«Այսօր երեք ամիսն է լրանում, որ հոկտեմբերի 18-ին Էդգար Ղազարյանի նկատմամբ տեղի ունեցավ խայտառակ բռնարարք։ Բնականաբար, հարուցվեց, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Երեք ամիս է անցել, որևէ լուր չկա»,-«Հայելի» ակումբում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ իր տան մոտ ծեծի ենթարկելուն և այդ հանցագործությունը չբացահայտելուն։
Ըստ նրա՝ սա դասագրքային օրինակ է, թե ինչպես են ՀՀ-ում կազմակերպվում ու կոծկվում քաղաքական հետապնդումները։
Փաստաբանն ասաց, որ Էդգար Ղազարյանը կհրապարակի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են իրեն բռնության ենթարկում։
Ռուբեն Մելիքյանն ասաց․«Խայտառակ տեսանյութ է, թե ինչ անմարդկային ձևով են նրա նկատմամբ բռնություն կիրառում։ Դեմքերը կան, ամեն ինչ կա։ Երեք ամիս այդ մարդիկ չեն բացահայտվել։ Երկար տարիների ձևավորված էր համակարգ, որը նման դեպքերում աղաղակ էր բարձրացնում։ Այդ համակարգն իր ճնշող մեծամասնությամբ վերածվել է գոնգոյի։ Սա անգլերեն նշանակում է governmental NGO’s: Նրանք իշխանություն են բաժանում ՆԳՆ-ում։ Իմ ու քո են անում։ Պետական իշխանության թևերից մեկն են վերածվել։ Բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում խայտառակ բռնություն։ Տեսանյութում երևում է, որ սովորական թշնամու հետ էլ այդպես չես վարվի, այլ ծայրահեղ թշնամանք է։ Այդքանից հետո որևէ պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող։ Հիմա տեխնոլոգիաները հասել են այն աստիճանի, որ նման հանցագործները ոչ թե ժամերի, այլ րոպեների ընթացքում են բացահայտվում։ Սա միտում է։ Այս պահի դրությամբ ուղիղ կարելի է պնդել, որ իշխող քաղաքական ուժը քաղաքական գործիքի է վերածել իրավապահ համակարգը, որի նպատակը մի կողմից ապօրինի քրեական հետապնդման իրականացումն է իրական կամ ենթադրյալ քաղաքական վտանգ սպառնացող մարդկանց նկատմամբ, մյուս կողմից կոծկելը հատկապես ոստիկանների կողմից նաև ոչ ոստիկանների կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ վայրագությունը։ Դրա դասագրքային դրսևորումն է այն դեպքը, որը հոկտեմբերի 18-ին է տեղի ունեցել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ