Ermenihaber. Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը պոլսահայ հոտի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հիշյալ անձին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու համար, սակայն դա չի ընդունվել Գագաչյանի կողմից։
Պատրիարքարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն։ Սակայն, անշուշտ, եթե տվյալ անձը կամ անձինք ապաշխարեն, բանադրանքը կարող է հանվել»։
Հայտարարության մեջ շեշտվել է, որ եկեղեցու դռները միշտ բաց են ապաշխարելու պատրաստ անձանց առաջ։