«Հասարակության մոտ այս իրավիճակում ապատիա և վատ վերաբերմունք գոյանում է գրեթե բոլոր խաղացողների նկատմամբ, ինչն անելանելիության զգացման բնական արդյունք է»,- «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իր ասուլիսի ժամանակ հնչեցված տեսակետներին, հարցրեց՝ արդյոք պատասխանե՞ց այն հարցին՝ այն ռիսկերը, տագնապները պատերազմի հավանականության, անվտանգային, տնտեսական ռիսկերի տեսքով զսպվա՞ծ են։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կատարե՞լ են աշխատանք, որը փոքր-ինչ ավելի քիչ է դարձրել պատերազմի հավանականությունը և ավելի պինդ է դարձրել ՀՀ-ի մեջքը։ Այնուհետև շարունակեց․«Արդյոք մենք ունե՞նք նոր դաշնակիցներ, որոնք ինչ-որ հարցով մեզ անվտանգության թեմայով նեցուկ կլինեն։ Հասկանալի է, բոլորս տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանն արդեն տգեղ ու ոչ սահուն կերպով փորձում է ՌԴ-ին հանել Հարավային Կովկասից։ Ռուսական արձագանքն էլ է փոխվում՝ կոպիտ, կոշտ ու ոչ հարիր մեկնաբանությամբ՝ ուղղված երկրների ղեկավարներին։ Որովհետև այլ ճար չի մնացել ռուսներին։ Այնքան են ակնհայտ դարձել հակառուսական այդ հարձակումները։ Հասկանալի է՝ եթե մի բանը հեռացնում ես, տեսլականում պետք է այլ բան ունենաս։ Կա՞ որևէ այլ ուժ, որը մեր մեջքը շարունակելու է քիչ թե շատ պահել կամ ավելի պնդացնել՝ հաշվի առնելով, որ մենք, լինելով փոքր երկիր, խնդիր ունենք հավասարակշռելու մեր թշնամիներին այլ՝ ավելի ազդեցիկ երկրների հետ դաշնակցելով»։
Ըստ Սոս Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանն իրականում ասուլիսի ժամանակ ներկայացրեց տեսլական․ «Այդ տեսլականն է Ադրբեջանի ախորժակը զսպելու իր յուրահատուկ մեթոդը՝ մտնելով թուրքական ազդեցության դաշտ, թուրքական պրոտեկտորատի կարգավիճակում հայտնվել՝ հույս ունենալով, որ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, գուցե բացառի տարածաշրջանային բախումները։ Եթե ազդեցությունը Թուրքիայի Ադրբեջանում յուրաքանչյուր ադրբեջանցու նկատմամբ կարող է լինել՝ գրավելով ոչ միայն պետական համակարգը, այլև նրանց սրտերն ու ուղեղները, ապա մեր հասարակության ու պետության դեպքում Թուրքիայի ներխուժումը, տիրելը հայ հասարակությունում լինելու է բռնաճնշումների, մշտապես որևէ մահակի առկայության տեսքով, ինչպես մեր պատմության ընթացքում է եղել։ Այդ ճանապարհը լինելու է ՀՀ ներքին կյանքի օկուպացիայի միջոցով՝ մի կողմ թողնելով անգամ, որ այն պետությունը, որը հովանավորել է թշնամուն 44-օրյա պատերազմի ժամանակ, դժվար շահագրգռված լինի մեր անվտանգության պահպանմամբ»։
Անդրադառնալով Արցախում իրավիճակին՝ Սոս Հակոբյանն ասաց․ «Այս իրավիճակում նաև Արցախում մեր հայրենակիցները զբաղված են ազդեցության գոտիներ բաժանելով, տիրելով, իրար հետ մրցակցելով։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում որևէ հրաժարական հակացուցված է։ Այդ դեպքում պետական համակարգը ոչնչացնելու կամ սպանելու գործընթաց կարող է սկսվել։ Կարող է լինել քաղաքական մրցակցություն, հասկանալի է, բայց այդ մրցակցությունը կարող է լինել նորմալ պայմաններում»։
Կարդացեք նաև
Ըստ Սոս Հակոբյանի՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի համեմատությունը գուցե անտեղի է։ Պետնախարարին գնահատելու համար ժամանակ է պետք։ Սոս Հակոբյանը հույս ունի, որ այդ գնահատականը կլինի դրական։ Այս առիթով նշեց․ «Բայց նաև պետք է ֆիքսենք, որ պետք է ավելի քիչ տարբեր լայվերով զբաղվել և ավելի շատ զբաղվել գործերով։ Չնայած այդքան խորը բացասական վատ վերաբերմունքիս Արայիկ Հարությունյանի նկատմամբ, նրա՝ ուղղակի նախագահի պարտականությունները չկատարելուն, տեր չկանգնելուն մարդկանց վստահությանը և որևէ խոսքով որևէ ակտիվությամբ ընդհանրապես չցուցաբերելուն, կարծում եմ, որ քաղաքական թիվ մեկ պաշտոնյան Արցախում երկրի նախագահն է, և նա պետք է իրեն պահի այնպես, ինչպես հարիր է երկրի առաջին դեմքին։ Դա էլ գուցե և թույլ չտար, որ խնդիր առաջանար ազդեցության գոտիներ կիսելու պետնախարարի և Արցախի նախարարի միջև։ Պետք է այս իմաստով փոքր-ինչ քննադատաբար վերաբերվել երկուսին էլ, քանի որ երկուսն էլ իրենց ջանքերով դա թույլ տվեցին»։
Ըստ «Հայրենիք» կուսակցության խոսնակի՝ վտանգավոր է և կարող է ինքնաոչնչացման հասցնել այն կարծիքը, որ այսօր կամ վաղը պետք է բացվի Լաչինի միջանցքը, այլապես կորած ենք։ Ըստ նրա՝ Արցախի ժողովուրդը պետք է ներքուստ պատրաստ լինի երկարաժամկետ դիմակայության և ծրագիր ունենալուն։ Նրա կարծիքով՝ նման հարցերին արագ լուծման տարբերակներ չկան։ Բոլոր մյուս տարբերակները՝ Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված, ավելի վատն են։ Նա շարունակեց․ «Լաչինի միջանցքը հեշտ չի բացվելու։ Թշնամու մոտ ստացվել է դա ազդեցության գործիք դարձնել։ Հնարավոր է կարիք լինի այս իրավիճակում ունենալով օրակարգ, երկար դիմակայելու պատրաստ լինել։ Հետքայլը կարող է բերել անդառնալի հետևանքների»։
Սոս Հակոբյանը շեշտեց՝ պետք է օրակարգ մշակել՝ հիմքում ունենալով ՀՀ-ում իշխանափոխությունը ու նշեց․«Անկախ՝ Արցախում ինչպիսի հերոսական կլինի ժողովուրդը, պետք է հասկանալ, որ ամեն դեպքում ՀՀ պետության ազդեցությունը ԼՂ հարցի հանգուցալուծման ընթացքի, տեսլականի մասով շարունակվելու է մնալ շատ մեծ։ Միջազգային խաղացողները՝ ՌԴ-ն, թե եվրոպական երկրները, առաջին հերթին խոսում են նաև Արցախի մասով ՀՀ-ի հետ։ Չպետք է մոռանանք, որ այստեղ իշխանության փոփոխության խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն զուտ ՀՀ-ի հարց, այլև Արցախի։ Չի գալու այդ օրը, որ Արցախի հարցի վրա ազդեցություն չունենա Հայաստանը։ Միջազգայնորեն ճանաչված սուբյեկտն ունի տարբերություն չճանաչված սուբյեկտի նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ