Լրահոս
Օրվա լրահոսը

Այծի պարը կամրջին է բռնում

Հունվար 17,2023 10:00

Հավանաբար, Արցախում «ներքաղաքական» դաշտում հարաբերություններ պարզելու համար ավելի անհաջող ժամանակ դժվար կլինի գտնել, քան այսօրվա իրավիճակն է: 120 հազար մարդ կյանքի եւ մահու կռիվ է մղում, սոցիալական, կենցաղային խնդիրները գնալով ահագնանում են, եւ այս վիճակում Արցախի վերնախավի մի մասը կարծես թե որոշել էր, որ հենց հիմա՛ է ներքաղաքական կրքերը բորբոքելու ժամանակը: Եթե այդ գործընթացը շարունակվեր, ապա պատմության մեջ սա, թերեւս, եզակի դեպք կլիներ, երբ պաշարված տարածքում մարդիկ պայքարում էին իշխանության համար: Թերեւս, նման բան կարելի է հանդիպել Շեքսպիրի «Տրոիլուսը եւ Կրեսիդան» տրագիկոմեդիայում, երբ շրջափակված Տրոյայում ամենանեղ պահին արթնանում են մարդկանց ամբիցիաները: Կամ՝ ավելի պարզ, ժողովրդական լեզվով ասած, այծի պարը կամրջին է բռնում:

Այնուամենայնիվ, հիշեցնեմ, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները: Շաբաթ օրն առավոտյան Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, իսկ այնուհետեւ՝ մի շարք այլ քաղաքական գործիչներ հայտարարեցին արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հնարավորության մասին: Ինձ թույլ կտամ ենթադրելու, որ այդ գաղափարը նրանց հուշել են Երեւանից: Ապա մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ է արվելու: Հիշեցնեմ, որ Վարդանյանի ներկայությունն Արցախում գրգռում է Ադրբեջանի ղեկավարությանը, ինչի մասին բազմիցս խոսել են այդ երկրի նախագահը եւ արտգործնախարարը՝ նշելով որ նա խանգարում է Ադրբեջանի եւ Արցախի «ռեինտեգրացիային»: Հայաստանում նույնպես իշխանության պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզիչները, ինչպես նաեւ մի շարք ընդդիմադիր խմբեր, թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին՝ հաճախ նաեւ դավադրապաշտական ֆանտաստիկ առասպելներ հորինելով:

Բայց այս պարագայում, կարծում եմ, պետք է մտածել ոչ թե անձերի, այլ Արցախի շահերի մասին: Եվ, ի պատիվ Արցախի ղեկավարների, ողջախոհությունը, համենայնդեպս այս պահին, հաղթել է: Ինձ թվում է, որ կրքերը վերջնականապես հանդարտեցնելու նպատակով նախագահ Արայիկ Հարությունյանը պետք հայտարարի, որ հրաժարական չի տա եւ արմատական կադրային փոփոխություններ եւ արտահերթ ընտրություններ չի նախատեսում:

Մի հարց, այնուամենայնիվ, պետք է ճշտվի: Արդյոք Արցախի իշխանությունների նպատա՞կն է գործադրել եւ ամրացնել ինքնուրույն կառավարման վարչական համակարգը: Թե՞ նպատակը Ադրբեջանի հետ «ռեինտեգրացիան» է, ինչպես որ դա ցանկանում է Ադրբեջանի իշխանությունը: Երկրորդ ճանապարհն, իմ կարծիքով, 100 տոկոսով տանում է Արցախի հայաթափման: Եթե ընտրվում է ինքնիշխանությունը՝ ապա Արցախը հայկական պահելու շանս դեռեւս կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Grigori says:

    《նշելով որ նա խանգարում է Հայաստանի եւ Արցախի «ռեինտեգրացիային»》հատվածում հավանաբար վրիպակ է` 《Հայաստանի》փոխարեն 《Ադրբեջան》 պետք է լիներ։

  2. Հայ says:

    Որպեսզի էշի, էծի, կամ ուղտի (տարբեր ձևակերպումներ կան,նույն ասացվածքի) խաղը կամրջին չբռնի, ճանապարհ պետք է ընկնել ավելի կանխատեսելի և ժամանակակից տրանսպորտային միջոցով

  3. Blog_H says:

    վերջապէս, մէկը յստակօրէն բացատրեց, թէ ինչ է կատարւում

    մնացեալները բոլորը խօսում են մթին հանելուկներով… իրենք իրենց պղպջակին մէջ… ինչ որ անտանելի է, յատկապէս այժմու սուր եւ երկարատեւ – ազգային եւ մարդասիրական – ճգնաժամին մէջ

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Թե՞ նպատակը Ադրբեջանի հետ «ռեինտեգրացիան» է, ինչպես որ դա ցանկանում է Ադրբեջանի իշխանությունը:”

    Հավաստի աղբյուրը խնդրում է ուղղել եւս մի վրիպակ նույն պարբերության մեջ. «Ադրբեջանի իշխանությունը» պետք է փոխարինել «Հայաստանի իշխանությունը» բառակապակցությամբ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031