Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց հուզիչ է, որ համերգը կայանում է իմ տարեդարձի օրը․ Տիգրան Մանսուրյան

Հունվար 17,2023 14:09

Հունվարի 27-ին՝ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։

Այդ առիթով հրավիրված ասուլիսում Տիգրան Մանսուրյանը նշեց, որ համերգը հերթական, շարքային համերգների թվին չի կարելի դասել, քանի առաջին անգամ հնչող երկու գործ է ներկայացվելու։ «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ Մեսրոպ Մաշտոցի խոսքերով գրված «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։ «Համերգը կայանում է իմ տարեդարձի օրը, ինչն ինձ համար չափազանց հուզիչ է»,-ասաց մաեստրոն։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նա հավելեց, որ ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, գրել է չեխական նվագախմբերից մեկի պատվերով, այդ գործը հնչել է անցյալ տարի Բռնոյի տաճարում՝ բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին։ Երկրորդ անգամ նույն կհնչի հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, խմբավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Նա անդրադարձավ նաեւ իր «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերներին» ստեղծագործության համաշխարհային պրեմիերային։ Ասաց իր տարիների երազանքն է եղել այդ հայրենները գրելը, իսկ առաջին 4 հայրենները գրել է երիտասարդ տարիներին, որոնք կատարել են մեծանուն երգիչներ՝ սկսած Գոհար Գասպարյանից։

Մանրամասն՝ տեսանյութում

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի խոսքով, համերգի կազմակերպման նպատակը եւս մեկ անգամ ոլորտը շեշտադրելն է եւ ուշադրություն հրավիրելը խոսքին, երաժշտությանը, պոեզիային եւ դրանց միաձուլմանը։ «Հուսով էինք, որ դա կոգեշնչի մրցույթին մասնակից կոմպոզիտորներին, արտասահմանցի մասնակիցներին, նրանք կոգեւորվեն՝ տեսնելով մաեստրոյի օրինակը, իրենց ստեղծագործությունները գրելիս՝ աչքի առաջ կունենան այդ օրինակը»,- հավելեց նա։

Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր հովանավոր FastBank ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանն ասաց, որ իրենց ընկերությունը եւ նրա հիմնադիրները մշտապես եղել են արվեստի ու մշակույթի կողքին, միշտ իրականացվել է նման միջոցառումների աջակցություն. «Եթե ուզում ենք առաջիկայում ունենալ կոմիտասներ, մանսուրյաններ, ապա պետք է ստեղծվեն այն հարթակները, որոնց հաջողությանը բերում է մի քանի պարամետր, որոնցից կարեւորագույնը մաեստրոյի նման անձնավորությունների ներկայությունն է։ Ու նման ծրագրերին, բնականաբար, անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն»։

Տիգրան Մանսուրյանի լավագույն բարեկամ Ռոբերտ Մլքեայնն էլ ասաց, որ ինքն ու Տիգրան Մանսուրյանն այնքան երկար են ապրել միմյանց հետ, որ ստեղծագործական հարցերի շուրջ նոր դժվարություններ հորինել պետք չէ․«Ինչ վերաբերվում է հունվարի 27-ի համերգին, միայն մի բան կասեմ՝ իմ պատասխանատվությունը սովորական համերգներից տարբերվում է նրանով, որ այդ հայրենները, որ գրել է Տիգրան Մանսուրյանը, ի երջանկություն ինձ, ինձ է նվիրել։ Ես այն երջանիկներից եմ, որն ունի Տիգրան Մանսուրյանի կողմից նվիրված պարտիտուր, որը հնչելու է այդ օրը»։

 Մանրամասն՝ տեսանյութում

Ընդհանրապես պոետական խոսքի ու երաժշտության ներդաշնակ միաձուլման մասին խոսելիս Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ կապը Կոմիտասի հետ պետք է հատուկ ուշադրության արժանացնել. «Մենք երգել ենք, այսօր էլ երգեր ունենք եւ երգում ենք։ Բանաստեղծական այն արժեքները, որ մենք ունենք անցյալի հետ կապված, քիչ են մտել երաժշտություն, հետեւաբար հայ լեզվի եւ հայ երաժշտության կապը խթանելու պահանջ ունի։ Ես հատուկ այդ ուղղությամբ աշխատել եմ դեռեւս իմ ուսանողական տարիներից»։ Մաեստրոն նաեւ ասաց, որ երազում է խաղաղ երկնքի մասին, որպեսզի ներքին կյանքը հնարավոր լինի ներդաշնակ կազմակերպել։

Հավելենք, որ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարն է Տիգրան Քախվեջյանը (բարիտոն) եւ ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031