Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան նորացված հակամարտությունն ընդգծում է Ռուսաստանի նվազող ազդեցությունը. NYT

Հունվար 17,2023 22:20

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականում լույս է տեսել թերթի մոսկովյան բյուրոյի ղեկավար Անտոն Տրոյանովսկու «Հայաստան-Ադրբեջան նորացված հակամարտությունն ընդգծում է Ռուսաստանի նվազող ազդեցությունը» վերտառությամբ հոդվածը, որի թարգմանությունը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

2020թ. վերջին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդեց Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ավարտը և երկու կողմերի միջև 2000 ռուս խաղաղապահ զորք տեղակայեց, թվում էր՝ դա ռազմավարական վարպետության լավ դաս է:

Գործարքը Ռուսաստանին տվեց ռազմական ներկայություն հետխորհրդային մի երկրում՝ Ադրբեջանում, միաժամանակ խորացնելով մեկ այլ երկրի՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ որպես իր անվտանգության երաշխավոր: Այն դիրքավորեց պարոն Պուտինին որպես խաղաղարար և կարծես թե հաստատում էր նրա այն պնդումը, թե Ռուսաստանն այնտեղ օրինական ազդեցություն ուն՝ որպես միակ ուժ, որը կարող է կայունություն պահպանել նախկին խորհրդային տարածությունում:

Երկու տարի էլ չանցած՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջանի շուրջ հակամարտությունը կրկին թեժանում է, իսկ ուկրաինական պատերազմով զբաղված ու թուլացած Ռուսաստանը չի միջամտում: Արհամարհելով ռուսական ներկայությունը՝ ադրբեջանցիները փորձարկում են, թե արդյոք Մոսկվան Ուկրաինայում իր պայքարի պայմաններում դեռևս ի վիճակի է և վճռական է պարտադրել իր կամքը մյուս, ավելի փոքր հարևաններին:

Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող լեռնային ճանապարհն արգելափակվել է ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ակցիաների պատճառով, ովքեր պնդում են, թե դեմ են այդ տարածքում ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներին: Ադրբեջանի կառավարությունը հավանություն է տվել բողոքի ակցիաներին. հայերն էլ ասում են, թե Ադրբեջանն է նրանց ուղարկել և քննադատում են ռուս խաղաղապահներին ճանապարհը բաց չպահելու մեջ:

«Կարելի է նկատել, որ Ռուսաստանի ռեսուրսները տարածաշրջանում սահմանափակվում են,- NYT-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող կառավարամետ վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը։- Ռուսաստանը թուլանում է»:

Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետներն ունեն քիչ ալկոհոլ ու կոնֆետ, իսկ տակդիրների և հիմնական դեղերի պաշարներն այնքան քիչ են, որ, ըստ տեղացի լրագրող Տաթև Ազիզյանի, բնակիչները դրանք փնտրելու համար  Facebook-ում  գրառումներ են կատարում: Ուրբաթ օրվանից մարդիկ պետք է բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար կամ շաքարավազ գնելու համար պետք է կտրոն ներկայացնեն:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա վերափոխեց հարաբերություններն ամբողջ աշխարհում, ինչը թերևս ոչ մի տեղ այնքան տեսանելի չէ, որքան Եվրոպայի և Ասիայի սահմանին, ուժեղացնելով Թուրքիայի և Իրանի ձեռքերը, որոնք այժմ Մոսկվայի համար առևտրի և զենքի կարևոր աղբյուրներ են, միևնույն ժամանակ խաթարելով ռուսական ազդեցությունը Կովկասում:

Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի գլխավորած հետխորհրդային վեց երկրների ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և  իր տարածքում ունի ռուսական ռազմաբազա։ Սակայն մինչ օրս Կրեմլը, զբաղված Ուկրաինայով, քայլեր չի ձեռնարկել իր դաշնակցին օգնելու համար:

«Ուշադրության ողջ կենտրոնացումն Ուկրաինայի վրա իրավիճակը դարձնում է ավելի փխրուն և նոր հնարավորություն է տալիս Ադրբեջանին ուժ կիրառելու և ավելի ագրեսիվ լինելու համար»,- վերջերս մի հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահան Կոստանյանը։

1990-ականների սկզբին Հայաստանը հաղթեց Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ պատերազմում՝ վերահսկողության տակ վերցնելով Ադրբեջանի ընդհանուր տարածքի մոտ 13 տոկոսը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանը դրա մեծ մասը հետ գրավեց, երբ օգտվելով բնական գազից ունեցած շահույթից՝ առաջատար սպառազինություն գնեց Թուրքիայից և Իսրայելից և հարձակում սկսեց 2020թ.:

Վերջին պատերազմն ավարտվեց 44 օր հետո Պուտինի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում, և ռուսական զորքեր տեղակայվեցին՝ պաշտպանելու Ստեփանակերտում և շրջակայքում մնացած հայերին և այն Հայաստանին կապող ճանապարհը:

Այժմ, որոշ հայեր կարծում են, որ Ադրբեջանը, ճանապարհներն արգելափակելով, մտադիր է սովամահ անել նրանց: «Սա նրա համար է, որ մենք հեռանանք մեր հայրենիքից,- NYT-ի հետ հեռախոսազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղում ապրող լրագրող Տաթև Ազիզյանը:- Դա է նրանց նպատակը»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ շաբաթ ասել էր, որ «ով չի ուզում դառնալ մեր քաղաքացին, ճանապարհը փակված չէ, այն բաց է, և երբ ուզեն, կարող են հեռանալ»։

Երկու երկրներում էլ Ռուսաստանի լծակները նվազում են։  Ուկրաինական ներխուժումն ավելի փոխեց Ադրբեջանում հասարակական կարծիքը Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորախմբի դեմ, ասում է Բաքվում Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Զաուր Շիրիևը։ Հայաստանում էլ Ռուսաստանի ռազմական աջակցությունն ավելի քիչ ձեռնտու է թվում, քանի որ Ռուսաստանն այլևս սպառազինության առատ արտահանող չէ,և պարոն Պուտինը ցանկանում է սերտ կապեր պահպանել Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ։

Հայ քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն ասում է, որ ուկրաինական պատերազմը «ստեղծել է մի միջավայր, որտեղ ռուսական զսպող ուժը չի գործում տարածաշրջանում»:

Քիչ հստակություն կա, թե ինչպես կարելի է կարգավորել ներկայիս ճգնաժամը: Ադրբեջանը պնդում է, որ չի շրջափակել Լեռնային Ղարաբաղը, և որ մարդասիրական և բժշկական նպատակներով երթևեկությունը թույլատրվում է: Սակայն տեղում իրավիճակը գնալով ավելի սարսափելի է թվում Լեռնային Ղարաբաղի հայերի համար, ովքեր շրջափակված են սահմանափակ քանակով սննդով և այլ առաջին անհրաժեշտության իրերով և կտրված են ընտանիքի անդամներից, ովքեր ճգնաժամի սկզբում Հայաստանում էին:

Ազիզյանն ասում է, որ ինքը վերջերս  6 ժամ հերթ է կանգնել բանկոմատի համար, իսկ այնպիսի պարզ բաները, ինչպիսիք են նարինջը, պանիրը կամ ջերմիջեցնող դեղամիջոցները, դարձել են ճոխություն: Մանկապարտեզներն էլ, նրա խոսքով, փակ են սննդի պակասի պատճառով։

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ վերջերս ռուսական խաղաղապահ զորքերը ցույց տվեցին, թե ինչպես են մարդասիրական օգնություն բաժանում տեղի ծննդատան մոտ, բնակիչները սոցիալական ցանցերում բաժանվել են երկու ճամբարների. ոմանք շնորհակալություն են հայտնում ռուսներին, իսկ մյուսները հարց բարձրացնում՝ ինչու նրանք ավելին չեն անում:

«Ոչ ոք չի հասկանում՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի կարողանում բացել ճանապարհը,- ասում է Ազիզյանը:- «Մարդիկ սկսել են զայրանալ ու իրենց վրդովմունքն արտահայտել խաղաղապահների նկատմամբ։

Թեև Ադրբեջանը հաղթեց 2020թ.պատերազմում, նա դեռ չի հասել իր բոլոր նպատակներին, այդ թվում տրանսպորտային միջանցք դեպի ադրբեջանական էքսկլավ՝ Նախիջևան, որը երկիրն ուղիղ գծով կկապի Թուրքիայի հետ: Ադրբեջանը նաև ձգտում է ավելի մեծ վերահսկողություն իրականացնել այժմ փակված ճանապարհի վրա, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, պնդելով, որ Հայաստանն օգտագործում է այն ապօրինի կերպով ականներ տեղափոխելու համար:

Ռուսաստանը փորձում է սրացման պայմաններում գնալ միջին ճանապարհով. թեև Հայաստանը ռազմական դաշնակից է, պարոն Ալիևը մտերիմ հարաբերություններ է զարգացրել պարոն Պուտինի հետ, և երկու երկրներն էլ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում կարևոր տնտեսական գործընկերներ են Ռուսաստանի համար:

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին դրսևորել բարի կամք և միասին փոխզիջումներ փնտրել», – անցյալ շաբաթ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Կրեմլը շարունակում է ձեռքը պահել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վրա. Պուտինը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցավ: Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ակնհայտ հիասթափությամբ նշեց, որ «ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ»։

Անցյալ շաբաթ Փաշինյանն ավելի հեռուն գնաց՝ չեղարկելով այս տարի Հայաստանում Ռուսաստանի գլխավորած դաշինքի կողմից ծրագրված զորավարժությունները։

«Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում նրա անվտանգությունը, այլև սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար»,- ասել է Փաշինյանը:

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ քիչ հավանականություն կա, որ Հայաստանը շուտով կկարողանա անջատվել Ռուսաստանից իր կախվածությունից:

«Հայաստանը հսկայական ռազմավարական խնդիր ունի», – ասում է «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը,ով տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է հակամարտությունը: Նրա խոսքով՝ թեև Փաշինյանը կուզեր վարել «շատ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, բայց, այնուամենայնիվ, նա կառչած է Ռուսաստանին՝ որպես իր հիմնական ռազմաքաղաքական դաշնակցի»։

Այդուհանդերձ, մինչ Մոսկվան զբաղված է, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մեծացրել են իրենց սեփական ջանքերը՝ կայուն խաղաղություն հաստատելու և Կովկասում իրենց ազդեցությունն ավելացնելու համար: Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են անցյալ տարվա օգոստոսին և հոկտեմբերին Եվրամիության կողմից կազմակերպված հանդիպումների ժամանակ, իսկ նոյեմբերին Վաշինգտոնում հանդիպել են երկու երկրների արտգործնախարարները։

Վերլուծաբանները երկակի բանակցային ուղիները որակում են որպես անսովոր՝ մեկը գլխավորում է Ռուսաստանը, մյուսը՝ ԵՄ-ն, այն ժամանակ, երբ Մոսկվան և Արևմուտքը կաղապարված են վերջին տասնամյակների ընթացքում իրենց ամենաինտենսիվ հակամարտությամբ: Բայց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույցում ասել է, որ կապի մեջ է եղել իր ռուս գործընկեր դիվանագետ Իգոր Խովաևի հետ և անցած աշնանը երկու անձնական հանդիպում է անցկացրել նրա հետ։

«Ներկա պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի համար պոտենցիալ ավելի շատ հնարավորություն կա՝ իրենց հակամարտությունն ըստ էության հաղթահարելու համար,- ասել է Քլաարը։ – Հարցն այն է, թե արդյոք նրանք կարող են օգտվել այդ հնարավորությունից»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031