Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ միջանցքի հարցով անելիք չունեք, ինչո՞ւ էիք Աղդամի նռներով նկարվում ու գրում՝ Աղդամը մեր հայրենիքն է»․ Նաիրա Զոհրաբյան

Հունվար 17,2023 14:52

«Բոլոր այն մարդիկ, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, նրանց հանդեպ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական, Սահմանադրական պարտավորություն, բայց այժմ մեր 120000 քաղաքացու թողել ենք ռազմագերու կարգավիճակում պատանդ։ Մենք մեր տներում նստած` արցախցներին «դուխ» ենք տալիս, ասում ենք՝ չկոտրվեք, մնացեք սոված, թող ձեր երեխաները ծննդատներում մահանան։ Իսկ այնտեղ երեխաներ կան, որոնք շնչառական ապարատի խնդիր ունեն, երիկամի փոխպատվաստման խնդիր․․․Եվ ամեն անգամ Կարմիր Խաչի միջնորդական ջանքերով օրերի ընթացքում են փորձում նման խնդիրները կարգավորել․․․»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյան

Նրա ձեւակերպմամբ․ «37 օր է, լանչ որոճացող միջազգային հանրությունը նայում է, թե ինչպես է ցեղասպանվում մի ողջ ժողովուրդ։ Ես չեմ խտացնում գույները, այն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ դրան տալով ցեղասպանություն որակումը։ Դա ցեղասպանություն է, եւ եթե դուք կբերեք հակընդդեմ հիմնավորում, որ դա դանդաղ, սահուն հոսող ցեղասպանություն չէ, ապա ես պատրաստ եմ հենց այս եթերում «Իմքայլական» ցանկացածի հետ բանավիճել եւ հիմնավորել փաստերով, Ժնեւյան միջազգային եւ ԵԽ բոլոր կոնվենցիաներով, որ դա հենց ցեղասպանություն է։ Ցեղասպանությունը միայն այն չէ, որ մտնեն ու մի օրում յաթաղանով կոտորեն բոլորին․․․Ի դեպ, 100 տարի առաջ Ցեղասպանությունն էլ մեկ օրում չի եղել, տարիներ է տեւել 1895-ից սկսած, իսկ կուլմինացիան եղել է 1915թ։

Այս ամենը այժմ կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո, այն միջազգային հանրության, որը շատ լավ գիտի, որ ադրբեջանական խողովակներով ինքը գնում է Ռուսաստանի նավթը եւ գազը, եւ իրեն դնում է եվրոյոնջայի տեղ․․․Բոլորս էլ գիտենք, որ ռուսական նավթն ու գազը Made in Azerbaijan խողովակներով հասնում է Եվրոպական Միություն, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառող Եվրոպա։ Եվ այդ եվրոյոնջաները իրենց հասարակությանը կերակրում են ֆեյքով, թե Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ են կիրառում»։

Նաիրա Զոհրաբյանը նշում է․ «37 օր Արցախը դանդաղ ցեղասպանվում է, 37 օր Հայաստանի իշխանությունը, որ թուրքական գործակալական ցանց է, ձեռքերը լվացած, ինչպես ԱԺ նախագահն է ասում՝ Լաչինի միջանցքում անելիք չունեն։ Բա որ չունեիք, էդ որ գնացել էիք Աղդամ, Սերժ Սարգսյանի ինադու, որ ասում էր Աղդամը մեր հայրենիքը չէ, ձեր կույտից ամեն մեկդ Աղդամի նռները գրկած գրում էիք՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Բա Աղդամը ձեր հայրենիքն է, Բերձորը ձեր հայրենիքը չէ՞, Աղդամը ձեր հայրենիքն է, Ստեփանակերտը ձեր հայրենիքը չէ՞, Աղդամը ձեր հայրենիքն է, հանձնված Շուշին ձեր հայրենիքը չէ՞, Մարտակերտը ձեր հայրենիքը չէ՞․․․» ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031