ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր նախագծերի քվեարկության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու։ «Ինչո՞ւ»,-հարցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Դահլիճից հռհռոց լսվեց։ «Իսկ եթե լուրջ, հարգելի գործընկերներ, ձեր իրավունքն է տարբեր բաների չմասնակցելու, բայց կարծում եմ` քաղաքացիներն արժանի են գոնե բացատրություն լսել։ Նիստերի օրակարգերին ինչո՞ւ եք դեմ կամ ձեռնպահ քվեարկում, կամ այս կամ այն նախագծին։ Կոնկրետ հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք»,-շարունակեց Ռուբինյանը։
Նրա կոչից հետո, սակայն, ընդդիմությունը շարունակեց ձեռնպահ քվեարկել նախագծերին։ «Ավիացիայի դեմ էլ ինչ-որ բան ունեն»,-հեգնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանը դիմեց Ռուբեն Ռուբինյանին․ «Մեր քվեարկությունները հիմնավորում ենք։ Եթե կա բարելավում, նորմալ ենք գնահատում։ Բայց հիմնականում բերված փաթեթները կիսատ-պռատ են մշակված կամ ՀՀ առաջնային օրակարգից դուրս են։ Եթե դեմ ենք քվեարկում, հստակ բացատրում ենք։ Իսկ փակ քվեարկություններին չենք մասնակցում, որովհետեւ մեծամասնությունն իր աշխատանքով ապալեգիտիմացրել է քվեարկության գործընթացը։ Իսկ ընդդիմության թեկնածուներին միշտ մերժել եք»։
Ալեն Սիմոնյանը միջամտեց․ «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի»։
Կարդացեք նաև
Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Եթե ասում եք, որ բարելավված նախագծերին կողմ եք քվեարկում, ապա հիշեցնում եմ, որ նախագծերից մեկով բարելավվում է այն մարդկանց կյանքը, որոնք հողի հետ գործարքներ են անում։ Հարմար առիթով կխնդրեի պարզաբանել, թե սրան ինչու ձեռնպահ քվեարկեցինք»։
Ռուբեն Ռուբինյանը միջամտեց․ «Վերջին 4-5 նախագծերին երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ ձեռնպահ քվեարկեցին։ Քաղաքացիներն ընտրել են պատգամավորներին, որ ծանրութեթեւ անեն նախագծերը ու քվեարկեն։ Եթե անգամ ոչ քաղաքական բեռ ունեցող նախագծերին ձեռնպահ են քվեարկում, կարո՞ղ եմ ենթադրել, որ քվեարկում են՝ աշխատավարձից չզրկվելու համար։ Սա քաղաքական աբսուրդ է, հարգելի գործընկերներ»։
Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Մեծամասնությունը փորձում է սպեկուլյացիա նետել դաշտ՝ մտադիր լինելով քվեարկողների անունից բացատրություն ակնկալելու։ Պարոն Ռուբինյան, դուք մեզ եք քվեարկե՞լ։ Եթե այո, հրապարակային ասեք, եւ մենք բացատրություն կտանք։ Ինչ վերաբերում է պատգամավորների ազատ քվեարկությանը, դուք ցույց տվեցիք ձեր երկրորդ իրական դեմքը․ մանիպուլյացիաներով եք ներկայացնում մեր մասնակցությունը ԱԺ նիստում։ Աշխատավարձերի եւ պարգեւատրումների թիվ մեկ ջատագովը դուք եք։ Անընդհատ ինքներդ ձեզ պարգեւատրելու մոլուցքը ձերն է։ Պարոն Սիմոնյան, ՀՅԴ-ին ընտրությունների կեղծման մեջ մեղադրելը մեղք է։ Դուք ավելի շատ եք իշխանության հետ համագործակցել կեղծված ընտրությունների փուլում»։
Հաջորդ նախագծին ընդդիմությունից եղան եւ դեմ, եւ ձեռնպահ քվեարկողներ։ «Այ էսի ուրիշ բան»,-խոսափողից լսվեց Ռուբինյանի ձայնը։ «Պարոն Սիմոնյան, առանց ձայն խնդրելու ռեպլիկ անող պարոն Ռուբինյանին կխնդրեի սաստել։ Ձեր լիազորության մեջ չի մտնում ռեպլիկ անելը։ Ձայնի իրավունք ստացեք եւ նոր մեկնաբանեք»,-ԱԺ նախագահին դիմեց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։
Ալեն Սիմոնյանը հորդորեց չորոշել, թե ով երբ խոսի, Արթուր Խաչատրյանը տեղից բղավեց։ «Մի քիչ ցածր։ Երկրորդ, ընդհանրապես մի խոսեք, որովհետեւ դուք դրա իրավունքը չունեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը եւ հավելեց,-«եթե ես ձեր խմբակցությանը նույն կերպ վերաբերվեմ, 7 օր դահլիճ չեք մտնի։ Եթե խստապահություն եք ուզում, սկսեք ձեզանից»։
Ապա «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությունից հետո Արծվիկ Մինասյանը դիմեց Ռուբեն Ռուբինյանին․ «Պարոն Ռուբինյան, դուք ինչո՞ւ կողմ քվեարկեցինք»։ Ալեն Սիմոնյանը Ռուբինյանի փոխարեն պատասխանեց․ «Բանավեճի տեղ չի․․․չէ, պետք չի, ելույթ ունենալուց կպատասխանեք»։
Րոպեներ անց Ռուբինյանը դիմեց Արծվիկ Մինասյանին եւ Արթուր Խաչատրյանին ու հորդորեց իր ասածներից չսրտնեղել․ «Դուք գրեթե մեխանիկորեն ձեռնպահ եք քվեարկում՝ առանց հիմնավորելու։ Կարծում եմ, որ քաղաքացիները, այդ թվում՝ ես, ձեզ չընտրած, իրավունք ունեն իմանալու դիրքորոշումը։ Եթե առհասարակ երկրում ու խորհրդարանում դուք ձեռնպահ եք, դա այլ հարց է»։
Պատասխանեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը․ «Պարոն Ռուբինյան, ինչի՞ց եք նեղվել։ Գուցե ինչ-որ զարգացումներ են եղել, դրա համա՞ր եք նեղվել։ Մի դիրքորոշում է հստակ, որ կառավարության կողմից ԱԺ են բերվում հազար ու մի ոչ էական եւ ամեն շաբաթ փոփոխվող նախագծեր։ Կառավարությունն անելիք չունի այս երկրում եւ այդ մի բանը հստակ դիրքորոշում է։ Ժամանակը գալու է, ձեր կողմ քվեարկելու համար զղջալու եք»։
Ապա Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Մենք դիրքորոշում հայտնել ենք մի հարցում, որի հետ կապված որեւէ մեկդ համարձակություն չի ունեցել խոսելու․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ երբ դրա վերաբերյալ դիրքորոշում կասեք, ես կարծիք կհայտնեմ ձեր սնդիկ-փարթիների մասին։ Երկրորդ, ներողություն եմ խնդրում Արցախի քաղաքացիներից, որոնք ստիպված են նայել այս նապաստակ-նկարոցին։ Իսկ դուք նախ պարզեք ձեր կուսակցության վարչության ժամանակ ընտրակեղծարարություն անողներին, հետո անցեք մնացածին»։
Ապա Ալեն Սիմոնյանը Գեղամ Մանուկյանին հարցրեց՝ ձեզ ի՞նչն է խանգարում որպես պատգամավոր նախագծեր բերել․ «Կառավարությունը ՀՀ ժողովրդի ընտրածն է, եւ ես չեմ հասկանում, թե ձեր պես լուրջ քաղաքական գործիչն ի՞նչ գործ ունի նապաստակ-փարթիին»։
Հետո Ալեն Սիմոնյանը հրաժարվեց այլեւս պատգամավորին ձայն տալ վարման կարգով․ «Չէ, էլ չի լինելու․․․տենց»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ