Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր խաղացողներն իրենց դիրքերը ամրապնդում են տարածաշրջանում, Հայաստանից սպասվում է ինտենսիվ արտաքին քաղաքականություն»

Հունվար 18,2023 16:31

Փոքր և սահմանափակ ռեսուրսներով երկրներն իրենց շուրջ ընթացող ցանկացած իրադարձություն պետք է երկրի համար «հնարավորության» վերածեն. ստանան առավելագույն արդյունք՝ սեփական ռեսուրսների նվազագույն օգտագործմամբ: Սա այն է, ինչը չի արվել և առավել ևս չի արվում այսօր։

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնող ղեկավարները, չհասկանալով կամ թերի ընկալելով մեր տարածաշրջանում կառուցվածքային գործոնների և աշխարհաքաղաքական ուժերի դերերն ու խաղերը, մերթ ընդ մերթ վարել են հակասական և սխալ արտաքին քաղաքականություն, որը նաև հեռու է եղել և հեռու է ճկունությունից: Արդյունքը մերօրյա իրականությունն է:

Այնուամենայնիվ, աշխարհն այսօր չի սպասում Հայաստանի ժողովրդի (սփյուռքի դերակատարությունն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այսօր մի մե՜ծ 0 է) քաղաքական կողմնորոշմանը։ Մեր տարածաշրջանը լուրջ փոփոխությունների հորձանուտում է: Փոփոխության են ենթարկվում ՀՀ այսօրվա իշխանությունների վարած և՛ արտաքին քաղաքականությունը, և՛ զինված ուժերում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների քաղաքականությունը: Սակայն դրանք որևէ աղերս չունեն տարածաշրջանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և բնապահպանական փոփոխությունների հետ։

Հայաստանը դարերով գտնվել է, գտնվում է և գտնվելու է իր հեռու և մոտ հարևաների, համաշխարհային ուժերի տարաբնույթ շահերի բախման կիզակետում։ Ուստի պարտավոր է հստակեցնել իր շահերի անվտանգային կարմիր գծերը և օգտագործելով հայության ամբողջական ներուժը, հետամուտ լինել դրանց պաշտպանությունը կազմակերպելուն։ Այդ նպատակով անհրաժեշտ է ներառել հայությանը երկրի անվտանգային նոր համակարգի մեջ, որտեղ ամեն մի հայ պիտի իմանա իր անելիքն ու պատասխանատվությունը Հայաստանի՝ հայրենիքի հանդեպ։

Առաջին քայլը մեր տարածաշրջանում տեղի ունեցող և ունենալիք անվտանգային, ռազմավարական, և այլ փոփոխությունները հասկանալը, բնույթը բացատրելը, ուժեղ և թույլ կողմերը գնահատելը պետք է լինի:

Իսկ մեզ սպասվում է

-Կասպից ծովի և Հարավային Կովկասի երկրների աշխարհաքաղաքական դիրքի փոփոխում՝ կապված Կենտրոնական Ասիայի էներգակիրների հետ:

– Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող էներագկիրների վրա վերասկողություն սահմանելու համար մեծ տերությունների մրցակցության զարգացում Հարավային Կովկասում:

– Տարածաշջանային խաղացողների ավելացում: Ներկա դրությամբ Հարավային Կովկասի հիմնական խաղացողներն են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Անգլիան, Իսրայելը, Իրանը, Ֆրանսիան, Եվրոմիությունը, Սաուդիան Արաբիան, Չինաստանը, Հնդկաստանը․․․

– Թուրքիայի մոտենալը արաբա-իսրայելական դաշինքին և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական մրցակցության վրա.

– Հարավային Կովկասում էթնիկ և կրոնական ինքնությունների խճանկարում գերակայություն ունեցող թրքախոսների միավորում՝ Թուրքիայի, Իսրայելի, Անգլիայի աջակցությամբ:

– Ռուսաստան-Թուրքիա, Թուրքիա-Իրան, Ռուսաստան-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան շահերի բախում՝ վերոնշյալ միավորման հետևանքով:

– Պանթուրքիզմի առաջխաղացումը Անդրկովկասում, որը ավելի թափ ստացավ 2020-ին՝ 44 օրյա պատերազմից հետո։

– Իսրայելի ներկայությունը Հարավայի Կովկասում, Իրանին իր ուզած ժամին հարվածելու կամ Իրանի խորքում գործողություներ կատարելու, նույն ժամանակ Կենտրոնական Ասիայից եկող էներգակիրների հոսքերի վրա վերահսկողություն սահամանելու հնարավորություն։ Թվարկված գումարեք Ուկաինայում 2022_ից սկսած և մինչ օրս շարունակվող Ռուսաստանի «հատուկ գործողությունների» բերած՝ համաշխարհային ուժերի գերլարվածությունն ու ջղաձգումները:

Մի խոսքով՝ Հարավային Կովկասը և Կասպից ծովը դառնում են այն թեժ կետերից, որտեղ զարգանալու է աշխարհի նոր աշխարհաքաղաքական քարտեզի ձևավորումը։

Այսպիսի իրավիճակում Հայաստանից սպասվում է դատարկ խոստումներից հուսադրվելու ձգտումներց զերծ, առկա իրողությունների կշռադատմամբ իրականացվող ինտենսիվ և համակողմանի արտաքին քաղաքականություն:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031