Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարտոֆիլը շքեղություն է, բանանը` երազանք…»

Հունվար 18,2023 13:00

Արաբական լրատվամիջոցների արձագանքները՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Շուրջ մեկ ամիս է անցել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից, որը Հայաստանը կապում է Արցախի հետ: Որքանո՞վ է հանրային կարծիքը հասկանում եւ տեղյակ արցախյան հակամարտության արմատներին, փորձեմ լույս սփռել որոշակի աշխարհագրական տարածքի վրա՝ արաբական աշխարհի վրա, որը շատ մոտ է մեր տարածաշրջանին, ոմանք նույնիսկ սահմանակից են Թուրքիային, ով լիովին աջակցում է Ադրբեջանին, փորձեմ լույս սփռել՝ հնարավորինս կիսվելով ձեզ հետ արաբական լրատվամիջոցների կողմից այս պատմության լուսաբանման վրա:

«Almayadeen.net»-ը՝ Լիբանանի անկախ (Հիզբոլլահի եւ Սիրիայի կառավարությանը մոտիկ) հեռուստաընկերության պաշտոնական կայքը «Լաչինի միջանցքի շրջափակում Արցախ – Ուկրաինայի պատերազմ – Լայլա Նիկոլա- դեկ 21, 2022» հրապարակման մեջ գրում է. «2020 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագիրը (Ռուսաստան -Ադրբեջան – Հայաստան) նախատեսում է, որ «Ադրբեջանը երաշխավորում է անվտանգ ճանապարհորդություն Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», այսօր ադրբեջանցիները պաշարում են Լեռնային Ղարաբաղը՝ բնապահպանական անփույթ պատրվակներով։…Եվ գրեթե հումանիտար աղետի պատճառ դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը դադարեցրեց գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը գտնվում է հայկական վերահսկողության տակ, հաջորդ օրը Ադրբեջանը արհամարհեց մարդասիրական բոլոր նկատառումները:

… Նոյեմբերի 9-ին նախատեսվում էր, որ «Ադրբեջանը երաշխավորելու է անվտանգ ճանապարհորդություն Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության, տրանսպորտի եւ ապրանքների երկու ուղղություններով։ Այսօր ադրբեջանցիները պաշարում են հայերին Լեռնային Ղարաբաղում՝ պատճառաբանելով, որ համաձայնագիրը բազմիցս խախտվել է:

Այսօր Արցախի շրջանում (տարածաշրջանի հայկական անվանումը) կամ Լեռնային Ղարաբաղում հայերը կրկնակի հարկ են վճարում՝ ի լրումն 2020 թվականին հայկական ուժերի կրած պարտության, որը ստիպեց նրանց ընդունել հրադադարի անարդար պայմաններ, եւ շատ հողերի լքում, նույնիսկ Հայաստանի տարածքում, հայերը վճարում են նաեւ Ուկրաինայի հետպատերազմյան զարգացումների գինը»:

Եգիպտական vetogate.com-ը մի քանի հոդվածներով համերաշխություն է հայտնել հայերին:

«Դոկտ. Այման Սալաման գրում է. Լաչինի միջանցքի պաշարումը նոր հանցագործություն է հայերի դեմ… եւ այն, ինչ տեղի է ունենում, խաղաղ բնակիչների հավաքական պատիժ է» վերնագրով հրապարակման մեջ ասվում է. «Հայերը շարունակում են տառապել վատթարացող պայմաններից: Ղարաբաղի բնակչությունը ստիպված է խնայել ռեսուրսները, դպրոցները ստիպված են փակել էլեկտրաէներգիան խնայելու համար… Անհնար է նաեւ բժշկական եւ փրկարարական օգնություն ցուցաբերել, քանի որ Ղարաբաղից Հայաստան փոխադրումը նույնպես տուժում է. շարունակվող շրջափակումը հանգեցնում է սարսափելի հետեւանքների»:

Նույն հեղինակի մեկ այլ հոդվածում՝ «Բժիշկ Այման Սալաման բացահայտում է Հայաստանում սովահար խաղաղ բնակիչների աղետը… Ադրբեջանը կրում է միջազգային պատասխանատվություն, իսկ տեղի ունեցողը միջազգային հանցագործություն է» անդրադարձը հետեւյալն է. «Արգելվում է քաղաքացիական անձանց սովամահ լինելը որպես պայքարի մեթոդ, եւ, հետեւաբար, արգելվում է հարձակվել, ոչնչացնել, տեղափոխել կամ անջատել այն օբյեկտները, որոնք անփոխարինելի են քաղաքացիական բնակչության գոյատեւման համար՝ լինի դա միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների դեպքում, քանի որ դրանք ազդում են մարդու ամենահիմնական իրավունքներից մեկի վրա, որը նրա իրավունքն է սննդի հարցում, քանի որ սովը, որին ենթարկվում է խաղաղ բնակչությունը, ազդել է տարբեր հակամարտությունների տարածքներում գտնվող խաղաղ բնակչության լայն շրջանակի վրա»:

Սիրիական «Independent Alyum TV» (alyaumtv.net) կայքը անդրադարձել է Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում էր. «Ի նշան Արցախի մարզը եւ Հայաստանը կապող միջանցքի փակման դեմ բողոքի՝ հազարավոր ցուցարարներ հավաքվել են շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու ճանապարհը եւ դադարեցնելու շրջափակումը։ Իր հերթին, մարդու իրավունքների գործով պատասխանատու տեղական պաշտոնյա Մերի Ասատրյանը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ շարժվել Բաքվում՝ վերացնելու ամբողջական շրջափակումը, ընդգծելով, որ մոտ երկու շաբաթ է՝ Արցախ մուտք չի գործել սննդամթերք, դեղորայք, վառելիք կամ կենսական նշանակություն ունեցող որեւէ ապրանք»:

Անկախ Արաբիա www.independentarabia.com կայքը նույնպես գրել է այս շրջափակման վտանգների մասին. «Ղարաբաղում ուրվագծվում է բոսնիական «Սրեբրենիցայի» ուրվականը»: «Պարենի եւ դեղորայքի սակավ պաշարների ֆոնին տարածաշրջանի բնակչությանը սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի մասին նախազգուշացումները՝ Ադրբեջանի կողմից սահմանած շրջափակումից մոտ մեկ ամիս անց… հակամարտությամբ մոլեգնող աշխարհի մեկ այլ կետում, թվում է, թե հարավային Կովկասում մեծ հումանիտար ճգնաժամի նշաններ են ի հայտ գալիս՝ մոտ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի հայկական սահմանային անցակետը՝ մոտ 140,000 մարդ բանտարկելով Լեռնային Ղարաբաղում։ Ղարաբաղի մարզ (Արցախ) առանց սննդամթերքի կամ դեղորայքի. Բաքուն որոշել է թույլ չտալ ժամանողների անցումը, քանի դեռ չի կատարվել իր պայմանները, ինչը միջազգային եւ մարդասիրական իրավունքի խախտում է, հայտնում է ամերիկյան «CNN» ցանցը»:

Լիբանանի կառավարության լրատվական գործակալության կայքը nna-leb.gov.lb/ar (NNA – National News Agency Ազգային լրատվական գործակալությունը, որը Լիբանանի Տեղեկատվական նախարարության մաս է կազմում) լուսաբանել է լիբանանահայ դպրոցի համերաշխությունը Լիբանանում տեղի ունեցած արցախյան հանդիպումների հետ:

Ահա մի հատված «Հայ դպրոցականների ցույցը ESCWA-ի դիմաց՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Արցախի պաշարումը» հրապարակումից. «NNA – Լիբանանի հայ դպրոցականները ցույց են կազմակերպել «ESCWA»-ի դիմաց՝ դատապարտելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի շրջափակումը եւ միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկելու կոչ անելով: Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունները տասը օր առաջ պաշարեցին Արցախը՝ դադարեցնելով գազամատակարարումը եւ Լաչինի միջանցքը եւ շարունակելով հարձակումը մարդու իրավունքների վրա, մինչդեռ շրջափակումը օրեցօր խստացնում էր ժողովրդի վրա, եւ նրանց կյանքը վտանգված էր»:

Արաբական Միացյալ Էմիրությունների «alkhaleej.ae» լրատվական կայքը նույնպես անդրադարձել է պատմությանը չեզոք տեսանկյունից՝ առանց մեկնաբանության, հիմնականում լուսաբանելով հայ, ռուս եւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, կարճ հոդվածի մեծ մասը նվիրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարություններին։ Մասնավորապես ասվում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը տառապում է սննդի պակասից՝ երկրորդ շաբաթը մտած շրջափակման պատճառով՝ դրա համար մեղադրելով Ադրբեջանին»: Ապա շարունակում. «Փակման (տարածքի) երկու կողմերում դեռ հարյուրավոր ընտանիքներ բաժանված են… Լեռնային Ղարաբաղում մի շարք հիմնական ապրանքների, այդ թվում՝ սննդի պակաս կա»;

Ըստ «thenationpress.net»-ի (The Nation Press արաբական ամերիկյան լրատվական ցանց), որը լուսաբանել է Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերը, հայ պաշտոնյաների տեսակետներն ու հայտարարությունները. «Հազարավոր մարդիկ հավաքվել էին 2022 թվականի դեկտեմբերի 25-ին, կիրակի Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ամենամեծ քաղաքում՝ Ստեփանակերտում՝ բողոքելու Հայաստանի միակ ցամաքային կապի շրջափակման դեմ, հայտնում է»: AFP-ի լրագրողը: Կիրակի օրը Ստեփանակերտի գլխավոր վերածննդի հրապարակը լեփ-լեցուն էր ցուցարարներով, քանի որ բազմության վրայով ծածանվել էր հայկական հսկա դրոշը: Հայաստանի խորհրդարանը հայտարարեց, որ միջանցքի փակումից հետո Ղարաբաղը տառապում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասից: Ադրբեջանը պնդում է, որ շրջափակում չկա, եւ քաղաքացիական մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել դեպի Ղարաբաղ եւ Ղարաբաղից։

«Սա միակ ճանապարհն է, որը կապում է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) մնացած աշխարհի հետ: Ոչ միայն Հայաստան, այլ Հայաստանով մենք հասնում ենք մնացած աշխարհ»,- շաբաթ օրը AFP-ին ասաց Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գաբրիելյանը:

«European Times» արաբական բաժնի վեբկայքը (www.europeantimes.news/ar) նույնպես անդրադարձել է հայերի տառապանքներին. «Մարդասիրական ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում. կարտոֆիլը շքեղություն է, բանանը` երազանք»:

Ըստ «Բանանի երազանք» հրապարակման. «Լեռնային Ղարաբաղի ներսում տրամադրություններ են տիրում, թեեւ որոշ հիմնական ապրանքներ սպառվում են։ Տեղացիներն ու պաշտոնյաներն ասում են, որ առաջինը անհետացել են թարմ մրգերն ու բանջարեղենը: Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տվել սուպերմարկետների դատարկ դարակների շարքեր: Մանկական կաթնախառնուրդ ոչ մի տեղ չկա, ինչպես տեղացիներն են ասում …

Հիվանդանոցները ստիպված են եղել բավարարվել դեղորայքի պակասող պաշարներով, ինչը ստիպել է ԿԽՄԿ-ին 10 տոննա դեղամիջոց, մանկական կաթնախառնուրդ եւ սնունդ ուղարկել առողջապահական հաստատություններ շրջափակման սկսվելուց ի վեր»:

Պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
17.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031