ԳԵՈՐԳԻ ԿՈւՏՈՅԱՆ. մահվանից երեք տարի անց
Երեք տարի առաջ այս օրն ինձ զեկուցվեց, որ իր բնակարանում, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Լուրը շոկային էր բոլորիս համար։
Օրվա ընթացքում ստացվող տվյալները ևս հաստատում էին առաջ քաշված նախնական վարկածը, որ նա ինքնասպանություն է գործել։
Փաստն առնվազն զարմանքի տեղիք էր տալիս՝ նման քայլի գնացել էր մի մարդ, ով, իմ տպավորությամբ, ուներ կամային հատկանիշներ, ծառայությունից ազատվելուց հետո էլ ապրում էր նորմալ, հարթ կյանքով, նույնիսկ ընդունվել ու ուսումը շարունակում էր Անգլիայում։
Կարդացեք նաև
Ես Գեորգի Կուտոյանին ճանաչել էի մինչև ԱԱԾ-ում նրա ծառայության անցնելը։ Մեր հարաբերություններն ավելի ակտիվացան, խորացան, երբ ես գլխավորում էի «Սասնա ծռերի» դեպքով հարուցված քրեական գործով ստեղծված քննչական խումբը, իսկ նա ղեկավարում էր համակարգը։
Առաջիկայում մեր հրապարակելիք գրքում անդրադարձել եմ Կուտոյանի հետ իմ համատեղ աշխատանքային գործունեությանը, որից, ի հիշատակ իմ նախկին գործընկերոջ, ներկայացնում եմ հատված.
***
ԱԱԾ տնօրենի պաշտոնում գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին 2016 թվականի փետրվարին փոխարինեց Գեորգի Կուտոյանը: Այդ նույն ժամանակահատվածում ես արդեն զբաղեցնում էին քննչական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ պետը 2009 թվականից գնդապետ Մնացական Մարուքյանն էր, ում առաջարկով 2010 թվականին նշանակվել էի տեղակալ։
Դեռևս չէր ավարտվել իմ վարույթում քննվող «Նորքի զինված խմբի» գործով նախաքննությունը և գործը չէր ուղարկվել դատարան, երբ 2016թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Սասնա ծռերի» խմբի հարձակումը ոստիկանության պարեկային ծառայության գնդի զորամասի տարածքի վրա։ ԱԱԾ-ն արդեն ղեկավարում էր Գեորգի Կուտոյանը: Նրա նախաձեռնությամբ այդ գործի քննությունը ևս հանձնարարվեց ինձ։ 17 օր շարունակ քսանչորսժամյա ռեժիմով գտնվելով աշխատավայրում` իմ ղեկավարած քննչական խումբն օպերատիվ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում էր բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման և խմբի վնասազերծման համար։
Այս դեպքում ևս քննության նախնական տվյալները վկայում էին, որ խմբի անդամներն իրենց առջև խնդիր էին դրել զինված գործողություններով հասնել իշխանափոխության։ Էական էր այն փաստը, որ խմբում ընդգրկված մարդկանց համախմբել էր այդ կերպ երկրում փոփոխությունների հասնելու գաղափարը, նրանցից շատերը ևս Արցախյան ազատամարտի մասնակիցներ էին։ Ձևավորված օպերատիվ շտաբը ղեկավարում էր ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, այնտեղ մշտապես գտնվում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեր ու ոստիկանության առանցքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Ես չեմ կարող ասել, ի պաշտոնե տեղեկացված չեմ եղել` արդյո՞ք Կուտոյանին նախապես զեկուցվել էր հարձակման իրական վտանգի մասին, թե՞ ոչ, այսինքն՝ հնարավո՞ր էր արդյոք «Նորքի զինված խմբի» օրինակով կանխել այդ հարձակումը, սակայն ազնվորեն պետք է նշեմ, որ զարմացած էի, թե ինչպե՛ս է ոչ բավարար փորձառություն ունեցող երիտասարդ ղեկավարը կարողանում մեծ նվիրվածությամբ ու սառնասրտությամբ 17 օրերի ընթացքում կառավարել օպերատիվ շտաբի աշխատանքները։ Նույնիսկ ամենալարված իրավիճակներում Կուտոյանը կարողանում էր տիրապետել իրեն, թույլ չտալ, որ շտաբում խուճապ սկսվի և սխալներ լինեն։ Զորամասը գրոհելու և ուժային եղանակով խմբին վնասազերծելու առաջարկը մերժվել էր հանրապետության ղեկավարության և անձամբ Կուտոյանի կողմից: Նրա ջանքերի, ճիշտ բանակցություններ վարելու շնորհիվ խմբի անդամների նկատմամբ ուժային գրոհ այդպես էլ չիրականացվեց, նրանց թվում նույնիսկ մեկ զոհ չեղավ։ Բացի այդ՝ հնարավոր դարձավ կանխել մեծաթիվ քաղաքացիների ճեղքումը և մուտքը զորամասի տարածք, որին ձգտում էին հասնել ներսում գտնվողները, քանի որ նախատեսված էր դրանից հետո դուրս գալ զորամասի տարածքից և հասնել իշխանափոխության իրենց նպատակին։ Ճեղքումը կանխելու հարցում մեծ էր նաև ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դերակատարությունը, ում ջանքերի, ճիշտ ղեկավարման շնորհիվ ոչ միայն կանխվեց ճեղքումը, այլև կորուստներ չեղան անօրինական գործողություններին մասնակցած քաղաքացիական անձանց շրջանում։ Զորամասի տարածքում գտնվող «Սասնա ծռերի» խմբի բոլոր անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին, ձերբակալվեցին մեր քննչական խմբի կողմից, որից հետո նախաքննությունը շարունակելու համար քրեական գործի վարույթը փոխանցվեց ՀՔԾ:
2016 թվականի օգոստոսին ես նշանակվեցի քննչական վարչության պետ: Այդ որոշման համար, կարծում եմ, էական նշանակություն ունեցավ «Սասնա ծռերի» գործի ընթացքում Կուտոյանի հետ մեր համատեղ աշխատանքը, քանի որ շրջանառվող հավաստի տվյալներով այդ պաշտոնում նշանակվելու էր դրսից անձ, իսկ ես տեղափոխվելու էի օպերատիվ ստորաբաժանում, ինչպես որ նախատեսված էր, բայց, ինչպես գիտեք, ոչինչ հնարավոր չէ հաստատապես կանխատեսել, ազդել իրադարձությունների զարգացման վրա, բացի այդ՝ հրամանները չեն քննարկվում, այլ կատարվում են։
Գեորգի Կուտոյանը կիրթ, զարգացած, ազնիվ անձնավորություն էր: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նա դառնալու էր ԱԱԾ լավագույն ղեկավարներից մեկը, քանի որ խորությամբ սկսել էր գիտակցել բոլոր այն խնդիրները, որոնք իրականում առկա են ծառայության ներսում, արմատական փոփոխություններ էր նախապատրաստում կատարել և բարձրացնելու էր աշխատանքի մակարդակը, ծառայության հեղինակությունը։ Նա մտածող, ժամանակակից ղեկավար էր, նորարար, իմ տպավորությամբ բացարձակապես չկոռումպացված մարդ։ Ցավոք, Կուտոյանի պաշտոնավարման շրջանում երկրում տեղի ունեցած լրջագույն իրադարձությունները՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» դեպք, այնուհետև «թավշյա» հեղափոխություն, թույլ չտվեցին նրան պաշտոնավարել հանգիստ պայմաններում և իրականացնել իր ծրագրերը։ Դրա հետ մեկտեղ իմ մեջ ամրապնդվեց համոզմունքը, որ չի կարելի ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել բավարար փորձառություն չունեցող, համակարգին ներսից անծանոթ մարդուն, որքան էլ նա օժտված լինի դրական և ուժեղ հատկանիշներով։ Որոշ ժամանակ այդ անձը պետք է ծառայություն անցած լինի զինվորական համակարգում, ցանկալի է՝ հատուկ ծառայությունում, ունենա օպերատիվ մտածողություն, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և գնահատելու ունակություն, այլապես ձախողվելու է։ Առնվազն մեկ-երկու տարի է պետք համակարգին տիրապետելու, աշխատանքի նրբություններն իմանալու համար, իսկ այդ ժամկետում տեղի ունեցած բացթողումները կարող են հանգեցնել վատ, անդառնալի հետևանքների, հատկապես, երբ երկիրը գտնվում է ներքաղաքական ու արտաքին խիստ լարված իրավիճակում, ինչին, ցավոք, ականատես եղանք։
Գեորգի Կուտոյանի տնօրեն նշանակվելուց կարճ ժամանակ անց համակարգից հեռացավ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ինչն, ըստ իս, էականորեն թուլացրեց ծառայության գործունեությունը հատկապես սահմանադրական կարգի պահպանության ուղղությամբ։
2016 թվականի սեպտեմբերի 13-ին վարչապետի պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ինչը որոշակի նոր լիցք հաղորդեց հասարակական-քաղաքական զարգացումներին, հանրության մոտ ապագայի և դրական փոփոխությունների հույս առաջացավ:
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունում կրկին հաղթանակ արձանագրեց Հանրապետական կուսակցությունը, իսկ 2018թ. ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը: Մինչ այդ, 2018 թվականի ապրիլի 13-ից, արդեն սկիզբ էր առել «թավշյա» հեղափոխությունը։ Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակվելն ավելի բորբոքեց, խթանեց շարժումը և դարձավ անկասելի: Մարդկանց հատկապես հիասթափեցնում էր այն փաստը, որ երրորդ նախագահը խախտել էր իր իսկ խոստումը և կրկին ստանձնում էր երկրի ղեկավարի պաշտոնը: Արդյունքում, ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։
Մեր քննչական դեպարտամենտը ներգրավված չի եղել «թավշյա» հեղափոխությանն առնչվող քրեական գործի քննությանը, սակայն ԱԱԾ մյուս ստորաբաժանումների գործընկերների հետ օրեր շարունակ գտնվել ենք աշխատավայրում, հետևել իրադարձությունների զարգացմանը։ Չնայած իրավիճակի լարվածությանը, նույնիսկ կասեի՝ դրամատիզմին՝ Գեորգի Կուտոյանը զարմանալիորեն պահպանում էր սառնասրտությունը…
(շարունակելի)
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ