Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար այս հանցագործությունը բացահայտված է, դրա պատվիրատուն և իրականացնողը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչներն են»․ Էդգար Ղազարյանն՝ իր ծեծի մասին

Հունվար 18,2023 17:11

«Համակարգային ճնշում է իրականացվել իմ նկատմամբ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իրեն ծեծի ենթարկելուն։

Նա պնդեց՝ դա կապված է իր հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Էդգար Ղազարյանը զգուշացրեց՝ այս թիրախում կարող են հայտնվել այլ քաղաքական գործիչներ․ «Սրա նպատակն է ոչ միայն ինձ ցավ պատճառել, այլ հանրային բռնաճնշումների մթնոլորտ ստեղծելու չար նպատակ ունի»։

Ըստ նրա՝ նման բռնություններն իրագործողներին չեն բացահայտում պատվիրատուներին չբացահայտելու համար․ «Յուրաքանչյուրս էլ ողջամիտ մարդիկ ենք։ Տարբեր հանցագործությունների, սպանությունների դեպքում միանգամից փորձում են ողջամիտ վարկած ձևավորել։ Իմ նկատմամբ բռնության դեպքում ցանկացած խելամիտ մարդ, որ լսում է, իր առաջնային վարկածն այն է, որ դա պայմանավորված է հասարակական, քաղաքական գործունեության, իմ՝ ընդդիմադիր հայացքներով։ Ես վարույթն իրականացնող մարմնին միջնորդություններ եմ ներկայացրել՝ 17 միջնորդություն, որոնք բոլորն էլ մերժվել են։ Ես նրանց ներկայացրել եմ, որ իմ կասկածներով՝ հնարավոր պատվիրատուն կարող է լինել Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատը»։

Էդգար Ղազարյանն ասաց, որ նաև դիմել է, որպեսզի իրեն անվտանգություն տրամադրեն․ «Ասում եմ՝ պետական պարգևով պարգևատրված մարդ եմ, բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, իմ ինքնապաշտպանության նպատակով ինձ ատրճանակ տվեք։ Էլի մերժում են։ Ես հիմա որսորդական հրացան ունեմ։ Բայց հո դրանով դրսում ման չե՞մ գալու։ Գոնե Էդմոն Մարուքյանին, որն ասում է, որ զինված է, ով մոտեցավ, մի մագազին շարելու է վրան, նրան տրամադրեն, նա զբաղվեր իմ անվտանգությամբ, դա էլ չեղավ»։

Էդգար Ղազարյանը հայտնեց՝ վարույթն իրականացնող մարմնին ասել է, որ իրենք բռնության տեսանյութը հրապարակեն, բայց չեն արել։ Նաև նշեց, որ Քննչական կոմիտեի կայքում բաժին կա, որտեղ տեսանյութերն են տեղադրում և քաղաքացիներին ասում, որ եթե հանցագործներին ճանաչում են, իրենց հայտնեն։ Դա էլ չեն արել։ Հետո էլ նշեց․ «Խնդրել եմ՝ Նիկոլ Փաշինյանի հետ առերեսում կազմակերպել, որը կարող է բացահայտել նաև այլ հանցագործություններ, որ իրականացրել է իր պաշտոնավարման շրջանում։ Չեն հրավիրում այդ առերեսմանը։ Ոստիկանության կայքում այդ դեպքի մասին ոչինչ չկա։ Ասում եմ՝ հնարավոր է, որ հանցանքը իրագործողները «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամներն են, որոնց պարագլուխն իր հայտարարություններից հետո ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլ վեց ամսում նշանակվել է վարչապետին առընթեր վերահսկողության ծառայության աշխատակից, ԱԺ նախագահի օգնական, հիմա էլ արտակարգ իրավիճակների նախարարի օգնական։ Առաջարկել եմ առգրավել վարչապետի՝ այդ օրվա խոսակցությունները։ Կարող է այդ օրվա խոսակցությունները դնենք, լսենք, պարզվի ամեն բան։ Կարող է տեսնենք, որ ոչ մեկին չի ասել, որ գնացեք, գլուխը ջարդեք»։

Ամփոփելով՝ Էդգար Ղազարյանն ասաց․ «Այս թեմային ես ոչ մի իմաստով այլևս չեմ անդրադառնալու։ Այսինքն՝ այս խնդիրն, ըստ էության, ինձ համար լուծված է։ Հանցագործության՝ չբացահայտված լինելը հենց դրա բացահայտման ապացույցն է։ Եթե այս հանցագործության պատվիրատուներն իշխանության ներկայացուցիչները չլինեին, ինչը շարունակում եմ պնդել, որ դա Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատի անդամներն են, այս հանցագործությունը ժամերի ընթացքում կբացահայտվեր։ Ինձ համար այս հանցագործությունը բացահայտված է, դրա պատվիրատուն և իրականացնողը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչներն են։ Եթե դա այդպես չէ, դրա միակ ցուցիչն այդ հանցագործության բացահայտումն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031