«Վերջերս Սյունիքի ամենահին համայնքներից մեկում էի՝ Կոռնիձորում։ Այն, ինչ տեսա, մեղմ ասած մտահոգիչ էր։ 44-օրյա պատերազմից հետո Կոռնիձորը լրջագույն անվտանգային խնդիրներ ունի։ Երկու տարի անց գյուղը չունի պաշտպանական գիծ։ Թշնամին մերձակայքում է։ 30 տարի դուռ չկողպած կոռնիձորցին հերթապահություն է անում, որ թշնամին գյուղ չմտնի»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ կոռնիձորցիները զրկվել են արոտավայրերից, վաճառել անասուններին, եւ ապրուստի միջոց չունենալով՝ շատերը հեռացել են գյուղից եւ երկրից․ «Չորս կողմից թշնամու դիրքերով շրջապատված գյուղը չունի ոռոգման ջուր, զրկված է եկամտի աղբյուրից, գյուղացիները մնացել են միայն նպաստի հույսին։ Հացահատիկի դաշտերը եւս անցել են թշնամուն։ Կոռնիձորում ապագա կա՞, հարգելի գործընկերներ։ Խաղաղության դարաշրջանը գյուղացուն անպաշտպան թողնելո՞վ եք պատկերացնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ