«Ազատություն». Հայաստանն ավելի քան 4000 եվրո կփոխհատուցի 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորված Արարատ Խանդոյանին, որը 3,5 տարի բանտում է անցկացրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գործերի ցանկից հանել է «Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որովհետև կողմերը հաշտեցման են գնացել։
Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է՝ սա նշանակում է՝ պետությունն ընդունել է, որ իր դատարաններն անհիմն են կալանավորել Խանդոյանին։
«Դրական է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունում է, որ խախտում է իրականացվում և այդ որոշման արդյունքում Հայաստանի վրայից այդ գործերը դուրս են գալիս, բայց ի վերջո պետական բյուջեից գումարներ են գնում, որը շատ ցավալի է», – ասաց փաստաբանը:
Հայաստանյան դատարանները վճռել էին, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ ի պաշտպանություն գունդը գրաված «Սասնա ծռերի» կազմակերպված հավաքներից մեկի ժամանակ Արարատ Խանդոյանը բռնության է ենթարկել ոստիկանին։ Փաստաբան Ղարագյոզյանը դիմել էր դատարան՝ Խանդոյանի խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով։ Մեղադրանքն էլ անհիմն համարել։ Բոլոր միջնորդությունները մերժվել են, ինչից հետո Ղարագյոզյանը միջազգային դատարան է դիմել։
Կարդացեք նաև
Փաստաբանն ասում է՝ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել Խանդոյանին առանց հիմնավոր պատճառի անազատության մեջ պահելու մասով։ Նրա կարծիքով՝ միջազգային դատարանի այս վճռից հետո հայաստանյան ատյաններում որոշում կայացրած բոլոր՝ հատկապես առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով Արդարադատության նախարարությունը պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ։
«Ես պահանջում եմ, որ Մնացական Մարտիրոսյանի հարցը պետք է քննարկվի, այլևս նման դատավորներ պետք է չլինեն համակարգում, որ նմանատիպ ապօրինի որոշումների արդյունքում հայաստանի Հանրապետությունը կանգնում է վատթարացման վիճակի և ֆինանսական կորուստների առջև», – ասաց Արա Ղարագյոզյանը:
Նարինե ՂԱԼԵՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: