Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ուկրաինական Չերկասի քաղաքում հիմնել է «ՉերՎուդ» ՍՊԸ-ն․ «Հետք»

Հունվար 18,2023 12:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշվածё նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր:

Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

Ղազարյաններն ու Փաշինյանները հին ծանոթներ են

ՀՀ քաղաքացի, Իջեւանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող եւ գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս եւս Իջեւանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են եղել: Նրանք նաեւ սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48: Հատկանշական է, որ 1999-ին Ա. Ղազարյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, նրա դիմումը բավարարվել է այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանի կողմից: Իր իսկ պատմելով՝ 34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ծնվել է Իջեւանում, 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ուկրաինա, որի քաղաքացի է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Առաջին լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031