Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ԱՆ-ն դատավորին մեղադրում է դիտավորությամբ խախտում կատարելու մեջ՝ առանց անգամ պրակտիկան ուսումնասիրելու ու փաստարկ ներկայացնելու. «Փաստինֆո»

Հունվար 18,2023 14:15

«Փաստինֆո». Դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Անտոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմիլ Ամիրխանյանը՝ արձանագրելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՄԻԵԴ վճիռները՝ որպես առիթ՝ նախատեսվել են միայն օրենսդրական փոփոխություններից հետո, իսկ անձի վիճակը վատթարացնողը նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ։ Բացի այդ, կոնկրետ նորմի խախտում առկա չէ, հակառակ դեպքում դա կներկայացվեր նախարարության կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Նշենք, որ դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Խնդիրն այն է, որ 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձաագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։ Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել է՝ բավարարելու Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։ Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ։

«Փատինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Դատավորը նիստին չի մասնակցել՝ լիազորելով իր շահերը ներկայացնել փաստաբանին։ Մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը դատավորի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմքում դնելով նրա կանխակալ մոտեցումը գործին։ Մասնավորապես, դատավորի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կարեն Անդրեասյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Գրիգոր Մինասյանը նրա ընկերն է, Անդրեասյանը կիսում է նրա գաղափարները, հետևաբար, անաչառ չի կարող լինել նրա նկատմամբ։ Բացի այդ, առկա է տնտեսական շահ, քանի որ Կարեն Անդրեասյանի կինը և վարույթ հարուցած անձը՝ Գրիգոր Մինասյանը, նույն իրավաբանական ընկերությունում բաժնետերեր են։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ առկա չէ տնտեսական շահ, հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման։ Արդյունքում՝ ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը ու անցավ միջնորդության բուն քննությանը։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը հրապարակեց միջնորդությունը՝ նշելով, թե խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ։ Հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ նախարարությունը չի ուսումնասիրել ո՛չ դատական պրակտիկան, ո՛չ անգամ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, որը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից։ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը փորձեց հարցադրումներով «հուշել»՝ բարձրաձայնելով նույն իրավիճակում դատավորի կողմից իբրև երկակի ստանդարտ ցուցաբերելու հանգամանքը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել էր, որ նորմն անորոշ է, հետագայում՝ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նշված նորմը, օրենքի անհստակությունը, սակայն, նախարարության ներկայացուցիչների դիտարկմամբ՝ անհստակությունը չէր կարող ազդեցություն ունենալ որոշման վրա։

«Այսինքն՝ անորոշ էր ՄԻԵԴ-ի համար, բայց Վճռաբեկ դատարանի համար անորոշ չէր»,- նշեց փաստաբան Ամիրխանյանը՝ արձագանքելով նախարարության ներկայացուցիչների պնդումներին։
Բացի այդ, նախարարությունը ջանքեր չի գործադրել նաև դատական պրակտիկայի ուսումնասիրության համար, պնդում են՝ դա ազդեցություն ունենալ չէր կարող։
Ինչ վերաբերում է «մեղքի» աստիճանին՝ դիտավորությանը, ապա նախարարությունը որպես միակ հիմք նշեց միայն այն, որ դատարանն իբրև գիտակցել է իր կողմից խախտումը, մինչդեռ, դատավորի ներկայացուցիչն իր պատասխան ելույթում ընդգծեց, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ դատավորը հաշվի է առել դատական պրակտիկան և հիմնվել այդ պրակտիկայի վրա, հետևաբար, ոչ հստակ նորմն ինչպես կարելի է խախտել՝ այն էլ դիտավորթյամբ։ Ընդ որում, դատավորի ներկայացուցիչն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը կարևորել էր կառավարության կողմից պրակտիկայի ներկայացումը, որը, սակայն Կառավարության կողմից չի եղել, այդ հանգամանքն անգամ չի ուսումնասիրվել կարգապահական վարույթ հարուցելիս։

«Կառավարության անգործությամբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռ է կայացվում, որի համաև պետք է պատասխանատվություն կրի դատավորը»,- նշեց Ամիրխանյանը։

Ամիրխանյանն իր պատասխան ելույթում ուշադրություն հրավիրեց վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի վրա, որում նրա պնդմամբ առկա են եղել դատական սխալներ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա և այդ հիմքով էլ որոշումը բեկանվել է։

Մեսրոպ Մակյանի հարցադրմանն ի պատասխան, թե որն էր խախտումը, եթե դատավորը խախտումը թույլ չի տվել՝ Ամիրխանյանը կրկին ընդգծեց կառավարության կողմից համապատասխան փաստարկները ՄԻԵԴ-ին չներկայացնելու հարցը; Ուշագրավը, սակայն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հարցադրումներն էր՝ քաղաքական ենթատեքստով և դատավորների նկատմամբ ուղիղ մեղադրանքներով։ Մասնավորապես, Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ այդ տարիներին գործող արատավոր պրակտիկայի մասին․ «Մի ժամանակաշրջան էր, երբ եղել է Բաղրամյան 26-ից զանգեր և որոշակի գումարի դիմաց որոշում է կայացվել վարույթ ընդունելու մասին, երկակի ստանդարտների, կոռուպցիոն վերադարձերի և չվերադարձերի։ Արդյոք դա չօր կարողազդել դատավորի վրա»։ Արձագանքելով Անդրեասյանին՝ փաստաբանը ննշեց, որ չի կարծում, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է նման հարց առաջանալ, բացի այդ, հիշեցրեց՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ որոշումը կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 11։50-ին։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031