Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատը հետաձգվեց Հակակոռուպցիոն դատարանում. Նախկին ոստիկանապետը նոր պաշտպաններ ունի

Հունվար 17,2023 16:56

Դատարանն այս պահից արձանագրում է, որ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանը խզել է փաստաբանական ծառայությունների մատուցման իր պայմանագիրը Հակոբ Մանուկյանի հետ: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի նիստում հայտարարեց նախագահող-դատավոր Վարդգես Սարգսյանը: Դատարանը որոշեց ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանին և Ալեքսանդր Կոչուբաևին ներգրավել սույն գործով, որպես ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանի դատապաշտպաններ: Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին խնդրեց դատական նիստը հետաձգել ողջամիտ ժամկետում՝ հնարավորություն տալով պաշտպաններին ծանոթանալ դատական քննության մանրամասներին և պատշաճ կերպով պատրաստվել դատական գործին:

«Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ դատական նիստի ավարտից հետո, ի պատասխան լրագրողի  այն հարցի, թե մեկ այլ գործով պետությունը խոշոր գումար է ցանկանում բռնագանձել:

Հիշեցնենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում՝ տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

Նոյեմբերի 30-ին էլ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։ Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031