Պաշտոնական Բաքուն սահմանային սադրանքներից անցել է ավելի հիմնարար խախտումների, որոնք հետեւողականորեն հարվածում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Գործընթացների այս շղթան, ըստ էության, նշանակում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող այսօրվա դրությամբ միակ փաստաթղթի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության արժեզրկում, ինչն էլ իր հերթին նշանակում է իրավիճակի էսկալացիայի լուրջ վտանգների ստեղծում: Տարածաշրջանում կայունությամբ, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ շահագրգռված երկրներն ու կառույցներն ստեղծված իրադրությունում ուղղակի պարտադրված են խոսել, ինչը եւ նրանք արել են:
Կարծիքը, թե միջազգային կառույցներն այս իրավիճակում չունեն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու այլ գործիքակազմ, ճիշտ չէ: Փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում այդ կառույցները կարողանում են պարտադրող բանաձեւեր եւ գործողություններ կիրառել: Նույն ՄԱԿ-ը ոչ վաղ անցյալում բանաձեւեր է ընդունել Եվրոպայի կենտրոնում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ Բոսնիա-Հերցեգովինայի բնակիչների՝ իրենց պատմական բնակատեղիում ապրելու իրավունքն ապահովելու նպատակով: Իսկ Արցախի հարցում չի կարողանում մեկ հայտարարի գալ, քանի որ ներկայում դոմինանտ աշխարհաքաղաքական հակասություններն իրենց զգացնել են տալիս նաեւ աշխարհի թիվ մեկ կառույցի Անվտանգության խորհրդում:
Ո՞րն է այս դեպքում Արցախի Հանրապետության շրջափակման տարբերությունը վերեւում հիշատակված դեպքերից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչական, կուլիսային մեծածավալ համատեղ գործողություններ են իրականացնում՝ շրջանառելով այն կեղծիքը, թե իրականում Բերձորի ճանապարհը փակ չէ, եւ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա: Միջազգային կառույցները դրանք հալած յուղի տեղ չեն ընդունում, սակայն ստիպված են լինում զերծ մնալ Բաքվի նկատմամբ ավելի գործնական պարտադրանքի միջոցներ կիրառելուց:
Կարդացեք նաև
Հետեւաբար՝ այսօր առաջնային է արցախցու ձայնը, Արցախում ստեղծված հումանիտար աղետը համաշխարհային հանրությանը հասցնելը, ինչին պետք է ուղղվեն բոլոր ռեսուրսները: Արցախի շրջափակմանն սկսել են անդրադառնալ նաեւ համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ները, ինչն ադրբեջանական կեղծիքի դեմ լուրջ քայլ է: Աշխարհին պետք է հասցվի, որ Ադրբեջանը հետեւողական քայլեր է անում իր պատմական բնօրրանում 150 հազար արցախցու ապրելն անհնարին դարձնելու համար՝ ոչ միայն փակելով ճանապարհը, այլեւ պարբերաբար ընդհատելով գազատարի, էլեկտրամատակարարման բարձրավոլտ լարերի եւ հաղորդակցության մյուս ուղիների աշխատանքները: Այսօր հայ ժողովրդի եւ բարեկամ պետությունների խնդիրն է թույլ չտալ, որ ադրբեջանական կեղծիքը որոշիչ լինի համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու հարցում, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ոչ միայն արցախցիների, այլեւ ողջ աշխարհի համար, քանի որ արցախցին այսօր պայքարում է համաշխարհային իրավունքի հիմնարար նորմերի պահպանման համար:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: