Լրահոս
Օրվա լրահոսը

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ նույնիսկ այս պահանջների կատարումից հետո միջանցքը կբացվի կամ նույնպիսի խնդիր չի առաջանա, օրինակ՝ 1-2 ամիս հետո. Տիգրան Աբրահամյան

Հունվար 17,2023 12:03

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։

Ըստ այդ տրամաբանության, և՛ ՀՀ իշխանությունը, և՛ Ադրբեջանից եկող ազդակները ցույց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարավորություն կստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանության, առավել ևս՝ Ադրբեջանի ցանկությունները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկյունից։

Արդյո՞ք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարականն է և արդո՞ք նրա գնալով առկա և ուրվագծվող խնդիրները կլուծվեն։

Հիշեցնեմ, որ միջանցքը փակելուց հետո պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը կյանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշենի» հանքի շահագործումը, միջանցքի որևէ հատվածում ադրբեջանցի գործուղել, որը վերահսկողություն կիրականացնի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մեկ այլ պահանջ, որը շրջանառվում է, կապված է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրյա պատերազմից հետո, փոքր ծավալով, մի քանի փուլով իրականացվել է։

Այսինքն՝ միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, այդ թվում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ նույնիսկ այս պահանջների կատարումից հետո միջանցքը կբացվի՝ ոչ։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ եթե նույնիսկ ադրբեջանական պահանջները կատարվեն, միջանցքը բացվի, ապա նույնպիսի խնդիր չի առաջանա, օրինակ՝ 1-2 ամիս հետո։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլևս չի լինի։ Իհարկե, ոչ։

Ընտրությունն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում և դժվար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամեն դեպքում ստեղծված իրավիճակին պետք է նայել սթափ, մտածված, հաշվարկված, հակառակ դեպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կբացի, որից հետո դիմադրության ռեսուրս այլևս չի լինի։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկն արվել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունեին մտածելու, ծանր ու թեթև անելու և այդ ամենից հետո արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել հետին թվով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պետք է շուտ մտածեիք։

Գնացքը գնացել է, այլևս այլ իրավիճակ է և խնդիրների հնարավոր լուծումները պետք է դիտարկել առկա իրողությունների տրամաբանությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031