Լոս-Անջելեսյան շուկայում հայկական արտադրանքն, անշուշտ պահանջարկ ունի, սակայն շատ ընկերություններ կարիք ունեն բրենդինգի, ժամանակակից մարքեթինգի ու փաթեթավորման: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
«Օրինակ, չրարտադրության ընկերություններ կային, որոնք մեծաքանակ չիր արտադրելով հանդերձ՝ ցուցահանդեսին չրերը կիլոգրամներով էին ներկայացրել, չունենալով անգամ տարրական փաթեթավորում: Ընկերությունները բրենդի վրա չէին աշխատել և հիմա անհրաժեշտություն առաջացավ զբաղվել փաթեթավորման խնդիրներով: Թեպետ նշեմ, որ սա էլ իր հերթին կախված է մատակարար ընկերության պահանջարկից: Գիտեք, որ շատ մեծ է ամերիկյան շուկան, որտեղ գործող հիփերմարքետները կարող են ընկերություններին առաջարկել հանդես գալ իրենց բրենդի ներքո»,- նշեց Մարիամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-փառատոնին մասնակից 50 ընկերությունները տարբեր առաջարկներ են ստացել, հատկապես, իրենց գործընկեր ամերիկյան «Լիվա Էլիտ բիզնես գրուպի» կողմից: Հայկական ապրանքներն արագ սպառվել են, հատկապես սննդային արտադրանքը, գինիները մեծ պահանջարկ են ունեցել:
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահության անդամ Գևորգ Աղաբալյանը նկատեց, որ ԱՄՆ-ի շուկայում երկարաժամկետ ներկայացված լինելը որոշակի դժվարություններ է պահանջում: Հիմնական խնդիրը սերտիֆիկացման թղթաբանության հետ է կապված: Տեխնիկական պահանջները բավական բարդ են:
Կարդացեք նաև
«Մենք հիմա մտածում ենք այս ծրագրին զուգահեռ ստեղծել հարթակ, որպեսզի աջակցենք արտադրողներին, որ կարողանան այդ լիցենզավորման գործընթացը անցնեն: Ցանկալի է, որ պետական աջակցություն ևս լինի: Այսինքն, ստեղծվի նախաձեռնող խումբ, որը կօգնի ԱՄՆ-ում ստեղծել հարթակ, որ հայկական կազմակերպությունները կարողանան իրենց արտադրանքը ներկայացնել, տեղում երկարաժամկետ նպատակով բանակցությունների հնարավորություններ ունենան մատակարար կազմակերպությունների հետ: Այսինքն, ձևավորվի տարածք, որտեղ ներկայացված կլինեն հայկական ապրանքները և այդ տարածքը, հարթակը կառավարողը զբաղվի նաև լիցենզավորման, ներմուծման, իրավաբանական հարցերով»,-ասաց Գևորգ Աղաբալյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մանրամասները՝ շուտով տեսանյութում