Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց «նախկին-ներկա» խոսույթի

Հունվար 18,2023 10:00

Քաղաքական դաշտում, կարծես թե, սպասվում են որոշակի փոփոխություններ: Ինչպես ասում են, «ըստ օդում կախված լուրերի», հնարավոր է. որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Եթե դա ճիշտ է, ապա, վստահ եմ, նման հայտարարությունը դրական քայլ կլինի իր կողմից: Դրական՝ նախեւառաջ «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորների նկատմամբ: Որքան քիչ կապվի նրանց գործունեությունը, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալում ունեցող նախկին նախագահի հետ, այդքան լավ այդ պատգամավորների համար, որոնք ժամանակի ընթացքում հնարավորություն կունենան, հավանաբար, ազատվելու «քոչարյանականի» պիտակից: Առաջին հերթին շահելու է ՀՅԴ-ն: Կարելի է տարբեր ձեւով վերաբերվել այդ կուսակցությանը, բայց թե ինչ է նշանակում «Դաշնակցություն», պարզ է ցանկացած գրագետ մարդու համար (պետք է որ պարզ լինի): Իսկ թե ինչ է «Հայաստան» դաշինքը, շատերի համար անհասկանալի է:

Մոտավորապես նույնը կարելի է ասել Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի մասին: «ՀՀԿ» բրենդն, իհարկե, փչացել է 2000-2018 թվականներին, ընդ որում, ավելի շատ է փչացել, քան «ՀՅԴ» բրենդը: Բայց, եթե Սերժ Սարգսյանը նույնպես հանդես գա քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությամբ, ապա Արմեն Աշոտյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը եւ այլ գործիչներ, որոնք, իմ կարծիքով, քաղաքական որոշակի ներուժ ունեն, կգործեն ավելի ազատ եւ անկաշկանդ: Նրանք հնարավորություն կունենան ինչ-որ չափով վերականգնելու, պայմանականորեն ասած, «Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ն»: Պատահական չէ, որ «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքը, միեւնույն է, ընկալվում է որպես ՀՀԿ: Դաշինքի մյուս կուսակցությունը՝ «Հայրենիքը», ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքից «Վերածնված Հայաստանը» փաստացի չեն երեւում: Նոր կուսակցական բրենդ ստեղծելը, եթե արագ հաջողություններ չես գրանցում, հեշտ գործ չէ: Դաշնակցությունը եւ ՀՀԿ-ն նույնպես 2021-22 թվականներին փողոցային պայքարում հաջողություններ չեն գրանցել, բայց այդ կուսակցությունները լավ թե վատ կողմից ճանաչելի են, եւ հենց այդ ձեւով պետք է շարունակեն իրենց ճանապարհը՝ առանց նախկին նախագահների:

Այժմ մեր ժողովուրդը ողբերգական վիճակի մեջ է: Ընդ որում, ես չգիտեմ, թե ինչն է ավելի ողբերգական՝ այն, որ 120 հազար հայ շրջափակման մեջ գոյության համար պայքար է մղում, թե՞ այն, որ Արցախից դուրս ապրող միլիոնավոր հայերի մեծամասնությունը դրա վրա ուշադրություն չի դարձնում: Թեեւ մի առիթով գրել եմ, որ այս պահին քաղաքական համակարգի վրա հույս չեմ դնում, բայց երեւի մեծ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ոչ մի բան հավերժ չի: Եվ վաղ թե ուշ սկսվելու է իրական քաղաքական պայքար: Լավ կլինի, որ նախկին նախագահների՝ ասպարեզից հեռանալուց հետո գոնե «նախկին-ներկա» զավեշտալի խոսույթն էլ ասպարեզից դուրս գա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…հնարավոր է. որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ դուրս է գալիս քաղաքականությունից:»
    Պատկերացրեք, թե ինչքան դրական քայլ կլիներ, եթե նույն բանը ժամանակին աներ առաջին նախագահը:

    • Blog_H says:

      բայց… ըրաւ. առանց որ Արցախը կորսնցուցած ըլլանք… առանց որ Թուրքիան ներխուժած ըլլայ Հայաստան…

      Քոչարյանը պէտք է որ քաշուի, ոչ թէ քանի որ չէ սիրուած, «թալան»-մալան, պիլմեմնէ., այլ քանի որ փաստօրէն ուժը չունի տեղ հասնելու.

      իսկ Սարգսյանին տակաւին դաշտնին վրայ ըլլալը, լման անհասկնալի է. քանի որ զինք արդէն չսիրողներուն վրայ կ’աւելնան… հակա-փաշինյանականները ! որոնք առաջին հերթին իր յանցանքը կը համարեն՝ 2018ի պետական յեղաշրջման յաջողութիւնը, եւ ուղղակի հետեւաբար՝ տեղի ունեցած Հայոց Աղէտը.

  2. Սահակ Հակոբյան says:

    Իսկ ամենադրական քայլը կլինի ներկայիս թափթփուկների քաղաքականությունից հավերժ հեռանալը։ Որովհետև երկրորդ նախագահի ժամանակ երկու հայկական պետությունն էլ զարգացել են։ Ընդունեք դա, թե ոչ՝ իրականությունը դա է

  3. Blog_H says:

    «Քոչարյան՝ հանգստեան կոչուելու իրաւունքը»
    (նախնական յօդուածը, 11 Յուլիս 2020
    Յ.Գ./ այժմէականացում, 27.01.2021) ՝

    https://haytougchamlian.blog/քոչարյան՝-հանգստեան-կոչուելու-իրաւո/

  4. Լավատես says:

    Արցախի պաշտպանության վերաբերյալ իրենց կարծիքը պետք է հայտնեն մեր մյուս շրջանները, ոչ ոք նման ճակատագրից ապահովագրված չի, դրա համար մեր բոլոր շրջանները պետք է իրենց միջոցներով վերշրջանային կառույց ստեղծեն եւ փորձեն լուծել Արցախի պաշտպանության խնդիրը: Մենք որպես արարչագործ ազգ չպետք է ներկա իրավիճակը համեմատենք անցյալ լավ ժամանակների հետ, այլ պետք է ստեղծագործաբար եւ ոգեղեն ցանկացած խնդիր ընդունենք որպես Արարչի կողմից մեր իսկ շահի համար հաղթահարելի մարտահրավեր եւ հաղթենք այդ մարտում: Արարիչը միշտ ուժեղի կողքին է, իսկ ուժեղը նա է, ով մշտապես իր ուժն է կիրառում, ուժը եւ որպես ֆիզիկական ու մտավոր եւ որպես ոգու կամք: Թույլն անգրագետի ու վախկոտի հետ միասին կդառնան ուժեղ, խելոք եւ ոգեղեն եւ կվայելեն Արարչի հարգանքը, երբ Ուսուցիչ ունենան: Մեր հոգեւորականները կարող են դառնալ մեր արարչագործ ժողովրդի համար Ուսուցիչ, երբ սեփական օրինակով ժողովրդին ցուցադրեն իրենց ուժը, խելքը եւ ոգեղենությունը եւ դրանով վայելեն ժողովրդի անսահման հարգանքը եւ շնորհակալությունը: Հավատացյալ նշանակում է ուժեղ, խելոք եւ ոգեղեն: Հաղթելո՛ւ ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031