Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում է սպիտակ ձին, որին վիրավոր շահագործելը մեծ աղմուկ էր հանել Գյումրիում (Ֆոտոշարք)

Հունվար 17,2023 21:12

Գյումրիում սպիտակ վիրավոր ձիուն շահագործելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես անդրադարձել էինք, հասարակության մեծ մասը, հատկապես կենդանասերները ծայրաստիճան ցավագին էին ընդունել վիրավոր ձիուն տանջելու, նրանով փող աշխատելու փաստը, զբոսաշրջիկներին կոչ արել չօգտվել այդ կառքից և պատժել կառապանին։

Կառապանը Արտուշ Գևորգյանն է, որը եղել է ազատ ոճի ըմբիշ, իր փաստմամբ, չնայած մեծ հաջողություններին՝ վնասվածք ստանալու պատճառով ստիպված է եղել դուրս գալ սպորտից։

Արտուշ Գևորգյանը, սակայն, ինքն իրեն ներկայացնելիս՝ նշում է, որ մեծ կենդանասեր է․ 8 տարի շարունակ ձիեր է պահում, իսկ դրանից առաջ տարբեր կենդանիներ՝ խոզեր, հավեր, աղավնիներ, շներ, նույնիսկ գայլի ձագ է պահել։ Այս պահին երեք ձի ու գամփռներ ունի։

Իր սիրելի սպիտակ ձիու՝ Բույանի շուրջ ստեղծված աղմուկն անակնկալի է բերել իրեն։

«Քննադատողների մեջ էդպիսի մարդու չգտա, որին իրոք կարելի էր պատասխանել ու չուզեցի թանկ ժամանակը, որն առանց այն էլ սուղ է, տրամադրել իրենց։ Միայն մի բան կասեմ՝ անգործությամբ մի զբաղվեք, ժողովուրդ, էդ ժամանակը, որ ձեզ Աստված տվել է, օգտագործեք ապրելով, բարի գործ անելով։

Քննադատելն ամենահեշտ բանն է, կային կենդանասերներ, որոնք եկան, հասան մեր տուն, մեր բակ, տեսան ձիուն։ Նրանք ոչ մի մեկնաբանություն չէին գրել, հեռախոսահամարս էին գտել։ Հարցրեցին՝ կարելի՞ է տեսնել ձիուն, հրավիրել եմ, եկել են, ցույց եմ տվել, համոզվել են, որ իմ կենդանիները խնամված են»,-ասաց կառապանը։

Վերջինս նշում է, որ իր սպիտակ ձիու վիրավորելու պատճառը եղել է նոր գնված խամութը, այն քերծել է կենդանու մաշկը։ Ըստ կառապանի, անհնար է նախապես կանխատեսել՝ այն կվնասի՞ կենդանուն, թե՞ ոչ, ինչպես որ օրինակ՝ նոր գնված կոշիկը, չգիտես քայլելու ընթացքում կվնասի, թե ոչ։

Արտուշ Գևորգյանի պատմելով, այդ օրը խանութից նոր խամութ է բերել, ուսումնասիրել՝ հո մեխ, փայտ չկա, որ վնասի կենդանուն ու համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նոր միայն լծել է ձիուն։ Քաղաքի ծայրամասից, որտեղ որ բնակվում են, հասել է Գյումրու պատմական կենտրոն ու նոր միայն նկատել, որ ձիու վրա վերք կա․ խամութը վնասել է նրան։

«Ոչ մեկն ապահովագրված չէ դրանից, դա նույնն է, որ մարդ կոշիկ է գնում՝ չգիտի դա կվնասի ոտքը, թե չէ։ Տեսել եմ, որ ձիուն խամութը վնասել է, իջել եմ անասնաբուժարան, դեղ վերցրել, մշակել վերքը, մինչև աղմուկ հանողների գալը, վերքն արդեն մշակված էր։

Եթե այդ աղմուկը հանողը չգար ու չհրահրեր, ես սպիտակ ձիուն տուն պիտի ուղարկեի, բերել կտայի սև ձիուն։ Հրահրեց, հրահրեց, հրահրեց, իսկ մարդը համբերություն ունի, բաժակը լցվում է, զուտ իրենց մակարդակին չիջնելու համար, սպիտակով ձիով հասել եմ Չուլոշնի, նոր սև ձիուն բերել, լծել ենք։ Ձի տանել-բերել, լծելն այսքան ավտոմեքենաների մեջ հեշտ բան չէ, ասենք մեքենայից իջնել, դուռ փակել չէ, որ բոլորը կարողանան անել։

Ներկայացնում են, թե բիզնեսի համար եմ ձիուն տանջել, չի կարող նման բան լինել, քանի որ ամենաքիչը 8 տարի պահում եմ ձիուն, իսկ ֆայտոնը սարքել եմ հունիս ամսին։ Եթե որպես բիզնես դիտարկեինք՝ կամ ֆայտոնը մի տարի առաջ կսարքեի, կամ էլ ձին կպահեի հունիս ամսից։ Կենդանասեր եմ, ինչ կենդանի պահել եմ, լավագույն ձևով եմ պահել, ֆայտոնն էլ ես եմ սարքել իմ ձեռքով։ Կենդանիներին ծանոթ էի, այնպես սարքեցի, որ թեթև լինի, կենդանու համար հարմարավետ, հանկարծ չտանջվեն»,- ասաց կառապանը։

Ըստ նրա, անկախ այն հանգամանքից ձին վիրավոր էր, թե չէ, առիթ են փնտրել աղմուկ հանելու, քանի որ նրանք վրդովված են եղել ձիուն կառքին լծելու փաստից, իրենց համար անընդունելի է եղել դա։

Կառապանը մեր այցի ընթացքում ցույց տալով իր ձիուն ու վստահեցնելով, որ առողջ է, իրեն լավ է զգում, իրեն քննադատողներին հարցնում է․«Եթե էդքան սրտացավ էիք, իսկական կենդանասեր էիք, ոչ թե, չգիտեմ ինչ բառերով ասեմ՝ շառլատանություն, կլյաուզաներ կամ մարդկանց անուններ հետ խաղալ սիրող էիք, էս պատմությունից հետո գայիք, մի հատ կենդանուն տեսնեիք, հատկապես որ նկարագրում էիք շատ վատ վիճակում է։

Թող գային, մի հատ կենդանու կողքը կանգնեին՝ տեսնեին ապրեց, թե սատկեց։ Կամ գուցե սպիտակ ձիուց բացի իրենց նկարագրած հարյուր հատ խոշտանգված կենդանի կա՞ր իմ բակում, հլը թող մի հատ հետևողական լինեին, գային տեսնեին։ Էդ երբ հետաքրքրվեցին, եկան, տեսան՝ լավ էր, վատ էր, իրենց նկարագրած խոշտանգված կենդանին ապրեց, թե չապրեց»։

Հարուցված քրգործի շրջանակում կառապան Արտուշ Գևորգյանին հարցաքննել են, քննիչը փորձագետների ու անասնաբույժների հետ եկել է, ձիուն զննել։ Անասնաբույժները, ըստ կառապանի, եզրակացություն են տվել, որ վնասվածքն առաջացել է խամութի հետ շփումից և որ ձիու առողջությանը, առավել ևս կյանքին վտանգ չկա։

«Քրգործն ընթացքի մեջ է, չգիտեմ էլ ուր է հասել, միայն գիտեմ, որ խամութը տարան փորձաքննության։ Քննչականում նշել էին, որ խամութը երկաթից է, եկան, ես ցույց տվեցի, որ երկաթից չէ ։ Նույնիսկ քննիչի ներկայությամբ մատներով ջարդել եմ այդ փայտը, խամութը պետական արտադրության է եղել, էնպես չէ, որ ես եմ սարքել կամ ինչ-որ մեկը սարքել է, լավ չի սարքել, այն Սովետի ժամանակվանից սարքված է, վաճառվում էր, ես էլ գնել եմ », -ասում է Արտուշ Գևորգյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031