանքը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ ռուսական տարբերակով: Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքեց, որ Պրահայում արդեն Փաշինյանը ձեռք բերել այլ պայմանավորվածություն ու Պրահայից հետո Հայաստանն ուզում է, որ մենք հաստատենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մեր առաջարկը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ