Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԵՄ նոր դիտորդական առաքելությունը պարեկություն իրականացնելու Հայաստանի ողջ տարածքում

Հունվար 17,2023 20:15

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Նախորդ՝ երկամսյա առաքելության մասին որոշումը, հիշեցնենք, կայացվեց  հոկտեմբերի 7-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Չեխիայի մայրաքաղաքում կայացած հանդիպման արդյունքում: Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: ԵՄ դիտորդների 40 հոգանոց խումբը առաքելությունն իրականացրեց 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը:

Թե ի՞նչ սպասելիքներ ունենալ ԵՄ դիտորդական նոր առաքելությունից, Aravot.am-ի հետ զրույցում, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ասաց. «Այս առաքելության համար օբյեկտիվ, մասնագիտական եւ տրամաբանական գնահատական տալու համար, առավել քան կարեւոր է ծանոթանալ նախորդ երկու ամիսների՝ նրանց իրականացրած աշխատանքին, այդ առիթով պատրաստված զեկույցին: Քանի դեռ այդ զեկույցին ծանոթ չենք, տեղյակ չենք դրա բովանդակությունից, դժվար է երկու տարով ժամանող առաքելությունից սպասելիքների մասին խոսել»:

Զեկույցը հանրայնացված չէ:

Ուշագրավ էր, որ ի տարբերություն երկամսյա առաքելության, սպասվող դիտորդական խումբը պարեկություն է իրականացնելու Հայաստանի ողջ տարածքում, ինչը որոշակի հարցադրումների տեղիք է տալիս: Այս առիթով էլ, մեր զրուցակիցն ասաց. «Փաստացի, մենք եվրոպացի դիտորդներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն թեժ կետերում գործողություններ իրականացնել, այլ հնարավորություն ենք տալիս Հայաստանի ողջ տարածքում պարեկություն իրականացնել: Այս համատեքստում, ենթադրվում է, որ սպասվող լայնամասշտաբ պատերազմի ինչ-որ գնահատականներ, վտանգներ կան, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով խոսել է. մասնավորաբար, հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Այս համատեքստում, վտանգն առավել քան մեծ է եւ Հայաստանը, կարծում եմ, այս նկատառումներից ելնելով է համաձայնել ու իրավունք տվել եվրոպացի դիտորդներին, որպեսզի նրանք Հայաստանի ողջ տարածքում առաքելություն իրականացնեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031