Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը Եվրոպայի խորհրդի տարածք է համարվում եւ այնտեղ օրենքը, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պետք է գործի». Արա Ղազարյան

Հունվար 17,2023 20:45

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը անդրադարձել է Հաագայի՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ին եւ 31-ին «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացրած հայցերի լսումներին։ Հունվարի 30-ին նախատեսված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու եւ դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը։

Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղափոխումը, ինչը ներկայումս անհնար է դարձել էկոակտիվիստներ ներկայացող անձանց կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետեւանքով։

«Երկու դատական ատյաններում զուգահեռ ընթացող վարույթներ են։ Նախկինում նման դեպքեր չեմ հիշում։ Հորիզոնական հարթությունում երկու դատարաններն էլ իրար հետ խոսում են, բայց ոչ բաց՝ վակուումում չեն գործում։ Ի վերջո, երկու դատարաններն էլ հարցին մոտենում են մարդու իրավունքների պրիզմայով՝ Եվրոպական դատարանը ավելի շատ, քան Հաագայի դատարանը։ Մենք արդեն ունենք երկու դատական վարույթ»,-ասաց մասնագետը։ Արա Ղազարյանը կարծում է, որ նախարարների կոմիտեն հաջորդ քայլով կոնկրետ հարցադրումներ կանի Ադրբեջանին, թե ինչն է պատճառը, որ Եվրոպական դատարանի որոշումը չի կատարում։ Միջազգային եւ ընդհանրապես դատարաններում ամենակարեւորը ապացույցն է։ Եվ այստեղ՝ Եվրոպական եւ Հաագայի  դատավորների մոտ արդեն ձեւավորված է ներքին համոզմունք, որ այն, ինչ Ադրբեջանն ասում է միջազգային հանրությանը, հատկապես, որ դա տարբերվում է նրանից, թե ինչ է ասում Ադրբեջանը իր հասարակությանը, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն, հայկական կողմին ավելի ու ավելի հեշտ է դառնում փաստարկներ անցկացնել միջազգային այս ատյաններ։

Արա Ղազարյանը վստահ է, որ հայկական կողմի հայցը կբավարարվի․ «Անպայման կբավարարվի։ Հարցն այն է, թե երբ, որքան արագ այդ վարույթը կանցկացվի եւ Ադրբեջանը որոշումները կկատարի, թե ոչ։ Ինձ որպես իրավաբանի, ավելի շատ հետաքրքրում են դատական ատյանի որոշումները, բայց որպես քաղաքացի, ինձ հետաքրքրում է քաղաքական հետեւանքները, որովհետեւ վերջին խոսքը քաղաքական գործընթացներին է մնում»։

Aravot.am-ի հարցին, թե հարցը դրված է Լաչինի միջանցքը բացել Ադրբեջանի տարածքո՞ւմ Ղարաբաղի հայ համայնքի, թե՞ Արցախի Հանրապետության հայ բնակչության առջեւ, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Համայնքի, եթե իրավական գործընթացների մասին ենք խոսում։ Կա համայնք, որը ցանկանում է տեղաշարժվել եւ այդ համայնքը արգելափակվել է։ Այդ համայնքը ունի մարդու իրավունքներ եւ այդ համայնքը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածքում։ Արցախը Եվրոպայի խորհրդի տարածք է համարվում եւ այնտեղ օրենքը պետք է գործի։ Իսկ օրենքը տվյալ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է։ Հակառակ դեպքում Եվրոպական դատարանն այս գործերն ընդհանրապես վարույթ չէր ընդունի։ Եվրոպական դատարանը նույնպես համարում է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի տարածք է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031