Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին և Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով

Հունվար 17,2023 17:57

Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն ավելի քան 30 օր արգելափակված է, ինչը Լեռնային Ղարաբաղում առաջացրել է սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված նիստում ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարբենթերը՝ հավելելով, որ դրանք անվիճելի փաստեր են:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին, անհապաղ վերականգնել անխափան տեղաշարժը, համաձայն ստանձնած հանձնառությունների, որոնք հստակ ներառում են երաշխիքներ, ինչպես դուք [ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը] մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության համար»: Լաչինի ճանապարհով մասնավոր և առևտրային բնույթի երթևեկության շարունակական խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այս տարածքում ապրող բնակչության մասնավոր ​​իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- ասել է Քարփենթերը:

Նա նաև նշել է, որ ինքն ակնկալում է, որ բովանդակային քննարկում տեղի կունենա Լեհաստանի նախագահության Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ:

«ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ հնարավորություններ ունեն աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել երկու երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031