Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքների ընթացքում ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների և բռնությունների առնչությամբ էական դատաիրավական առաջընթաց չի արձանագրվել. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»

Հունվար 17,2023 16:19

 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։

Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում։ Սույն զեկույցում ամփոփված են 2022 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում անցկացված հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։

Հավաքների ընդհանուր նկարագրությունը

Ապրիլ-հունիս ամիսներին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման շրջանակներում իրականացվող հավաքները և քաղաքացական անհնազանդության գործողությունները աստիճանաբար նվազեցին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Ա․ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, իսկ հուլիսի 1-ին ՔՊ պատգամավորները պաշտոններից զրկեցին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։ Վերջիններս պահպանեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորական մանդատները։ Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին դիտարկված հավաքները քանակապես նվազեցին, իսկ նոյեմբերին ընդդիմադիր խմբակցությունները վերադարձան ԱԺ։

Մինչև խորհրդարան վերադառնալը ընդդիմադիր խմբակցությունների կողմից «Դիմադրություն» շարժման շրջանակներում կազմակերպված վերջին բազմամարդ հավաքը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, ի աջակցություն Արցախի և օրեր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած՝ Արցախահայերի զանգվածային հանրահավաքի։ Հավաք հրավիրելու՝ Ի․ Սաղաթելյանի ելույթից հետո, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց համապետական ծառատունկի մասին, որը անցկացվեց հավաքի օրը՝ նոյեմբերի 5-ին։ Հանրահավաքից մեկ օր առաջ հայտարարություն տարածեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով խուսափել նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքից և դրա տարածքից, նշելով, որ «անգամ խաղաղ նախատեսված հավաքները կարող են վերածվել առճակատման և դառնալ բռնի»։ Հավաքը ընթացավ խաղաղ և առանց միջադեպերի։

2022 թ․ վերջին եռամսյակում բազմաթիվ հավաքներ է կազմակերպել ԱԺԲ-ն՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս բերել 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքից, ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության առանցքային անդամ Վ․ Ավետիսյանին ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն։

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ արգելափակեցին Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի ճանապարհը՝ ներկայանալով որպես բնապահպաններ և պահանջելով դադարեցնել Արցախի հանքերի շահագործումը։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների մեջ էին բազմաթիվ զինվորականներ, Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների անդամներ և ղեկավարներ՝ ընդգծված հայատյաց և ազգայնամոլական հայացքներով։ Սույն զեկույցի պատրաստման ընթացքում Արցախը Հայաստանի, ինչպես նաև՝ ողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ։

Արցախի շրջափակման ընթացքում հասարակության տարբեր խմբերի կողմից կազմակերպվեցին երթեր և հավաքներ՝ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետություններից պահանջելով քայլեր ձեռնարկել շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ։  Նշված հավաքների մեծ մասի պարագայում ընդգծված է եղել կազմակերպիչների և մասնակիցների դիրքորոշումը առ այն, որ իրենց բողոքը ուղղված չէ ՀՀ իշխանությունների դեմ։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 20-ին մի խումբ դերասանների և երգիչների կողմից կազմակերպված՝ դեպի ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատներ և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ երթից օրեր անց ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մեկ միլիոն դրամով տուգանեց կազմակերպիչներից երկուսին՝ դերասաններ Տարոն Իսպիրյանին և Թամարա Պետրոսյանին, ովքեր նաև հարսանյաց հանդիսավարներ են։ Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել են հսկիչ գնումներ, որի արդյունքում Տ․ Իսպիրյանը և Թ․ Պետրոսյանը «չեն տրամադրել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները»:  

Հավաքների դիտարկումների արդյունքները

2022 թ․ հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 38 հավաք՝ Երևանում։

Հավաքների կարգավիճակը

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված հավաքների մեծ մասի պարագայում մասնակիցների թիվը չի գերազանցվել 100-ը, որի պարագայում իրազեկում ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել։ Արցախի շրջափակման ընթացքում կազմակերպված բազմաթիվ հավաքներ անցկացվել են շտապ կարգով՝ հաշվի առնելով, որ իրազեկման ժամկետների պահպանումը հնարավոր չէր։

Իրազեկված են եղել Ազատության հրապարակում ԱԺԲ կողմից կազմակերպված հավաքները։ Ինչպես նախորդ ժամանակահատվածում, ԱԺԲ կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացվել էին իրազեկումներ՝ հաշվետու ժամանակահատվածի գրեթե բոլոր օրերին հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։

Հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում ԱԺԲ կողմից կազմակերպած հավաքները։

Հավաքների կազմակերպիչները

Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված հավաքներից 22-ը կազմակերպվել են կուսակցությունների, դաշինքների և միությունների կողմից։ Առավել մեծ թվով հավաքներ է կազմակերպել ԱԺԲ-ն (18 հավաք)։ Եվս 4 հավաք կազմակերպվել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների կողմից։

Դիտարկված հավաքներից 3-ը կազմակերպվել են քաղաքական նախաձեռնությունների կողմից։ Երկուսի կազմակերպիչը «Կամք» նախաձեռնությունն էր՝ հոկտեմբերի 30-ին  Ստեփանակերտում նույն օրը անցկացված մեծ հանրահավաքի աջակցման, և նոյեմբերի 10-ին՝ հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված հավաքներով։ Նոյեմբերի 23-ին հավաք է կազմակերպվել «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնության կողմից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ՀՀ-ում գտնվող Արցախցի ուսանողները մի շարք հավաքներ են կազմակերպել «ԵրիտԱրցախ» նախաձեռնությամբ՝ միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից պահանջելով միջոցներ ձեռնարկել միջանցքի բացման ուղղությամբ, այնուհետև նույն պահանջը ուղղելով ՀՀ կառավարությանը։ Միջազգային կառույցներից Արցախի ապաշրջափակման պահանջներով հավաքներ են կազմակերպել քաղաքացիների այլ խմբեր, ինչպես դեկտեմբերի 20-ին մի շարք դերասանների և երգիչների կազմակերպած երթը դեպի ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատներ և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ։ Նույն ժամանակահատվածում ՄԱԿ գրասենյակի առջև նստացույց էր կազմակերպել ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Դիտարկված հավաքներից 7-ը կազմակերպվել են ընդհանուր սոցիալական կամ իրավական շահեր ունեցող քաղաքացիների խմբերի կողմից՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների, Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների, «Փեթակ» առևտրի կենտրոնի վաճառականների կողմից։ Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորին ընդառաջ, մի խումբ քաղաքացիների կողմից իրականացվեց լուռ քայլերթ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ 

Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի

Հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին դիտարկված հավաքներից միայն 16-ի պարագայում են բարձրացվել բուն քաղաքական հարցեր։ Նշված հավաքներից 8-ի օրակարգը, որոնց կազմակերպիչը ԱԺԲ-ն էր, ուղղված էին Ռուսաստանի Դաշնության դեմ՝ վերջինիս համարելով թշնամի պետություն և պահանջելով դուրս բերել 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքից և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով հավաք էր կազմակերպվել ՌԴ նախագահի այցի օրը։ Հավաքի հայտարարությունը տարածվել էր «Արժանապատիվ Հայրենիք» ֆեյսբուքյան էջով, ինչպես նաև մի խումբ հասարակական կազմակերպությունների անդամների կողմից։ Քաղաքական օրակարգով հավաքներից էին «Դիմադրություն» շարժման շրջանակներում նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքը՝ ի աջակցություն Արցախի և ընդդեմ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, ինչպես նաև ՀՀԿ և ՀՅԴ կողմից՝ համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 28-ին կազմակերպված հավաքները, որի ընթացքում կազմակերպիչները Լաչինի ճգնաժամում մեղադրում էին ՀՀ իշխանություններին։

Մի շարք հավաքներ են կազմակերպվել իրավական բնույթի պահանջներով (15 հավաք)։ Հոկտեմբերին Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները հավաքներ են կազմակերպել՝ իրենց ԲՈՒՀ-ը այլ համալսարանների հետ միավորման նախագծի դեմ, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հավաքներ և նստացույց են կազմակերպել ԱԺԲ անդամներ՝ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական բժշկական հաստատություն տեղափոխելու պահանջով։ Վերջինս 2022 թ․ մայիսից գտնվում էր անազատության մեջ՝ 2016 թ․ Երևանի ՊՊԾ գնդի գրավման և երեք ոստիկանների մահվան վերաբերյալ քրեական գործի դատավճռով։

ԱԺԲ կողմից նոյեմբերի 18-ին ՀՀ Արդարադատության նախարարության առջև և դեկտեմբերի 1-ին՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած նստացույցերը։

Նոյեմբերի 23-ին 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները և հարազատները հավաք են անցկացրել ՌԴ դեսպանատան առջև՝ նախագահ Վ․ Պուտինի այցի կապակցությամբ, վերջինից պահանջելով քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո կազմակերպված երթերից և հավաքներից 6-ի պարագայում կազմակերպիչները միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից պահանջում էին ձեռնարկել միջոցներ՝ Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։

Դիտարկված հավաքներից մեկը կազմակերպվել է սոցիալական խնդրով՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի վաճառականների և վարձակալների կողմից, ընդդեմ կենտրոնի աշխատանքները դադարեցնելու որոշման։ 

Հավաքների թիվն ըստ մասնակիցների թվաքանակի

Հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին դիտարկված հավաքներից 22-ի պարագայում մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը։ Նշված հավաքներից էին ԱԺԲ կողմից` Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական բժշկական հաստատություն տեղափոխելու պահանջով Հյուսիսային պողոտայում կազմակերպված ամենօրյա ցույցերը։

Հավաքներից 13-ի պարագայում մասնակիցների քանակը տատանվել է 100-ից 1000-ի միջև։ Դրանք էին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների հավաքները,  Արցախի ապաշրջափակման պահանջով հասարակության տարբեր անդամների կողմից կազմակերպված, ինչպես նաև ԱԺԲ կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հավաքները և հետագա երթերը։

Հաշվետու ժամանակահատվածում առավել մարդաշատ հավաքներն են եղել նոյեմբերի 5-ին՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման շրջանակներում կազմակերպված հավաքը (մոտ 5000 մասնակից), նոյեմբերի 23-ին Ազատության հրապարակում «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնության կազմակերպած հավաքը (մոտ 1000 մասնակից), ինչպես նաև դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև ընդդիմադիր խմբակցությունների կողմից կազմակերպված հավաքը (մոտ 1100 մասնակից)։

Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի

Դիտարկված հավաքների մեծ մասն անցկացվել է որոշակի վայրում (22 հավաք), 14-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ, 2-ն անցկացվել է միայն երթի ձևով։

Նոյեմբերի 18-ից ԱԺԲ երիտասարդական թևը նստացույցեր իրականացրեց Հյուսիսային պողոտայում և մի շարք պետական մարմինների վարչական շենքերի առջև։ Դեկտեմբերի 14-ից մինչև 21-ը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առջև նստացույց կազմակերպեց ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

 Հավաքների թիվն ըստ անցկացման վայրի

Կոմիտեի կողմից դիտարկված բոլոր հավաքներն անցկացվել են Երևան քաղաքում։ Որոշ երթերի պարագայում մասնակիցները կանգ են առել տարբեր մարմինների նստավայրերի առջև, հետևաբար՝ դրանք հաշվարկվել են որպես առանձին հավաքի վայրեր։

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված հավաքների «թիրախում» առավել հաճախ եղել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները (ՄԱԿ, ԵՄ) և օտարերկրյա պետությունների դեսպանատները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպանատները)։ Նշված հավաքները և երթերը պայմանավորված էին դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ և մասնակիցները միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից պահանջում էին ձեռնարկել քայլեր՝ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, հանձնում նամակներ և իրականացնում խորհրդանշական ակցիաներ։

Հավաքներից 15-ը կազմակերպվել են ՀՀ պետական տարբեր մարմինների նստավայրերի առջև՝ Կառավարության, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունների, Դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև։ Կառավարության նստավայրի առջև հավաքներ են իրականացվել «Կամք» նախաձեռնության, «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականների, «ԵրիտԱրցախ» ուսանողական նախաձեռնության, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների և ԱԺԲ կողմից։ Հատկանշական է, որ տևական ժամանակ ՀՀ կառավարության նստավայրի առջևի տարածքը, որը մշտապես եղել է հավաքների անցկացման առավել հաճախ կիրառվող վայրերից, փակ էր վերանորոգման աշխատանքների պատճառով։

Նոյեմբերի 18-ից ԱԺԲ երիտասարդական թևի անդամները նստացույց են իրականացրել Հյուսիսային պողոտայում, Արդարադատության նախարարության և Դատախազության նստավայրերի առջև։ Մի շարք հավաքներ են անցկացվել Ազատության և Ֆրանսիայի հրապարակներում՝ «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնության, ԱԺԲ և խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից։

 Ոստիկանների քանակը և ոստիկանության վարչարարությունը հավաքների ընթացքում

Դիտարկված հավաքներից 16-ի պարագայում ներգրավված ոստիկանության ծառայողների թիվը տատանվել է 30-ից 100-ի սահմաններում, 13-ի դեպքում՝ չի գերազանցել 30 և հավաքներից 3-ի դեպքում ոստիկաններ ներկա չեն եղել։

Ոստիկանության ներգրավվածությունը տարբերվել է կախված հավաքից և անցկացման վայրից։ ՀՀ կառավարության և նախարարությունների առջև անցկացվող հավաքների պարագայում ոստիկանների քանակը եղել է առավել մեծ՝ հավաքներից 6-ի պարագայում գերազանցելով 100-ը։ Առավել մեծ թվով ոստիկանության ծառայողներ են ներկա գտնվել նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում և դեկտեմբերի 14-ին՝ ՀՀ կառավարության նստավայրի առջև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից կազմակերպված հավաքների ընթացքում (համապատասխանաբար մոտ 450 և մոտ 800 ոստիկան)։ Նշված հավաքների ընթացքում ներգրավված էին տարբեր ստորաբաժանումներից ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի վարչությունների ոստիկանության ծառայողներ։

Ինչպես նախորդ ժամանակահատվածներում, ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ կրել են ոչ բոլոր ոստիկանները։

Ոստիկանության կողմից լուրջ միջամտություններ դիտարկվել են դեկտեմբերի 3-ին և 16-ին՝ ԱԺԲ կողմից իրականացված հավաք-երթերի ընթացքում։ Դեկտեմբերի 3-ին, Վ․ Ավետիսյանին քաղաքացիական բժշկական հաստատություն տեղափոխելու պահանջով կազմակերպված երթի մասնակիցները արգելափակել էին Նալբանդյան փողոցի երթևեկությունը՝ Կառավարության նստավայրի հարևանությամբ գտնվող հատվածում։ Ոստիկանության ծառայողները կոպիտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ինչպես փողոցը արգելափակած, այնպես էլ այն ազատած և արդեն մայթեզրում գտնվող մասնակիցների մի մասին։ Հարկ է նշել, որ հավաքի մասնակիցները չկարողացան մոտենալ նստավայրին՝ շինարարական աշխատանքների պատճառով։ Դեկտեմբերի 16-ին, ԱԺԲ կողմից նույն պահանջով կազմակերպված երթի ընթացքում ոստիկանության ծառայողները կրկին բերման ենթարկեցին մասնակիցներին՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածից։

Այլ վայրերում, օրինակ՝ միջազգային կազմակերպությունների և դեսպանատների առջև անցկացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների քանակը եղել է սահմանափակ, միջամտություններ չեն դիտարկվել։ 

Քրեական գործերի ընթացք

Նախորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում (2022 թ․ ապրիլ-հունիս) ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների և բռնությունների առնչությամբ էական դատաիրավական առաջընթաց չի արձանագրվել։

2022 թ․ հունիսի 3-ին Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրել էր առնվազն 8 հավաքի մասնակցի ծեծի ենթարկելու դեպքեր՝ միաժամանակ մի քանի ոստիկանների կողմից։ Հավաքի ընթացքում ոստիկանությունը նաև կոպիտ ուժ էր կիրառել հավաքի մասնակից կանանց նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելով, կիրառել էր լուսաձայնային նռնակներ, որոնցից վնասվածքներ էին ստացել առնվազն երկու ոստիկան, իսկ հավաքի մեկ մասնակից ստացել էր գանգուղեղային վնասվածք և վիրահատվել։ Միջադեպից հետո ոստիկանության երկու ծառայող ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ քաղաքացիների նկատմամբ բարձր բարեկրթություն ու զսպվածություն չցուցաբերելու և ոչ արհեստավարժ գործելու համար։ Բռնությունների առթիվ որևէ ոստիկան քրեական պատասխանատվություն չի կրել։

Ոստիկանության կողմից կոպիտ միջամտություններ են տեղի ունեցել սեպտեմբերի 21-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ անցկացված բողոքի ցույցի ընթացքում։ 2020 թ․ պատերազմի ընթացքում զոհված զինվորականների ծնողները և հարազատները անցկացրել էին հավաք, նպատակ ունենալով թույլ չտալ Ն․ Փաշինյանի մուտքը պանթեոն։ Վարչապետի այցին ընդառաջ ոստիկանության մեծաքանակ ծառայողներ քարշ տալով բերման ենթարկեցին 37 որդեկորույս ծնողների և նրանց հարազատների։ Բերման ենթարկվածներից ոմանք հայտնեցին ստացված մարմնական վնասվածքների մասին։ Միջադեպը սուր քննադատության արժանացավ հանրության և իրավապաշտպանների կողմից։ Շուրջ 35 հասարակական կազմակերպություն դատապարտեցին ոստիկանության գործողությունները և պահանջեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Միջադեպի առթիվ ոստիկանությունը կարգապահական տույժեր կիրառեց 4 ծառայողի նկատմամբ, սակայն որևէ մեկին մեղադրանք չառաջադրվեց։

2022 թ․ մայիսի 12-ին հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով կալանավորված «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը գրեթե 4 ամիս տևած կալանքից ազատ արձակվեց 15 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախորդ զեկույցներում անդրադարձել էր Ա․ Չալաբյանի ազատազրկմանը, ինչպես նաև վերջինիս նկատմամբ ներկայացված մեղադրանքի անհամապատասխանությանը՝ հավաքների ազատության իրավունքի միջազգային չափանիշներին։

2022 թ․ հուլիսին մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց նաև ՀՀ ԶՈՒ նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Վերջինիս մեղադրանք էր ներկայացվել հավաքի ընթացքում «ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու» համար։ Ըստ Ի․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ կալանավորման հիմքում դրված էր միայն մեկ ոստիկանի կողմից տրված ցուցմունք, իսկ գործին կցված տեսանյութը միայն ապացուցում էր իր պաշտպանյալի անմեղությունը։ Ի․ Խաչատուրովի և Ա․ Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը դեռևս ընթացքի մեջ են։

Եզրակացություն

Թեև 2022 թ․ վերջին եռամսյակի ընթացքում հավաքների ազատության նկատմամբ ուղղակի միջամտությունները եղել են սահմանափակ, հարկ է նշել, որ նշված հավաքները բնույթով և մասնակցության ծավալով տարբերվել են, օրինակ, առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած հավաքներից։ Բացի առանձին դեպքերից, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած հավաքները կամ ուղղված չեն եղել իշխանությունների քաղաքականության դեմ կամ չեն ներգրավել մեծ քանակությամբ մասնակիցներ։

Իրավապահ մարմինների կողմից չի տրվել պատշաճ գնահատական և չեն իրականացվել գործուն քայլեր՝ նախկինում տեղի ունեցած խախտումների և բռնությունների հետևանքներին արձագանքելու, ինչպես նաև ոչ իրավաչափ և անօրինական միջամտություններ թույլ տրված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Հավաքների մասնակիցների նկատմամբ հարուցված ոչ արժանահավատ և միջազգային փորձին հակասող մեղադրանքները կարող են ունենալ զսպիչ ազդեցություն (chilling effect)՝ ընդդիմադիր օրակարգով հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ։

Հաշվի առնելով հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին կատարված մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված առաջարկությունները շարունակում են մնալ արդիական։

Առաջարկություններ

Ոստիկանությանը

  • Ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից։ Հավաքների ազատության իրավունքի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով և հիմնավորված լինի համաչափության սահմանադրական սկզբունքով։
  • Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:
  • Բացառել հավաքների վայրերում ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշան չկրող ոստիկանների ներկայությունը։
  • Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։

ՀՀ ԱԱԾին և քննչական մարմիններին

  • Բացառել անձանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից խաղաղ հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու իրական պատճառով։

ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին

  • Դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031