ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք բուհերի մասին հնչել էին մինչեւ 2018թ․-ը եւ որոնք այս ընթացքում, Գալստյանի բնորոշմամբ, պայթեցին օճառի պղպջակի պես։
Այդ հայտարարություններից են՝ «մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական երեւույթները», «բուհերի ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ», «բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն», «ռեկտորները չպետք է կուսակցական լինեն», «որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի»։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ իրականությունն այլ է, որովհետեւ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, պոլիտեխնիկինը՝ Տիգրան Ավինյանը, իսկ Բրյուսովում մինչեւ վերջերս փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էր․ «Բայց ՔՊ առաջնորդն ասում է, որ նրանք բուհեր են գնացել ոչ թե դրանք ՔՊ-ացնելու համար, այլ, ուշադիր, որ բուհերը պաշտպանեն կուսակցականացումից։ Պարոնյանը երեւի կնախանձեր մտքի նման սլացքին, բայց սա ոչ թե գրականություն է, այլ մեր ամենօրյա կյանքը՝ ստի եւ երեսպաշտության մեջ թաղված»։
Լիլիթ Գալստյանը համոզմունք հայտնեց, որ թավշով իշխանության եկած, իսկ իրականում ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունն ամրապնդող այս խմբակին կնախանձեին անգամ Չաուշեսկուները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ