Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի էթնիկ զտման հետեւողական քաղաքականության շարունակություն». Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին

Հունվար 17,2023 16:35

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:

Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ եւ 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից:

Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաեւ Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների եւ ապրանքների հասանելիության:

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետեւողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի եւ բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական եւ թշնամական գործողությունը եւ կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով:
Սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաեւ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031