Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գործարար կապերի ակտիվացումն ու ներդրումային ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:
ՀՀ ԱԳՆ