Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնացել էր որդու գերեզմանին խունկ ծխել, հետո ճանապարհվել ոստիկանության շենքը տրաքացնելու. ոստիկանության տվյալները

Հունվար 17,2023 15:58

Հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք նետելու համար մեղադրվող քաղաքացին՝ Միխայիլ Հարությունյանը, չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա պնդում է, որ ինքը պայթուցիկ սարք նետելու հետ կապ չունի: Երկամսյա կալանքի տակ գտնվող քաղաքացու կինը՝ Կիմա Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսնու մեղավորության վերաբերյալ որեւէ ապացույց չկա: Ըստ նրա՝ նույնիսկ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության քննության ժամանակ նիստը նախագահող դատավորն է զարմանք հայտնել, թե ուր են դեպքի վայրի տեսախցիկները. «Ասել են՝ դեպքի վայրում տեսախցիկներ չեն եղել, դատավորն էլ արձագանքել է՝ բա ինչ եք ուզում սարքել»:

Կիմա Հարությունյան

Տիկին Կիման պատմեց նաեւ․ «Ոստիկանությունում ասացին՝ իբրեւ թե դեպքի օրը Մուխիկը գնացել է որդուս գերեզման, խունկ է ծխել ու այնտեղից եկել ոստիկանության շենք, նռնակ նետել: Եթե մեր տնից Մուխիկը գնար գերեզման ու հետ գար ոստիկանության շենք, առնվազն 2 ժամ պետք է տեւեր: Բայց այդ օրը Մուխիկի տնից դուրս գալն ու վերադառնալը մի 25 րոպե է տեւել, ասաց՝ գնամ, մի հատ տեղ կա, մտնեմ, գամ: Ոստիկանությունում ցույց տվեցին նկարած ամեն ինչը, որ թարմ խունկ է ծխած, ասացին՝ էդ Մուխիկն է գնացել, էդ իրենց կարծիքն էր»:

Թորգոմ Հարությունյան

Հիշեցնենք, որ Միխայիլ Հարությունյանը 2020 թվականի հունիսին Վարդենիսում 19 կրակոց ստացած ու մահացած 25-ամյա Թորգոմ Հարությունյանի հայրն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ նա դժգոհ է մնացել որդու սպանության քննությունից ու պայթուցիկը ոստիկանության ուղղությամբ նետելով՝ փորձել է այդ կերպ իր դժգոհությունն արտահայտել: Միխայիլ Հարությունյանը դեռ 2020 թվականից էր դժգոհ որդու սպանության քննությունից ու պնդում էր, որ իրավապահներին նույնիսկ անուններ է տվել, թե ում է կասկածում որդու սպանության մեջ, սակայն իրավապահները ոչինչ չեն անում բացահայտման ուղղությամբ:

Ըստ Կիմա Հարությունյանի՝ ոստիկաններն այս օրերին ընկած Վարդենիսում ցուցմունքներ են փորձում կորզել իր ամուսնու դեմ. «Ոստիկանները մի երկու, երեք հոգու մոտեցել են, ասել՝ եթե Մուխիկի համար բան գրենք, դուք կստորագրե՞ք: Իրենք, ճիշտ է, ասում էին՝ մեր անունը մի տուր, շառ գործ է, բայց եթե պետք լինի, շառ գործ չէ, ինչ ուզում են, ասեն, եթե պետք լինի ապացուցելու, պիտի գան ու անուններով ներկայանան, ասեն, որ իրենց ոստիկանները նման առաջարկներ են արել: Կան նաեւ տեղեկություններ, որ ինչ որ x ոստիկանի են դիմել, ասել՝ անպայման պիտի գրես Մուխիկի վրա, եթե չգրես՝ գործից կազատենք: Մեկ այլ x ոստիկան էլ ցուցմունք է տվել, թե Մուխիկին տեսել է, թե պայթյունից առաջ Մուխիկն ինչպես է էն կողմով անցնում, բայց ես դեպքի վայրը տեսել եմ, բացառվում էր, որ շենքի միջից ինչ-որ մեկը կարողանա էդքան տեղը մի բան տեսնել: Բայց, եթե նույնիսկ Մուխիկը մտածեր նռնակ նետել, Մուխիկն էդքան միամիտ չէր, դիմակ կքաշեր դեմքին, էնպես կգնար, որ ոչ մեկը չէր նկատի»:

Գոռ Աբրահամյան

Կիմա Հարությունյանի պնդումների վերաբերյալ, թե նախաձեռնված վարույթի շրջանակում ոստիկաններից եւ քաղաքացիներից ցուցմունքներ են փորձում կորզել, ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե նմանատիպ ճնշումների վերաբերյալ տվյալներ կան, ապա միակ իրավական ճիշտ ընթացակարգն այն է, որ դրանց վերաբերյալ պատշաճ ձեւով հաղորդում ներկայացվի իրավապահ մարմիններին, որ դրանք ընթացք ստանան: Որովհետեւ այն, ինչ նկարագրվում է, իր մեջ առնվազն հանցակազմ է պարունակում: Քննությունը բնականոն հունով ընթանում է, կատարվում են ապացուցողական վարույթային գործողություններ, այդ թվում նաեւ հարցաքննություններ են կատարվում, ինչը բնական է: Մենք հասկանում ենք պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հանրային տարբեր ձեւաչափերով պաշտպանության միջոցներ ձեռնարկելը, բայց քննությունը շարունակվելու է, եթե դրա շրջանակներում, իրավունքների խախտման հետ կապված խնդիրներ են նկատում, իրավունք ունեն դատավարական այդ կարգավիճակից ելնելով՝ իրենց իրավունքները իրացնել, համապատասխան միջնորդություններ ներկայացնել եւ այլն: Ամբողջ իրավական գործիքակազմը կա, օրենքով է սահմանված, իրենք կաշկանդված չեն դրանք ամբողջ ծավալով իրացնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031