Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատվել «սովորած անզորությունից»

Հունվար 18,2023 13:30

Թե՛ անձնական, թե՛ ազգային մակարդակով դեղատոմսերը նույնն են

Հոգեբանության մեջ կա այսպիսի արտահայտություն՝ «սովորած անզորություն» (learned helplessness): Մասնագետները սկսել են այդ եզրը կիրառել 1960-ական թվականներից: Այդ տարիներին շների հետ արվում էին դաժան, անմարդկային փորձեր. կենդանիներին էլեկտրահարում էին փակ վանդակում: Սկզբից շունն իրեն պատեպատ էր խփում՝ փորձելով վանդակից դուրս գալ: Բայց բազմաթիվ անհաջող փորձերից հետո պառկում էր գետնին ու սկսում էր կաղկանձել: Այնուհետեւ վանդակի դուռը բացում էին, բայց շունն այլեւս փորձեր չէր անում դուրս գալու իրեն «էլեկտրահարող» վանդակից:

Հետագայում այդ փորձերը տարածեցին մարդկանց վրա (որոնց, բարեբախտաբար, չէին էլեկտրահարում): Ծերանոցում մի խմբին առաջարկում էին ինքնուրույն կահավորել իրենց սենյակը՝ այս կամ այն բարելավումն իրականացնելու համար: Երկրորդ խմբին նույնպես բարելավումներ էին խոստանում, բայց ամեն ինչ պետք է աներ ծերանոցի անձնակազմը: Պարզվեց, որ առաջին խմբում թե՛ տրամադրությունն էր ավելի բարձր, թե՛ զուտ ֆիզիկական ցուցանիշներն էին ավելի բարվոք: Իսկ որոշակի ժամանակ անց չափել էին նաեւ մահացության տվյալները եւ արձանագրել էին, որ այն տարեցները, որոնք կարող էին իրենց կյանքը վերահսկել, առավելություն ունեն երկրորդ խմբի նկատմամբ:

Գիտնականները հետեւություն էին արել. անզորության զգացողությունը առաջանում է ոչ թե ինքնին անբարենպաստ վիճակի կամ իրադարձությունների պատճառով, այլ դրանց վրա ազդելու անկարողությունից, իրավիճակը փոխելու բացասական փորձից: Կենդանի էակն իրեն անօգնական է զգում, երբ սկսում է մտածել, որ իրենից ոչինչ կախված չէ, որ դժբախտություններն ու աղետները տեղի են ունենում իր կամքից անկախ, եւ նա վիճակի վրա ազդելու ոչ մի տարբերակ չունի:

Այն իրավիճակը, որում գտնվում է մեր հասարակությունը, կարելի է բնութագրել որպես «սովորած անզորություն»: Երբեմն մենք դա անվանում ենք «անտարբերություն», որը, հավանաբար, ճշգրիտ խոսքը չի:  Շունը, որը պառկել է գետնին, պարբերական էլեկտրական հարվածներ ստանալով, այնպես չի, որ ցավ չի զգում. պարզապես ազատվելու բազմակի չստացված փորձերը մղում են նրան պասիվության: Զուտ ֆիզիկապես նա կարող է վեր կենալ եւ դուրս գալ վանդակից: Պարզապես սպառվել են նրա, այսպես ասած, «բարոյական ուժերը»:

Ի՞նչ է պետք անել՝ այս իրավիճակից դուրս գալու համար, եթե դու մարդ ես կամ հասարակություն: Նախեւառաջ, կարծում եմ, պետք է գնահատել ռիսկերը, սահմանափակումները, վտանգները: Այլ կերպ ասած՝ որոշել այն գինը, որը դու պատրաստ ես վճարել՝ «վանդակից դուրս գալու համար»:

Երկրորդը՝ պետք է գտնել համախոհներ: Այդ համախմբումը պետք է լինի հնարավորինս լայն եւ չպիտի ուղղվի որեւէ մեկի (օրինակ, Փաշինյանի) դեմ: Արցախի եւ հայկական պետականության հարցում կարող են համախոհ լինել «արեւմտամետները» եւ «ռուսամետները», «ներկաներն» ու «նախկինները», իշխանամետներն ու ընդիմադիրները: Ոչ բոլորն, իհարկե: Մի մասը չափից դուրս բարձր է գնահատում իր «էգոն» կամ այն դոգմաները, որոնց հավատում է: Բայց պարզ է, որ «սովորած անզորության» համախտանիշը հնարավոր չէ հաղթահարել միայնակ:

Եվ վերջինը: «Սովորած անզորությանը» նպաստում են որոշակի բառեր կամ պատումներ, որոնք ընդունված են մեզանում այսօր: Այդպիսի բառ է «ցեղասպանությունը», որը, կարծում եմ, սպասվող իրադարձությունների համատեքստում պետք է հնարավորինս հազվադեպ օգտագործել: Ցեղասպանությունը, մեր ազգային ընկալմամբ, մի աղետ է, որը 1915 թվականին հնարավոր չէր կանխել: Այդ բառը հաճախ կրկնելն, իմ համոզմամբ, նշանակում է՝ նստել եւ սպասել, թե երբ է այդ աղետը կրկնվելու:

Ճիշտ է նկատված՝ առաջ հպարտանում էինք մեր ցեղասպանությամբ, հիմա՝ մեր անզորությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031