Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Եթե Ռուբեն Վարդանյանը կարողանում է պայքարը պահել եւ Արցախի ինքնորոշման գաղափարից հետ չկանգնել, ուրեմն ինքը ճիշտ է»

Հունվար 18,2023 15:47

«Հենարան» մամուլի ակումբում «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը խոսեց նաեւ Արցախի քաղաքական զարգացումների մասին: Հարցին, որ թեեւ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը ձեռքերը լվացել է, միայն ֆինանսական ռեսուրսներով կարող է օգնել, բայց փորձագետների գնահատմամբ ակնհայտ է, որ Արցախի քաղաքական իշխանությունների վրա ճնշում է գործադրվում, գիտենք նաեւ Ռուբեն Վարդանյանի պաշտոնաթողության շուրջ խոսակցությունների մասին՝ ի՞նչ եք կարծում, Արցախն ունի՞ իր մեջքի հետեւում Հայաստանի իշխանության դավադրության վիճակից դուրս գալու ներուժ, պատասխանեց. «Շատ բաների, նույնիսկ նոր ընտրությունների մասին է խոսվում: Բայց ես նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում շրջափակված, այս աղետալի վիճակում հայտնված Արցախում որեւէ ընտրության անցկացման հարց: Մարդիկ հաց չունեն ուտելու, լույսն է անջատվում, ինտերնետ չկա, դեղ չլինելու պատճառով հիվանդներ են մահանում՝ մարդիկ գնան ընտրություն անեն, որ ի՞նչ: Ընտրությունները ի՞նչ հարց են լուծելու:

Թե այնտեղ ինչ ներքին խնդիրներ կան, ծանոթ չեմ: Նույն կերպ կարդում եմ: Ակնհայտ է չէ՞, որ Հայաստանը ինչքան էլ ձեռքերը լվացած լինի Արցախից, ինչպես հայտարարում են, նման բան չի կարող լինել: Ակնհայտ է, որ այնտեղ կան գործընթացներ, որտեղ Հայաստանի ղեկավարությունը անմիջական մասնակցություն է ունենում:

Իսկ Արցախի ղեկավարությանը վստահել, թե չվստահել, առաջին հերթին պետք է որոշի Արցախի ժողովուրդը, որովհետեւ ինքն է տեսել՝ ինչն է արվել, ինչը չի արվել: Նաեւ իրենց խնդիրն է՝ տեսնել Ռուբեն Վարդանյանին որպես այն անձը, որը կարո՞ղ է խնդիրները լուծել, թե ոչ: Ես ինքս քննադատել եմ Ռուբեն Վարդանյանին քաղաքականություն մտնելու համար, բայց այս պահին նրան քննադատել այն բանի համար, ինչ ինքն այնտեղ անում է, սխալ է, որովհետեւ ինքն իր՝ պետնախարարի, գործով է զբաղված:

Եվ վերջինը. յուրաքանչյուր մարդ, ով պատասխանատու է Արցախի համար, պետք է հետեւյալը գիտակցի. կամ պետք է համաձայնի Ալիեւի տարբերակներին եւ ինչպես ասում է Փաշինյանը, բանակցի Բաքվի հետ, ինչը անգրագիտության դրսեւորում է եւ նշանակում է ուղիղ ենթակայության տակ անցնել, կամ շարունակել պայքարել՝ պահպանելով ինքնորոշման ու անկախության սկզբունքները: Արցախի ժողովուրդը սրանք համադրելով պետք է կողմնորոշվի, թե Արցախի որ ղեկավարն է ճիշտ եւ ընդունելի»:

Aravot.am-ի հարցին, թե իր նշած տարբերակները համադրելով, Արցախի ո՞ր ղեկավարն է ճիշտ. նախագահ Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Վահան Բաբայանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը որեւէ բանով չի կարող ճիշտ լինել, որովհետեւ բոլորս էլ տեսել ենք նրա վարքագիծն էլ, արածներն էլ, չարածներն էլ: Իսկ Ռուբեն Վարդանյանը ինչո՞վ է ճիշտ: Եթե ինքը կարողանում է պայքարը պահել եւ Արցախի ինքնորոշումից չզիջել, այդ գաղափարից հետ չկանգնել, ուրեմն ինքը ճիշտ է: Այն ղեկավարը, որը կպահի Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ որպես ղեկավար կփորձի իրականում ամեն ինչ անել, որ այդ սկզբունքը պահպանվի, չվերանա, ուրեմն նա ճիշտ է:

Այդ թվում, Հայաստանի համար է այդպես: Որ լիդերը Արցախը կտեսնի որպես այնպիսի պետություն, միավոր, որը կարող է ինքնորոշումը պահպանել, նա է ճիշտ, որովհետեւ բոլորիս ուզածը դա է: Բոլորս ուզում ենք, որպեսզի արցախահայությունը հանգիստ ապրի իր հողում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031