Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած նոր՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, հայտնվել է 2023 թվականի ամենասպասված 15 գրքերի շարքում։ Ցանկը կազմել է հեղինակավոր Diplomatic Courier-ը` հարթակ, որտեղ քննարկվում են միջազգային հարաբերություններին, դիվանագիտությանը, տեխնոլոգիաներին, կլիմային, բիզնեսին առնչվող կարևորագույն հարցեր և ոլորտի հեռանկարները։
«The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, որը լույս կտեսնի 2023 թվականին, պատմում է այն մասին, թե ինչպես կարող են փոքր երկրներն իրենց հաստատուն ու վճռական դերակատարումն ունենալ միջազգային ասպարեզում։
«Ավելի փոքր չափերը թույլ են տալիս ունենալ արձագանքելու ավելի մեծ կարողություն, փորձարկումներ ու նորարարություններ անելու հնարավորություն, ինչպես նաև քաղաքական փոփոխությունները չափել շատ ավելի արագ, քան իրենց ավելի խոշոր գործընկերները։ Իհարկե, փոքր լինելն ունի նաև բացասական կողմեր, որոնցից «նավարկությունը» միջազգային հարթակներում վերջին տեղում չէ, հարթակներ, որոնք ստեղծված են ու գործում են ի շահ ավելի խոշոր երկրների։ Ասում են՝ Սարգսյանի գիրքը մասամբ հուշագրություն է և մասամբ՝ հարգանքի տուրք Հայաստանին, երկիր, որն առաջիկա տարիների պարտադիր այցելությունների իմ ցանկում է»,- գրքի մասին այսպես է գրում հոդվածի հեղինակ Ջոշուա Հումինսկին։
«The Small States Club» գրքի հրատարակիչ Hurst ընկերությունը գրքի մասին համառոտագրում նշում է, որ այն ավարտվում է Հայաստանի մասին պատումով. «Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն և համաշխարհային ազգ»:
Կարդացեք նաև
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ