Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հոր` Գարիկ Գալեյանի դեմ հարուցված գործով դատաքննություն նշանակվեց

Հունվար 17,2023 17:05

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի դեմ հարուցված գործով այսօր դատական նիստ կայացավ։ Նրա դեմ ոստիկանությունը հայցադիմում էր ներկայացրել, վարչական դատարանն էլ վարույթ է ընդունել։ Ոստիկանությունը պահանջում է Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը․ առաջացնում է 50.000 ՀՀ դրամ տուգանք):

Նախորդ տարի սեպտեմբերի 21-ին պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում փորձել են փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր պանթեոն, սակայն մեծ թվով ոստիկաններ՝ ուժ կիրառելով, նրանց հեռացրել են տարածքից։ Հարուցված գործն այս միջադեպին է վերաբերում։

Ի աջակցություն Գալեյանի՝ այս դատարան էին եկել բազմաթիվ ծնողներ, նիստերի դահլիճը շատ փոքր էր, նրանցից մի քանիսին հաջողվեց ներկա լինել նիստին․ նրանք կարծում են, որ միտումնավոր է ընտրվել փոքր դահլիճը, որպեսզի շատերը չկարողանան հետեւել նիստին։

Այսօրվա նիստում դատավորը որոշեց գործի դատաքննություն նշանակել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին։ Գալեյանի ներկայացուցիչն ասաց, որ քանի որ դեպքի օրը լուսաբանվել է, կա տեսաերիզ, որը, որպես լրացուցիչ ապացույց, կներկայացնի մինչ հաջորդ նիստը։

Ծնողները լրագրողների հետ զրույցում այս գործի մասին ասացին՝ անհեթեթություն է․ «Եռաբլուրը մեր առաջին տունն է, ինչպե՞ս կարելի է քաշքշելով, բիրտ ուժ կիրառելով ծնողներին տանից դուրս հանել»։

Գարիկ Գալեյանը դեպքի օրը լրագրողների հետ զրույցում ասել է․ Սա մեր երեխաների տունն է, այ սրբապիղծներ։ Անկեղծ արդեն մտածում եմ՝ կարո՞ղ է տղայիս արտաշիրմում անեմ, այս երկրից գնամ, որը թուրքերով լցված է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031