Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը մտադիր է առնվազն 2 տարով դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան. այս անգամ էլ նրանք անզեն կլինեն. «Ազատություն»

Հունվար 17,2023 11:22

«Ազատություն». Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար», – ասված է հանձնախմբի եզրակացության մեջ:

Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի`ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:

Բաքուն, ի տարբերություն նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ավելին, Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են:

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031