Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։
Պնդումը վարչապետը հնչեցրել էր՝ հակադարձելով լրագրողի՝ խաղադրույքների ոլորտում գործունեություն ծավալող «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի և պաշտոնյաների միջև կապի, հովանավորչության վերաբերյալ հարցին։
«Ձեր կողմից հիշատակված ընտանիքը հենց այդ բիզնեսի (շահումով խաղերի – խմբ.) ամենախոշոր շահառուներից մեկն էր և հետևաբար, եթե լիներ հովանավորչություն… Ընդ որում, բացի այդ, հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չի, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր վարչապետ Փաշինյանը։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։
Կարդացեք նաև
2022-ի 11 ամիսներին կատարվել է ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք
Պետեկամուտների կոմիտեն #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում՝ 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել։ Սա 2021-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավել է մոտ 36%-ով։
Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը և կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում