Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Եթե այս իշխանությունների քաղաքականությունը այսպես շարունակվի, չի բացառվում, որ մի օր Հայաստանում էլ կտրոններով խանութներում հերթեր կանգնենք բրինձ գնելու համար»

Հունվար 18,2023 14:32

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն արդեն 38 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի խնդրի հանգուցալուծման մասին ասաց. «Բավականին բարդ ժամանակահատվածում ենք այս պահին գտնվում: Թիվ մեկ օրակարգային հարցը, այսպես կոչված, էկոակտիվիստների կողմից Արցախի շրջափակումն է: Սակայն բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դա էկոլոգիայի կամ ակտիվիստների հետ որեւէ աղերս չունի: Դա քաղաքական եւ աշխարհաքաղաքական միջոցառում է, որի շրջանակներում Ալիեւը փորձում է վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սակայն որքան էլ ասվում է, որ այս հարցն այլեւս գոյություն չունի, որ այս հարցը փակված է, բայց փաստացի Լեռնային Ղարաբաղը կա, Ստեփանակերտը կա, հայությունն այնտեղ ապրում է, շարժվում է իր օրակարգով: Եվ դա տեսնելով՝ աղետալի պատերազմից հետո՝ Ալիեւը լավ հասկանում է, որ այն անհաջողությունները, թուլությունը, որն ունի այսօր Հայաստանը՝ ինքը պետք է ժամանակն արագ օգտագործի եւ իրականացնի այն, ինչ այսօր իրականացնում է: Սա պարզ է ու հասկանալի:

Բայց եկեք տեսնենք, թե ինչ է սպասվում: Ես կարծում եմ, որ խնդիրների հանգուցալուծումը մոտ չէ: Եվ եթե մարդիկ նստած հաշվում են, թե շրջափակման որերորդ օրն է, խնդիրը նման ձեւով չի լուծվելու: Այս ամենը իմ կարծիքով բավականին երկար է ընթանալու: Արցախահայությունը եթե կարողանա այս ձմեռը պայքարել, դիմակայել այս շրջափակմանը, գարնանը համեմատաբար հեշտ կլինի՝ կապված սննդամթերքի, եղանակի եւ այլ հարցերի հետ: Չնայած, Երեւանից խոսելը հեշտ է: Մարդիկ այնտեղ շատ ծանր վիճակում են, մենք այստեղ ասուլիսներ, հարցազրույցներ ենք տալիս, կարծիքներ ենք հայտնում: Իսկ արցախցիներն ապրում են այդ առօրյայով: Սա կինո չէ, որ նայես ու ասես վաղը հաջորդ սերիան է: Սա իրական կյանքն է եւ այդ մարդիկ այդ կյանքով ապրում են: Ընդ որում` այդ կյանքը միայն իրենց հետ կապված չէ: Եվ չի բացառվում, որ մի օր Հայաստանն էլ ընկնի այդ վիճակի մեջ եւ մենք էլ կտրոններով խանութներում հերթեր կանգնենք բրինձ գնելու համար:

Եթե այս իշխանությունների քաղաքականությունը այսպես շարունակվի, որեւէ մեկը չի բացառում, որ Հայաստանը մի օր կհայտնվի նույն իրավիճակում: Այսօր Հայաստանը գնում է մի այնպիսի ուղղությամբ, որտեղ լավ հեռանկարներ չեն սպասվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031