Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայտարարվեր ԱՀ նախագահի հրաժարականը, և ԱԺ-ն ցրվեր, կատարվելու էր Ադրբեջանի պահանջներից մեկի բավարարում՝ Արցախի ընտրված ներկայացուցիչ»․ Նաիրա Կարապետյան

Հունվար 17,2023 19:30

«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ուղիղ ազդեցություն է ունենալու նաև ողջ տարածաշրջանի, այդ թվում մեր երկրի ապագայի վրա»,- «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը։

Ըստ նրա՝ Արցախում գործընթացները ճիշտ չընթանալու դեպքում կարող էինք արձանագրել պետական ինստիտուտների կազմաքանդում։ Նա պարզաբանեց․«Ամենևին էլ չմտնելով դավադրությունների տեսության մեջ՝ կարել է պարզ զուգահեռներ անցկացնել, որ թուրքական պետություններն առանց թաքցնելու առաջին իսկ օրվանից ԱՀ պետնախարարի դեմ սկսեցին դեմարշ՝ անվանելով նրան ռուսական  դրածո, պահանջելով նրա հեռացումը։ Այդ արձանագրված փաստին, պահանջին շարունակություն ապահովելու ցանկացած քայլ դավաճանական է»։

Անդրադառնալով ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարություններին՝  մասնավորապես իր՝ նախագահի թեկնածուի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին՝ Նաիրա Կարապետյանն ասաց․ «Հիշենք, որ Արթուր Թովմասյանն Արայիկ Հարությունյանի կուսակցության ներկայացուցիչն է և ըստ երևույթին արտահայտում է  նրա կուսակցության դիրքորոշումը։ Կարելի էր ենթադրել, որ Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան հակամարտությունը հասել էր իր կիզակետին։ Այն, ինչի մասին խոսվեց, խոսելու էր ԱՀ դադարեցման վերաբերյալ։ Այլ բան է՝ պաշտոնական փաստաթղթերում, ելույթներում դադարել օգտագործել ԱՀ արտահայտությունը, դա նշանակում է որոշակի օրակարգի սպասարկել, պատվեր կատարել, գոյություն ունեցող պետական համակարգը քանդել»։

Նաիրա Կարապետյանը նաև ներկայացրեց, թե ինչ կլիներ Արցախում, եթե գոնե այս պահին չկանխվեր ստեղծված իրավիճակը․ «Եթե հայտարարվեր նախագահի հրաժարականը և ԱԺ-ն ցրվեր, իսկ Արցախի Սահմանադրությամբ՝ ԱԺ և նախագահական ընտրությունները միաժամանակ են տեղի ունենում, բնականաբար, Ադրբեջանն անելու էր ամեն ինչ ընտրության օր նշանակված օրը միջամտություն անելու և, որ հենց նույն ԱՀ սահմանադրության համաձայն՝ ընտրությունները կայացած չլինեին։ Կլիներ կազմաքանդում։ Կանխատեսումս այն է, որ Արցախի իշխանություններն այդ դեպքում պարզապես գոյություն չէին ունենա, և 2018-2019-ին շրջանառության մեջ դրված վտանգավոր բառակապակցությունը՝ Արցախի ընտրված ներկայացուցիչ, որը պետք է մասնակցի բանակցություններին, կլիներ պարզապես մարդ, որը կխոսեր Արցախում ապրող հայերի անունից Ալիևի հետ։ Կլիներ Ալիևի պահանջներից մեկի բավարարում՝ կորցնելով Արցախում հաստատված պետականությունը, որը շատ ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանն իր ողջ 30 տարիների ընթացքում»։

Նաիրա Կարապետյանն ասաց, որ այժմ ուսումնասիրում է Ռուբեն Վարդանյանին՝ որպես անձ ու գործիչ և այս պահին գնահատականներ տալ չի կարող։ Այնուհետև մանրամասնեց․ «Այս պահից նրան դիտարկում եմ՝ որպես Արցախի պետնախարար, իմ գնահատմամբ՝ տեսնում եմ պաշարված պետության առաջնորդ չասեմ, բայց մարդ, որն իր վրա վերցրել է պատասխանատվություն, որ ի լուր աշխարհի հայտարարում է, որ կայացրել են դժվար որոշում, բայց մնալու են այնտեղ, ապրեն։ Իսկ դա խանգարում է թուրքական մեծ օրակարգին։ Նախ Ռուբեն Վարդանյանի անունը ռուսական ուժերի հետ կապելը մեծ օրակարգի մի մաս է, որպեսզի ՌԴ-ի հետ կապի ազդեցության ներքո կարողանան ազատվել այդ մարդուց»։

Կրկին մեկնաբանելով Արցախում կատարվածը՝ նախկին պատգամավորն ասաց․ «Արայիկ Հարությունյանը, ուղղակի մեղավոր լինելով մեր այս մեծ դավաճանական պարտության մեջ, ինքնագլուխ հաստատ այդ քայլին չէր գնա և ինքնագլուխ ազդեցությունների գոտիների բաժանման մեջ չէր մտնի, եթե չունենար այստեղից հանձնարարություն։ Հանգում ենք եզրակացության, որ Արցախի հարցը գոնե հինգ տարի առաջ եղած իրավիճակին՝ կարգավիճակային առումով վերադարձնելու համար առաջին հերթին մեզ պետք են այլ իշխանություններ՝  հստակ օրակարգով»։

Նաիրա Կարապետյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր տարածաշրջանում, ՌԴ-ին այստեղից հանելու՝ աշխարհի պայքարն է։

Անդրադառնալով Բերձորի միջանցքի խնդրին և Արցախի շրջափակմանը, Նաիրա Կարապետյանն ասաց. «Բերձորի միջանցքը որևէ կերպ չի կարելի բացել որևէ պահանջի դիմաց, որովհետև այն այդ դեպքում փակվելու-բացվելու է, մի քիչ երկար, կարճ։ Ըստ իս՝ Արցախի հանրությունը գրագետ քայլ արեց, որ դադարեցրեց Կաշենի հանքավայրի շահագործումը և հրավիրեց միջազգային դիտորդների։ Որևէ միջազգային կազմակերպություն չարձագանքեց, սրանով հաստատվեց, որ խնդիրը կապ չունի բնապահպանության հետ։

Ադրբեջանն ինքն է կրակն ընկել այս ակցիայի ձեռքը և մտածում է՝ ինչպես այն դադարեցնել՝ երեսը պահելով։ Փոքր ակցիաներ են սկսել անել Բրյուսելում, եվրոպական քաղաքներում, բողոքի նոտաներ են հնչեցնում, որ լավ չեն լուսաբանվում այդ բնապահպանական ցույցերը։ Նրանք գնալու են Բերձորի միջանցքից։ Մեր հայրենակիցների զրկանքների գնով, եթե կարողանանք չկատարել պայմանը, որը մեր առաջ դրված է, սա մի փոքրիկ հաղթանակ է լինելու։ ԱՀ-ի սուբյեկտայնությունը այս շրջափակմամբ Ադրբեջանի կողմից բյուրեղացվեց։ Արցախը սկսեց ընկալվել՝ որպես առանձին միավոր։ Արցախից եկող ուղերձները խոսում էին այն մասին, որ գոյություն ունի 120 հազար բնակչություն, որը շրջափակման մեջ է․պայքարում են իրենց կյանքի համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031