Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովն, ընդհանուր առմամբ, մեղադրում է ռուսական կողմին՝ ադրբեջանական վայրագ քաղաքականության վրա աչք փակելու համար, տեսնում է ռուսական կողմի որոշակի պատասխանատվություն, սակայն կարծում է, որ ինչքան ավելի շուտ Հայաստանը փոխի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, այնքան արագ կկարգավորի իր հարցերը։
– Տեղեկություններ ենք ստանում, որ խաղաղապահները որոշ քանակի մթերք են տանում, օրինակ, հիվանդանոցներ, ինչ-որ հումանիտար քայլեր են անում։ Այդ հարցում կա՞ ինչ-որ կարգավորում, կամ ադրբեջանցիների հետ համաձայնեցում, թե՞ միանվագ քայլեր են, զուտ կամավոր հիմքերով։
– Դուք կարծում եք, որ Ռուսաստանը պետք է մթերք հասցնելու պարտավորություն վերցնի, իսկ Հայաստանը՝ ո՞չ։ Ես չեմ արձանագրում, թե ինչ զանգեր են ստանում խաղաղապահները ու ինչ պաշտոնական ցուցումներ։ Բայց եթե խաղաղապահները դա անում են, ուրեմն, պետք է դա գնահատել։ Չէ՞ որ նրանք, ի վերջո, կատարում են իրենց առաքելությունը՝ երկու հակամարտող կողմերի արանքում հայտնվելով, ու այդ թվում՝ հումանիտար առաքելությունը։ Իսկ ի՞նչ է արել Հայաստանի վարչապետը Ղարաբաղում կյանքը թեթեւացնելու համար։ Քաղաքական ինտրիգնե՞ր է սարքում։
– Գալով քաղաքական ինտրիգներին, Ռուբեն Վարդանյանի մասին․ մեզ մոտ ոմանք համոզված են, որ նա Ռուսաստանի մարդն է, մյուսները՝ Արեւմուտքի։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Վարդանյանին, որպես Ղարաբաղի մասին հայտնի գրքի հեղինակ։ Նա իրո՞ք ռուսամետ գործիչ է եւ Ռուսաստանի դրածոն։
Կարդացեք նաև
– Այն, որ Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Ղարաբաղում, պետնախարարի պաշտոնում, պատմական օրինաչափություն է, ավանդույթ մեծ հայերի, որոնք ինչ կոչում կամ հարստություն էլ ունենան, միշտ գնացել են Ղարաբաղ՝ օգնելու պատմական հայրենիքին… Իմ գրքում ես նկարագրել եմ պատկառելի տարիքում գտնվող մի բժշկի, որին պատահաբար հանդիպել եմ Ստեփանակերտի ռեգիոնալ ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նա գիտությունների դոկտոր էր ու Ռուսաստանից գնացել էր Ստեփանակերտ, հայրենի քաղաք՝ այնտեղ իր օրերն ավարտելու համար, ու հասարակ ինֆեկցիոնիստ էր աշխատում։ Վարդանյանը նախեւառաջ այդ տեսակին է պատկանում։ Ինչո՞ւ կեղտ փնտրել այնտեղ, որտեղ չկա։ Մարդն ամենածանր պահին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից ու եկել է հայրենիք, որի ճակատագիրը որոշված չէ, բայց ինքն իր ճակատագիրը որոշել է՝ գնալով այնտեղ, ու հիմա դուք ընկել եք մտքերի մեջ՝ լրտես է, լրտես չէ։ Եթե նույնիսկ նա Ռուսաստանի լրտեսն է, ի՞նչ վատ բան կա դրանում։ Ո՞ւմ շահերից է գործում Ռուսաստանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուսաստանի լրտես լինելը աշխարհի ամենալավ բանն է։