Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ ունենալը հարցի վերջնակա՞ն լուծում է

Հունվար 18,2023 12:30

Հարցազրույց շեփորահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Արմեն Մաիլյանի հետ

– Հարգարժան Արմեն, 2022թ. դեկտեմբերին Մոսկվայում ժյուրիի անդամի կարգավիճակում մասնակցեցիք 14-րդ անգամ անցկացվող փողային եւ հարվածային գործիքների երաժիշտների միջազգային մրցույթին։ Դրանից ամիսներ առաջ, դարձյալ որպես ժյուրիի անդամ, հրավիրված էիք Ուկրաինա, այդ մրցույթում ձեր ուսանող Ազատ Հարությունյանը արժանացավ երկրորդ մրցանակի։ Մոսկովյան մրցույթի կայքից տեղեկացանք, որ Հայաստանը մասնակից չուներ։ Ինչո՞ւ։ Մի բան էլ. այս անգամ այդ մրցույթին մասնակից երկրների թիվը ընդգծված սակավ էր։

– Մոսկովյան մրցույթը ամենամյա է եւ յուրաքանչյուր տարի մրցում են փողային ընդամենը երկու գործիքների երաժիշտներ։ Քովիդի պատճառով հետաձգված այս մրցույթի մասին մենք ուշ իմացանք։ Իհարկե, կոնսերվատորիայում կան հիանալի ուսանողներ, բայց մրցույթին լիարժեք պատրաստվելու համար ժամանակը բավարար չէր։ Ինչ վերաբերում է մասնակից երկրների աշխարհագրությանը, դա էլ պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով, բնականաբար՝ չկային մասնակիցներ Արեւմուտքից։ Հավանաբար գիտեք, որ գլխավոր մրցանակների արժանացան ռուս շեփորահարները։

Արմեն Մաիլյանը՝ մոսկովյան ժյուրիի կազմում։

– Մեր դիտարկմամբ՝ ի տարբերություն այլ մասնագիտությունների (ջութակահար, դաշնակահար, վոկալիստ, թավջութակահար եւ այլն), մեր փողայինների, մասնավորապես՝ շեփորահարների մասնակցությունը միջազգային մրցույթներին, պասիվ է։ Իսկ ընդհանրապես լայն հանրությանը հայտնի են ձեր երեք ուսանողների անունները՝ Ազատ Հարությունյան, Հայկ Գուրգենյան, Դանիել Մելքոնյան եւ էլի մեկ-երկու անուն…

– Մի ճշտում. Դանիելը ուսանել է դոցենտ Գուրգեն Սարգսյանի ղեկավարությամբ եւ միայն վերջինիս մահից հետո տեղափոխվել իմ դասարան։ Այո, Հայկն ու Ազատը իմ ուսանողներն են։ Այսօր էլ Հայկը ուսումը շարունակում է Ցյուրիխի կոնսերվատորիայի մագիստրատուրայում, իսկ Ազատն արդեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է։ Թույլ տվեք չհամաձայնել միջազգային մրցույթներին կոնկրետ շեփորահարների պասիվ մասնակցության մասին ձեր դիտարկմանը։ Նույնիսկ քովիդի ընթացքում մեր ուսանողները մասնակցել են օնլայն մրցույթների, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Բելառուսում։ Հայկը, Ազատը եւ Արա Պապանյանն արժանացել են առաջին եւ երկրորդ մրցանակների։

– Այս դիտարկմանը, վստահ ենք՝ կհամաձայնեք. լավագույն, բարձրակարգ շեփորահարները, իհարկե, համալրում են հայաստանյան նվագախմբերը, բայց, տեսեք՝ եթե այսօր հարցում անցկացնենք, ապա ոչ մի հայ շեփորահարի անուն չեն մտաբերի, փոխարենը կբարձրաձայնեն իհարկե ճանաչված Սերգեյ Նակարյակովի անունը։ Ո՞րն է պատճառը, գուցե այն, որ շեփորը՝ որպես մենակատար գործիք, հայաստանցի հանդիսատեսը տեսնում է շա՜տ հազվադեպ… Կարելի է, չէ՞, հանդես գալ կամերային երեկոներով,  ինչպես, օրինակ, դուք, եթե չենք սխալվում, անցյալ տարի մասնակցեցիք ճանաչված երգեհոնահար Կոնստանտին Վոլոստնովի մենահամերգին, հնչեցնելով Վեյվանովսկիի եւ Լոյեի սոնատները։

– Մեր գործիքը կարծես «մոդայիկ» չէ (ժպտում է), խոսքս չի վերաբերում ջազին։  Մեզ մոտ նախընտրում են ջութակը, դաշնամուրը, վոկալը… Իսկ ժամանակ առ ժամանակ կոնկրետ ֆիլհարմոնիկ նվագախումբը որպես մենակատարներ հրավիրում է միջազգային ճանաչում ունեցող շեփորահարների։ Ինչ վերաբերում է կամերային համերգներին, պետք է փաստեմ, որ կոնկրետ իմ ուսանողները հաճախ ելույթներ են ունենում մենահամերգներով, ինչպես նաեւ դասարանական համերգներով։

Շեփորահարն ու երգեհոնահար Կ. Վոլոստնովը ելույթի պահին (Երեւան, 2022թ.,
Կամերային երաժշտության տուն)։

– Մեկ դարը բոլորած մեր կոնսերվատորիայի փողային բաժնի հիմնադիրը ականավոր երաժիշտ, մանկավարժ Վիլհելմ Շպերզինգն էր, որը դասավանդել է մի քանի փողային գործիք։ Ի դեպ, ձեր հոր՝ ֆագոտահար, պրոֆեսոր Գարի Մաիլյանի գրքում հիանալի ներկայացված է այս երաժիշտը։ Ուզում ենք հիշեցնել, որ շեփորի եւ այլ փողային գործիքների դասարաններ փոքր-ինչ ուշ են բացվել…

– Օրինակ՝ մեր ճանաչված երաժիշտներ, պրոֆեսորներ Միքայել Խաչատրյանը, Հայկազ Մեսիայանը Մոսկվայում անվանի Միխայիլ Տաբակովի մոտ ուսանելուց հետո վերադարձան եւ մանկավարժական գործունեություն ծավալեցին Երեւանի կոնսերվատորիայում։ Հետո արդեն Խաչատրյանի դասարանում էր սովորում Յուրի Բալյանը, որն ուսումն ավարտելուց հետո համերգային գործունեությանը զուգահեռ մանկավարժական գործունեություն ծավալեց մեր կոնսերվատորիայում, եւ այսպես շարունակ, մինչեւ մեր օրերը։ Ուզում եմ ասել, որ փողային գործիքների ուսումնառությունն ամուր հիմքերի վրա է եւ ունի լավ ավանդույթներ։

– Մեր նվագախմբերը լուծո՞ւմ են շեփորահարների աշխատատեղերի հարցը, մեր տեղեկություններով՝ ոչ։ Ֆիլհարմոնիկ նվագախումբն ունի ընդամենը 3, սիմֆոնիկը՝ 4, օպերային թատրոնը՝ 6 երաժիշտ։ Գիտենք շեփորահարների, որոնք կոնսերվատորիան ավարտելուց հետո այլ մասնագիտություն են ընտրել։ Եթե համակարծիք եք ասվածին, ի՞նչ լուծում կառաջարկեք։

– Շատ երկրներում գործում են պետական երիտասարդական նվագախմբեր, որոնք բացակայում են մեզ մոտ։ Գուցե մեզ մոտ էլ ստեղծվի երիտասարդական նվագախումբ։ Կան երկրներ, որտեղ նվագախմբերն ունեն իրենց ակադեմիաները, այդտեղ սովորող ուսանողները ուսմանը զուգահեռ աշխատում են նաեւ ակադեմիայում գործող նվագախմբերում։ Ուսումն ավարտելուց հետո էլ, արդեն փորձ կուտակած երիտասարդները մասնակցելով մրցույթների՝ ընդունվում են հիմնական նվագախմբեր։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031